Բաժիններ՝

«Պետք է ապրել այնպես, որպեսզի չփչացնես մահախոսականիդ տեքստը»

Երկրի նախագահի և «ստեղծագործական ինտելիգենցիայի» հարաբերությունները մեր երկրում հստակ են. իշխանությունը ստեղծագործող մարդկանց վերաբերվում է որպես սպասարկող անձնակազմի: Ավելի լավ, քան կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը, այդ հարաբերությունները թերևս ոչ ոք չի նկարագրել. «Մշակութային գործիչները մշտապես զգում են պետության ուշադրությունն իրենց հանդեպ»:

Հետևաբար, լրիվ տրամաբանական է, երբ ինչ-որ բան ստեղծագործող մտավորականության սրտով չէ, անհրաժեշտություն է առաջանում դիմել` ուր հարկն է:

Պարզ խոսենք` Բաղրամյան 26: Մտավորականությունը նախընտրում է նամակը` որպես շփման մտերմիկ ու չպարտավորեցնող միջոց: Նամակի տակ իրենց ինքնագրերն են դնում բոլոր նրանք, ովքեր վստահ են` նամակը ստանալուն պես նախագահն անհամբերությամբ ձեռքով կպատռի ծրարը, պատկառանքի ժպիտը` շուրթերին, կընթերցի հարգարժան ստորագրություններով հարուստ այդ գրությունը:

Հիմա էլ դարձյալ պաշտոնական գերատեսչությունների էլեկտրոնային փոստով շրջանառության մեջ է դրվել մտավորականների` երկրորդ թարմության մի նամակը (այն գրվել է մոտ մեկ տարի առաջ): Նամակի բովանդակությունը նույնն է` նախ` «բարևագիր, կարոտագիր, նամակագիր»: Հետո սկսվում է բուն ասելիքը. այս դեպքում` «մեծարգո նախագահի» դատին է հանձնվում երկրի օրհներգի, դրոշի, զինանշանի սրբագրման գործը:

Դեռևս անցյալ տարի Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը և «մի շարք մտավորականներ» ներկայացրել էին այն հիմնավորումները, որոնք օդի և ջրի պես անհրաժեշտ են դարձնում պետական խորհրդանիշների փոփոխությունը: Ըստ այդմ` գերբի վրա կարծես Արարատն է, իսկ այն, ինչ Արարատի վրա է` ոչ թե Նոյյան տապանն է, այլ ինչ-որ անհասկանալի մակույկ: Գերբի վերին մասի երկգլխանի թռչունն էլ ոչ այն է` արծիվ է, ոչ այն է` աղավնի: Եթե, այդուհանդերձ, արծիվ է, ապա ո՞ւր են նրա մագիլները: Գերբի գլխավոր կերպարը` առյուծը, անառողջ տեսք ունի, քանի որ զրկված է բաշից: Այլ կերպ ասած` ճաղատ է (անասնաբույժները գիտեն` նոսր, գրեթե բացակայող բաշը հատուկ է զառամյալ, հիվանդ առյուծներին): Կարճ ասած` պատկերված առյուծն էլ առյուծի նման չէ, այլ «ծիծաղաշարժ ինչ-որ կերպար է»:

Սակայն մեր պետական խորհրդանիշներից սա միակ անհաջողը չէ: Երկրի նախագահին գրված նամակում բարձրացված է նաև հիմնի հարցը: «Ճիշտ ենք համարում հրաժարվել Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» տեքստից և անհաջող երաժշտությունից: Դրանք արհեստականորեն հարմարեցված են միմյանց, ուստի և չեն հիշվում, չեն երգվում և չեն ոգևորում»:

Առաջարկվում է որպես հիմնի երաժշտություն վերցնել հանճարեղ Արամ Խաչատրյանի հայտնի հիմնի երաժշտությունը` այլ խոսքերով: Առհասարակ, հիմնի մեջ «մահ», «զոհվել» և «արտասուքով լվացի» արտահայտությունները չափազանց երկիմաստ են հնչումգ Բայց, ամենակարևորը, մեր օրհներգի երաժշտությունը Ալեքսանդր Գլազունովի «Ռայմոնդա» բալետից է:
Ագյ այստեղ մտավորականները վրիպել են. չափազանց քչերը գիտեին, որ հիմնի մեղեդին ռուս կոմպոզիտորի բալետից է: Եթե մինչ այդ հնարավոր էր հիմնը վերանայել, ապա այժմ, երբ այդ ինֆորմացիան դարձավ նաև հանրապետության նախագահի սեփականությունը, հիմնի երաժշտությունը փոխելը բացառվում է: Այն ուղղակի կընկալվի որպես հայ և ռուս ժողովուրդների անխախտ բարեկամությանն ուղղված դավադիր փամփուշտ:

Նամակում առաջարկվում է դրոշի վրա դրոշմել խաչ, քանի որ, գիտեք, Հայաստանն առաջինն է քրիստոնեությունն ընդունել որպես պետական կրոն: Անհրաժեշտ սրբագրում է` խաչը պատկերել նաև դրոշին, քանի որ տեսնելով, թե ինչպես են խաչակնքում մեր երկրի առաջին դեմքերն ու օլիգարխները` ձեռքը ճակատից իջեցնելով մինչև որովայնի ստորին հատված, ապա տանելով մկանուտ աջ ու ձախ բազուկներին, մեր քրիստոնեական կողմնորոշման մասին քչերը գլխի կընկնեին: Եվս փոքրիկ, բայց կարևոր մանրուք` դրոշի գույներից վերջինը` «նարնջագույնը», արտասանել այսպես` «ծիրանագույն»:

Նամակագիրներն իրենց շտապողականությունը` արագ և լրջությամբ զբաղվել նշված խնդիրներով, բարեխղճորեն հիմնավորել են. առջևում Ցեղասպանության 100-ամյա տարելիցն է: Եվ սրանք այն անհրաժեշտ քայլերն են, որոնք այդ կարևոր իրադարձությունից առաջ հրատապ լուծում են պահանջում:

Այն նախանձելի մանրակրկիտությունը, որով մեր մտավորականներն ուսումնասիրել են գերբի ոչ այն է` արծվի, ոչ այն է` աղավնու, մագիլները և պարզել, որ դրանք, այնուամենայնիվ, չկան, այն հետևողականությունը, որով հայտնաբերվել ու հանրության դատին է ներկայացվել գերբի առյուծի ճաղատությունը, միայն ուրախացնում է: Նույնիսկ զվարթացնում: Սա վկայում է, որ մեր մտավորականության աչքից չի վրիպում (կամ չպիտի որ վրիպի) այն ոչ ֆրագմենտալ, այլ համակարգային, մեծ դեֆորմացիան, որ կա մեր կյանքում:

Սակայն այս` գուցե կարևոր, սակայն, խոշոր հաշվով, հասարակական կյանքի վրա որևէ ազդեցություն չունեցող դետալներին (մագիլ, փարթամ բաշ, մակույկ, ձյունածածկ Մասիս` շողացող արևով և բարդիներով) հառելով եղած ողջ էներգիան և ուշադրությունը, մտավորականները տանուլ են տալիս ավելի խոշոր բան` սեփական հեղինակությունը: Հակված ենք կարծելու, որ մտավորականը այցեքարտում արված նշում չէ: Լինել մտավորական` նշանակում է ընդունել սոցիալական վարքագծի որոշակի կանոններ` հարգանք մարդու հանդեպ, պատասխանատվություն հասարակության առաջ և լուրջ հեռավորություն իշխանություններից:

Զրուցում ես մտավորականների հետ, և նրանք թափ են տալիս ձեռքը` ի՞նչ եք ուզում մեզնից, մենք անզոր ենք, այլ ելք չունենք:

Երբ մտավորականն ասում է` դատապարտված ենք, սա ոչ թե անզորություն է, այլ շատ սթափ հաշվարկ: 37 թիվը չէ. մտավորականներին հոգեբուժարաններ, աքսոր չի սպառնում: Նրանք ունեն ընտրություն` ամեն ձևով իրենց անհամաձայնությունն ու անհնազանդությունը հայտնել իշխանություններին կամ ձևանալ դատապարտված, անզոր և ընդգրկվել Երևանի ավագանու` ոչ այնքան պատվանի կազմում: Կամ նամակներ գրել «հարգարժան, մեծարգո պարոն նախագահ Սերժ Սարգսյանին»:

Հ.Գ. Ցավոք չեմ հիշում այս խոսքերի հեղինակին, սակայն դիպուկ է. «Պետք է ապրել այնպես, որ չփչացնես մահախոսականիդ տեքստը»:

«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս