Ի՞նչ գրքեր են նախընտրում աբովյանցիները
Տեղեկատվական գերհագեցած այս ժամանակաշրջանում թեև ընթերցանությունը մղվել է հետին պլան, բարեբախտաբար, տեղեկատվական տեխնոլոգիաներով առաջնորդվող աշխարհում գրքերի հանդեպ հետաքրքրությունն ամբողջովին չի մարել: Ամենաընթերցասեր երկիրը համարվում է Հնդկաստանը, ուր անձը շաբաթական կարդում է 10,7 ժամ, իսկ ահա Բրազիլիան ընդունեց օրենք, ըստ որի՝ դատապարտվածները յուրաքանչյուր 1 ընթերցած գրքի դիմաց 4 օրով կրճատում են սահմանված պատիժը:
Հատկապես նոր սերունդն առավել կախվածություն ունի համակարգչից: Գրքի հանդեպ անտարբերությունը նոր ժամանակների «հիվանդություն» է համարվում: Մարզերում այս խնդիրն առավել ակնառու է:
Մասնագիտությամբ մանկավարժ Աիդա Ղալումյանը շուրջ 34 տարի ղեկավարում է Աբովյանի գրախանութը: 168.am-ի հետ զրույցում նա ասաց, որ գրքի, գրականության հանդեպ հետաքրքրությունը մարել է: Դպրոցականները միայն պարտադիր ծրագրով անցնող գրքերն են ուզում և ո՛չ ավելին: Իսկ ծնողները դժգոհում են գրքերի ու տետրերի վրա ծախսվող գումարի չափից: «Խորհրդային ժամանակներում մեր գրախանութի ապակիները մի քանի անգամ կոտրել են, ահռելի հերթեր էին գոյանում, մարդիկ գրքասեր էին: Իսկ պաշտոնով մարդիկ ծածուկ մոտենում ու հայտնում էին տան կահույքի գույնը, որ այդ գույնի գրքեր տանեն: Ժամանակին, քանի որ ռայկոմի քարտուղարը կարդացող էր, նրա ամբողջ աշխատակազմը գիրք էր կարդում: Սրանից կարելի է հետևություն անել. եթե հանրապետության ղեկավարը գրքասեր լիներ, ղեկավարության անդամներն էլ, ժողովուրդն էլ գիրքը կսիրեր»,- ասում է տիկին Աիդան:
Գրախանութի տիրուհին նշեց նաև, որ գրքի հանդեպ սեր ունի հատկապես մատաղ սերունդը: Մանկապարտեզից տուն վերադառնալիս ստիպում են ծնողներին, որ գրախանութ մտնեն, անգամ Ձմեռ պապիկին ուղղված նամակում երեխաները որպես նվեր՝ Թումանյանի, Աղայանի գրքերն են խնդրում:
Չափահաս մարդիկ հետաքրքրվում են հոգեբանությամբ, սիրավեպերով, պատմավեպերով: Տիկին Աիդան նշեց, որ ունեն այցելուներ, ովքեր ժամերով գալիս կանգնում ու տեղում են կարդում գրքերը:
Տիկին Աիդայի խոսքով՝ 90-ական թվականներին ոչ մի այցելու չեն ունեցել, բայց գրախանութը մեկ օր անգամ չեն փակել: Իսկ հիմա Հայաստանից արտագաղթող մարդիկ տան ողջ գրականությունը բերում-թողնում են գրախանութում: Տիկին Աիդան մտահոգություն հայտնեց, որ երիտասարդները ծուլանում են կարդալ անգամ այն գրականությունը, ինչ կրթական ծրագրերով պարտավոր են կարդալ: «Ունենք «Վարդանանքի» սեղմավեպը: 50 էջանոց գիրքն են կարդում, որ ընդունվեն համալսարան: Սա լուրջ խնդիր է»,- ասում է նա ու ավելացնում, թե ցանկանում է, որ ոչ թե վաճառեն Պաուլո Կոելյոյի «11 րոպե» վեպն ու նմանատիպ գրականություն, այլ պատմավեպերը, գիտահանրամատչելի գրականությունը: