Բաժիններ՝

Մարմաշենում առաջնային է գյուղտեխնիկայի բացակայության խնդիրը

Մարմաշեն գյուղը գտնվում է Գյումրիի տարածաշրջանում, մարզկենտրոնից մոտ 7 կիլոմետր հեռավորության վրա: Գյուղը նախկինում կոչել են Գանլըջա, Գալինջա, Ղալանջա, Ղանլաչա և այլն, սակայն Մարմաշեն է վերանվանվել 1946 թվականից: Գյուղի կողքով անցնում է Գյումրի-Աշոցք ավտոխճուղին:

Մարմաշենը գտնվում է Ախուրյան գետի հովտում: Կլիմայական պայմաններն էլ հիմնականում այնպիսին են, ինչպիսին հանրապետության ողջ հյուսիսային հատվածը՝ տևական ձմեռներով և հաստատուն ձյունածածկույթով: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ համայնքը 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 1769 մարդ: Գյուղն ունի գործող միջնակարգ և երաժշտական դպրոցներ, մշակույթի տուն, մանկապարտեզ, գրադարան, ինչպես նաև բուժկետ:  Գյուղում ապրուստի հիմնական միջոցը հայթայթում են երկրագործության, անասնապահության, այգեգործության միջոցով: Զբաղվում են նաև  հացահատիկի մշակմամբ: Խորհրդային տարիներին գյուղը զբաղվել է նաև շաքարի ճակնդեղի մշակմամբ: Մարմաշեն գյուղից մոտ երկու  կիլոմետր հյուսիս-արևմուտքում գտնվում է Մարմաշենի միջնադարյան ճանաչված վանքը և իր շրջակա երեք եկեղեցիները:

Marmashen3

Marmashen22

Գյուղի բնակիչների հետ զրույցում առաջին խնդիրը, որը նշեցին նրանք, զարմանալի է, բայց արտագաղթը չէր: Գյուղացիները պատրաստակամ են աշխատել և իրենց ապրուստը վաստակել, սակայն դրա համար հարկավոր է համապատասխան գյուղտեխնիկա, ինչը բացակայում է. «Տեխնիկայի մի մասը կողքի գյուղերից ենք բերում, տեխնիկայի խնդիրն առաջնային կարևորություն ունի մեզ համար, բայց էդ հարցին ուշադրություն դարձնող չկա»: Այն հարցին, թե արդյո՞ք նման խնդիրներից խուսափելու համար հնարավոր չէ գնել տեխնիկան, գյուղացիները պատասխանեցին, որ տեխնիկայի պահանջարկ, բնականաբար, կա, սակայն գներն էլ պակասը չեն. «Ուզել ենք գնել, ո՞վ չէր ուզենա: Վաճառքն աճուրդով է եղել, ու գներն էլ ձեռնտու չեն եղել»:

Բնակիչները նշեցին նաև այն խնդիրները, որոնք առաջանում են տեխնիկա չունենալու պատճառով. «Պատկերացրեք, մինչ գնում կողքի գյուղից տեխնիկա ենք բերում, բերքի մեծ մասն արդեն անպիտան է դառնում»: Տրանսպորտի հետ կապված ևս խնդիրներ կան: Ասում են. «Մի քանի գյուղի համար միացյալ մի տրանսպորտ է գալիս-գնում»: Ոռոգման խնդիրը ևս նշվեց՝ որպես առաջնային խնդիր. «Մեկ հեկտար ոռոգելու համար պետք է 32 000 դրամ, որտեղի՞ց տանք: Մեծ մասը մնացել են անձրևի բարեհաճությանը, դրա հույսին ենք»: Գյուղացիները նշում են, որ խորհրդային տարիներին գյուղն անհամեմատ ավելի լավ վիճակում է եղել, քան հիմա. «Գյուղացին մեղք է էսօր, գոնե գյուղմթերքների իրացման մասին պետությունը մտածեր, մենք էլ մեր հերթին՝ մտածեինք արտադրության մասին»:

Գյումրի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս