«Եթե ես իմ բուժհիմնարկում բուժքրոջը ասեմ, որ սուրճ կամ թեյ եմ ուզում, ինձ հիվանդանոցից ուղղակի դուրս կանեն»

Գլխուղեղի կաթվածը ամենավտանգավոր հիվանդություններից մեկն է, որը հանգեցնում է հաշմանդամության և մահացության: Ցավոք, Հայաստանում վերջին շրջանում շատացել են գլխուղեղի կաթվածի դեպքերը: Առողջապահության նախարարության տվյալների համաձայն` մեր երկրում տարեկան գրանցվում է գլխուղեղի կաթվածի 5500 դեպք: Նրանց մի մասի կյանքն այդպես էլ փրկել չի հաջողվում, իսկ մնացածը ձեռք են բերում առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն:

Մեր երկրի համար այս կարևորագույն խնդրին էր վերաբերում սեպտեմբերի 18-19-ը Երևանի պետական բժշկական համալսարանում ընթացող «Կաթված 2013» գիտաժողովը, որտեղ տարբեր երկրներից ժամանած պրոֆեսիոնալները խոսում էին այս հիվանդության բուժման ժամանակակից մեթոդների և հատկապես ժամանակակից բժշկագիտությանը համընթաց քայլելու կարևորության ու դրա համահունչ անհրաժեշտ քայլերի մասին:

Տարբեր բժիշկներ իրենց ելույթներում նշում էին, որ անհրաժեշտ է բժշկին դիմելու մշակույթ ձևավորել և հարկավոր է բարձրացնել տեղեկացվածության մակարդակը՝ հետագայում ավելի ծանր հետևանքներից խուսափելու համար: Կարևորվեց նաև բուժանձնակազմի թիմային աշխատանքը և բուժքույրերի պատասխանատվության բարձրացման հարցը։ Այսպես, Ալբերտայի (Կանադա) համալսարանի նյարդաբանության ամբիոնի դոցենտ Միշել Սքոն Մուրաթօղլուն 168.am-ի հետ զրույցում ասաց. «Հայաստանում բժիշկներին լավ չեն դաստիարակել, եթե օրինակ ես իմ բուժհիմնարկում բուժքրոջը ասեմ, որ սուրճ կամ թեյ եմ ուզում, ինձ հիվանդանոցից ուղղակի դուրս կանեն»։ Նա նշեց, սակայն, որ Հայաստանում նման բան շատ է նկատել, երբ բուժքույրը բժշկին սուրճ կամ թեյ է մատուցում:

Ըստ մեր զրուցակցի` Հայաստանում բուժքույրերի վրա մեծ պատասխանատվություն չեն դնում, մինչդեռ, օրինակ` ինքն իր բուժքրոջը շատ լավ է վստահում, մեծ տեղ է տալիս նրա վերահսկողությանը հիվանդի նկատմամբ և հիվանդի վիճակի վերաբերյալ բուժքրոջ նկատած յուրաքանչյուր փոփոխություն շատ կարևոր նշանակություն ունի իր համար:

«Ձեր բուժքույրերը շատ կարևոր են: Այստեղ անպայման պետք է հիշել ոչ միայն նրանց, այլև հիվանդանոցում աշխատող յուրաքանչյուրի աշխատանքի կարևորության մասին, քանի որ սա թիմային աշխատանք է, և միայն բժիշկը չի կարող ամեն ինչ մենակ անել»,- ասաց մեր զրուցակիցը` նշելով, որ համագործակցություն ասված գաղափարը Հայաստանում, ցավոք, պակասում է:

«Երբ բժիշկն ասի , որ ինքն ամեն բան գիտի, հենց այդ ժամանակ նա կարող է գործել իր ամենամեծ սխալը»,- ասաց  մեր զրուցակիցը:  Նա նշեց նաև, որ Հայաստանն այն երկրների շարքում է, որտեղ մեծ է կաթվածի հավանականությունը, այն կանխելու համար դեռ  շատ գործ կա անելու: Բացի այդ, նրա ներկայացրած վիճակագրության համաձայն,ամենաշատ կաթված ստացողները Ռուսաստանի, Ուկրաինայի, Հայաստանի բնակիչներն են, իսկ ցածր տվյալներով աչքի են ընկնում Կանադան, Ֆրանսիան և այլ երկրներ:

Թեմայի վերաբերյալ ամբողջական հրապարակումը կարող եք կարդալ «168 ժամ» թերթի առաջիկա համարում

Տեսանյութեր

Լրահոս