Տորֆավան գյուղի 85 աշակերտ ամեն օր 500 մետր ճանապարհ են անցնում՝ հարևան գյուղի դպրոց գնալու համար
Գեղարքունիքի մարզի Տորֆավան համայնքը դպրոց չունի: Ըստ պաշտոնական տվյալների՝ գյուղում 85 աշակերտ կա, որոնք, սակայն, հաճախում են հարևան Վանևանի և մասամբ նաև Լուսակունք գյուղի միջնակարգ դպրոցներ: Գյուղապետի հետ կապ հաստատել մեզ այդպես էլ չհաջողվեց, քանի որ գյուղապետի՝ մարզպետարանի կայքէջում նշված բջջային հեռախոսահամարը սխալ էր, իսկ քաղաքայինը արդեն մի քանի օր է՝ չի պատասխանում:
168.am-ի թղթակցի հետ զրույցում Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանն ասաց, որ դպրոց կառուցելու ծրագիր այս պահին չկա.
«Քանի որ աշակերտները նորմալ հաճախում են հարևան գյուղի դպրոց»,-մեկնաբանեց վարչության պետը: Այն հարցին, թե արդյոք հարևան գյուղի դպրոց հաճախելը դժվարություններ չի՞ առաջացնում աշակերտների շրջանում, վարչության պետը նշեց. «Ոչ, ինչ որ չեն դժգոհել… հեռու չի, Վանևանը կպած ա Տորֆավանին, 500 մետր ա հեռու…ի՞նչ դժգոհություն պետք է լինի»,-եզրափակեց վարչության պետը: