Ոստիկանությունը փորձում է շեղել հանցագործների հետքը
Ակտիվ քաղաքացիների վրա կատարված ահաբեկչական հարձակումներից հետո հանրությունը մատնացույց արեց, որ ՀՀ ոստիկանությունը չի ցանկանում բացահայտել այդ դեպքերը և ըստ էության հովանավորում է հանցագործներին: Եվ ահա սեպտեմբերի 16-ին ոստիկանությունը հայտարարություն է տարածել իբր բացահայտման մասին:
Իրականում այդ հայտարարությունն ապացուցում է, որ փորձ է արվում շեղել իրական հանցագործների հետքը: Այս խայտառակ ոչ պրոֆեսիոնալիզմի և տոտալիտար մեթոդների մասին են վկայում հետևյալ փաստերը.
1. Ոստիկանությունը ակնհայտորեն կամայական փորձ է կատարել միմյանց հետ կապել ոչ մի տրամաբանական կապ չունեցող երկու դեպքեր: Այսպես, Հյուսիսային պողոտայում ցերեկը տեղի ունեցած վիճաբանությունը և քաշքշուկը ոչ մի կապ չունի կազմակերպված հանցավոր բանդայի կողմից մթության քողի տակ կատարվող հետապնդումների և հարձակումների հետ:
2. Հայտարարության մեջ նշված հաջորդ դեպքի՝ Միհրան Մարգարյանի և Բաբկեն Տեր-Գրիգորյանի վրա հարձակման հետ կապված ոստիկանությունը նշել է, որ «բաժին են ներկայացվել ու ծեծի ենթարկելու և վնասվածքներ պատճառելու մասին խոստովանական ցուցմունքներ տվել Երևանի բնակիչներ՝ 1988 թ. ծնված Ս. Բաբայանը և 1974 թ. ծնված Ս. Փուրտոյանը»: Օբյեկտիվ հարցեր են առաջանում, թե տեսախցիկների նյութերը դիտելուց հետո ինչո՞ւ են բացահայտվել միայն երկու անձինք, այլ ոչ բոլորը, բացի այդ, ինչ է նշանակում «բաժին են ներկայացվել» (բերվել են, թե ինքնակամ ներկայացել են) և վերջապես ամեն ինչ կհստակեցվի, երբ պարզ կդառնա, թե արդյոք հիմնավոր են շարժառիթները:
3. Հայտարարությունից պարզ է դառնում, որ մյուս երկու դեպքերի հետ կապված ընդհանրապես որևէ բացահայտում չկա՝ չնայած տեսախցիկների արձանագրմանը:
Ոստիկանության այս մոտեցումը հիմք է տալիս ենթադրելու, որ ավազակախմբերի հարձակումներն իսկապես քաղաքական բնույթ են կրել, և առկա է իրավապահ մարմիններին ուղղորդելու և իրական հանցագործների ու պատվիրատուների հետքից շեղելու միտում: Այս նպատակով ոստիկանությունը սկսել է օգտագործել նախկին տոտալիտար համակարգին բնորոշ գործելաոճը:
Պահանջում ենք, որպեսզի ՀՀ ոստիկանությունը չդրսևորի կամայականություն և իր տրամադրության տակ եղած տեսագրությունների հիման վրա բացահայտի քաղաքացիների վրա հարձակվող ավազակախմբերի բոլոր իրական մասնակիցներին:
Նաև կոչ ենք անում ոստիկանությանը՝ չսպասել իրավապաշտպան և այլ կազմակերպությունների հորդորներին, այլ մշտապես կատարել ՀՀ սահմանադրությամբ ոստիկանության վրա դրված պարտականություններն ու լիազորությունները:
Վճարում ենք 100 դրամ շարժում