Բաժիններ՝

Իէն Գիլանի մասնակցությամբ վաղը կբացվի Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցը (տեսանյութ)

Վաղը Գյումրիում՝ աշխարհահռչակ Deep Purple խմբի մեներգիչ Իէն Գիլանի մասնակցությամբ կբացվի թիվ 6 երաժշտական դպրոցը, որի բացումով ավարտին է մոտենում Rock Aid Armenia նախագիծը:

«Այս նախագիծն ինձ համար անձնավորված և խորհրդանշական էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Գիլանը՝ վերհիշելով, որ երբ 1990թ-ին այցելել է աղետի գոտի, ականատես եղել երկրաշարժի ավերածություններին, այնտեղ մարդիկ մոլորված տեսք ունեին, երկրաշարժից 1 տարի անց անգամ քաղաքում երաժշտություն չէր հնչում, անգամ թռչունները չէին երգում:

Do Something կազմակերպության գործադիր տնօրեն, Rock Aid Armenia նախագծի հեղինակ Ջոն Դին գոհունակություն հայտնեց, որ կարողացան ինչ-որ նշանակալի բան տալ Գյումրիին. «24 տարի անց մենք վաղը մասնակցելու ենք դպրոցի մեկնարկին: Հատուկ զգացում է, որ ամբողջ թիմով կարողացել ենք նման նախագիծ մեկնարկել և որ նման տխուր բանից նման դրական արդյունք է ստացվել»:

 Հիշեցնենք, որ 1988թ. Սպիտակի երկրաշարժից մի քանի ամիս անց 24-ամյա Ջոն Դին Լոնդոնում նախաձեռնեց Rock Aid Armenia նախագիծը: Բրիտանացի ռոք-աստղերը ձայնագրեցին Deep Purple-ի Smoke on the Water երգը և օգնեցին թողարկել հատուկ սկավառակ, որի վաճառքից գոյացած հասույթը տրամադրվեց Հայաստանին:
2009 թ-ին Մեդիամաքսն ու Do Something-ը իրականացրեցին Armenia Grateful 2 Rock / Rock Aid Armenia նախագիծը: Դրա գլխավոր հովանավոր դարձավ «ՀայՌուսգազարդ» ընկերությունը: 2010թ. Իէն Գիլանը և Թոնի Այոմին հիմնեցին WhoCares ժամանակավոր սուպեր-խումբը` Գյումրիի դպրոցի համար միջոցներ հավաքագրելու նպատակով: 2011թ. մայիսին Edel Music-ը թողարկեց WhoCares-ի առաջին սինգլը երկու նոր երգերով` Out of My Mind և Holy Water:  2012 թ. հուլիսին Edel Music-ը թողարկեց WhoCares-ի ալբոմը, որտեղ ներկայացված է Իէն Գիլանի և Թոնի Այոմիի նախկինում չթողարկված և հազվագյուտ երգերի հավաքածուն: Իէն Գիլանը և Թոնի Այոմին դպրոցին փոխանցեցին 15 հզ. ԱՄՆ դոլար` որպես կանխավճար: 2012թ . ամռանը ՀՕՖ-ը Մարդիգյան ընտանիքի հիմնադրամին ներկայացրեց իրականացված ջանքերը, և հիմնադրամը եռապատկեց մինչ այդ հավաքված գումարը՝ տրամադրելով շուրջ 350 հազար դոլար:

 Կանադայում երաժշտական գործիքների խանութի սեփականատեր Թիմ Իրվինգը 2 տարի առաջ 21 հազար դոլար արժողությամբ երաժշտական գործիքներ է նվիրաբերել դպրոցին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս