Բաժիններ՝

Միջազգային կազմակերպություններին մոռանալու ժամանակը

Նորություն չէ, որ մեր պաշտոնյաները և առաջին հերթին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մեծ ուշադրություն են դարձնում տարբեր միջազգային զեկույցներին և ամեն ինչ անում են` այդ զեկույցներում բարձր հորիզոնականներ զբաղեցնելու համար։ Այդ հետաքրքրությունը երբեմն ծայրահեղության էր հասնում, քանի որ ելույթ ունեցողների ոգևորությունից այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ միջազգային կազմակերպությունների վարկանիշներում արձանագրված հորիզոնականը շատ ավելի կարևոր է, քան իրական վիճակը երկրի ներսում։
Օրինակ՝ Տիգրան Սարգսյանի ամենասիրած զեկույցներից մեկը «Heritage Foundation»-ի կողմից հրապարակվող «Տնտեսական ազատության ինդեքսն» է։ Դրա հրապարակումից անմիջապես հետո վարչապետը, որպես կանոն, միշտ անդրադարձել է տնտեսական ազատության թեմային։
Այսպես, երբ հայտնի դարձավ, որ «Տնտեսական ազատության 2013 ինդեքսում» Հայաստանը մեկ հորիզոնականով առաջ է ընթացել` զբաղեցնելով 38-րդ տեղը աշխարհի 177 երկրների շարքում, վարչապետ Տիգրան Սարգսյանն անմիջապես անդրադարձավ այդ թեմային հունվարի 10-ի ՀՀ կառավարության նիստում՝ ասելով. «Տնտեսական ազատության ինդեքսի արդյունքներով առաջընթաց ենք արձանագրել, բարելավել ենք մեր դիրքերը, ինչը նույնպես լավատեսության հիմքեր է ստեղծում, որպեսզի կարողանանք առաջ տանել մեր բարեփոխումները: Այս ինդեքսը գտնվում է ներդրողների ուշադրության կենտրոնում, և այստեղ մեր դիրքերի բարելավումը ևս ունենալու է էական նշանակություն»։ Կարող եք աչքի անցկացնել նախորդ տարիների լրահոսը և կհամոզվեք, որ այս զեկույցը միշտ ուշադրության կենտրոնում է եղել։
Այսինքն՝ կարելի էր կարծել, որ Հայաստանի իշխանությունների համար կարևոր է ազատ և բաց տնտեսություն ունենալը։ Համարվում էր, որ տնտեսական ազատականությունը երկրի առաջընթացի կարևորագույն գործոններից մեկն է։ Ու թեպետ հնչում էին քննադատություններ, որ չափից դուրս ազատ տնտեսություն ունենալը ամենևին չի նշանակում ունենալ լավ տնտեսություն, և որ ընդհանուր առմամբ պետք չէ գերագնահատել այդ զեկույցների դերը, միևնյուն է, այդ վարկանիշներն ու զեկույցները կազմում էին ՀՀ բարձրաստիճան պետական պաշտոնյաների բառապաշարի անբաժանելի մասը։
Իսկ հիմա բավականին տարօրինակ վիճակ է ստեղծվում։ Ստացվում է, որ տնտեսության ազատությունը կարևորող նույն իշխանությունները ցանկանում են Հայաստանը զրկել տնտեսական ազատությունից։ Բանն այն է, որ Մաքսային միությունը փակ կառույց է. Մաքսային միության անդամ երկրների միջև գործում է լիակատար տնտեսական ազատություն, մի շարք երկրների հետ` հեշտացված ռեժիմով առևտրային հարաբերություններ, իսկ մնացյալ աշխարհի համար ՄՄ-ը կարելի է համարել փակ համակարգ` ակնհայտ հովանավորչական բնույթի բարձր մաքսատուրքերով։
Դրա համար էլ, նույն Տնտեսական ազատականության 2013 թվականի զեկույցում Մաքսային միության անդամներրից Ղազախստանը զբաղեցրել էր 68-րդ տեղը, Ռուսաստանը` 139-րդ տեղը, Բելառուսը` 154-րդ։ Հայաստանը, հիշեցնենք, 38-րդ տեղում է, և ՀՀ իշխանությունները թաքուն հույսեր էին փայփայում հասնել և անցնել 21-րդ տեղում գտնվող Վրաստանին։
Դժվար չէ կանխատեսել, որ Մաքսային միություն մտնելով և ընդունելով այդ միության խաղի կանոնները` Տնտեսական ազատության ինդեքսում Հայաստանը կտրուկ ցած է սահելու։
Վարչապետի սիրած զեկույցներից (եթե ոչ` ամենասիրած) մեկն է նաև Համաշխարհային բանկի կողմից հրապարակվող «Doing Business» (գործարարությամբ զբաղվելու դյուրինության) զեկույցը։ Ընթերցողներից շատերը թերևս նկատած կլինեն, թե ինչ հաճախականությամբ է հիշատակվել այդ զեկույցը, դրանում Հայաստանի առաջընթացը` հաշված վայրկյանների ընթացքում բիզնեսն օնլայն գրանցելու հնարավորության և այլ նորամուծությունների շնորհիվ։
Դե, իհարկե, Հայաստանը պարծենալու տեղ ուներ, քանի որ աշխարհի երկրների շարքում գործարարությամբ զբաղվելու դյուրինությամբ 32-րդ տեղում է` առաջ անցնելով անգամ եվրոպական երկրներից։ Ներդրումները, իհարկե, դրանից չէին ավելանում, սակայն դա ամենևին չէր թուլացնում մեր պաշտոնյաների ոգևորությունը։
Իսկ ի՞նչ դիրքերում են այն երկրները, որոնց հետ Հայաստանը ցանկանում է ընդհանուր տնտեսական տարածքի մաս կազմել։ Ղազախստանը 49-րդ տեղում է։ Բելառուսը ավելի ետ է` 58-րդ տեղում։ Դե իսկ Մաքսային միության գլխավոր դերակատարը` Ռուսաստանը, 112-րդ տեղում է։
Միամտություն կլինի կարծել, որ Հայաստանի դիրքերը «Doing Business»-ում կբարելավվեն՝ մտնելով մի համակարգի մեջ, որն այդ առումով շատ ավելի ցածր դիրքում է գտնվում։
Նույնը կարելի է ասել նաև մյուս զեկույցների մասին։ Ընդ որում՝ ոչ միայն տնտեսական բնույթի. օրինակգ կոռուպցիայի, մարդու իրավունքների, ժողովրադվարության վիճակի մասին և այլն։ Բոլոր այս առումներով Հայաստանն ավելի բարվոք ցուցանիշներ ունի, քան Մաքսային միության անդամները։ Դառնալով ՄՄ անդամ` Հայաստանը ընկալվելու է նույն հարթության մեջ, ինչպես Ռուսաստանը և Բելառուսը։ Իսկ դա արտացոլվելու է միջազգային զեկույցներում։
Սա նշանակում է, որ Հայաստանի ներկա և ապագա վարչապետները այսուհետ ստիպված են լինելու զերծ մնալ միջազգային զեկույցներում արձանագրված ցուցանիշներով պարծենալու գայթակղությունից (թեպետ ՄՄ-ին անդամակցելու պարագայում դժվար էլ դրական ցուցանիշներ ունենանք)։ Այսուհետ նրանք առավելապես պետք է ՀՀ տնտեսության դրական զարգացումների մասին արտահայտվեն` հղում անելով ռուսաստանյան այսինչի անվան այսինչ գիտահետազոտական ինստիտուտին։
Իսկ եթե ավելի լուրջ, ապա տարբեր զեկույցների դերը այսքան տարիներ գերագնահատել են հենց իշխանությունները։ Պարզապես այս ամենը հերթական անգամ ապացուցում է որ Հայաստանը վերջին տարիներին և այսօր կառավարվում է «էնքան որ» սկզբունքով` առանց տեսլականի։ Այսինքն՝ երկարաժամկետ հեռանկարում մեր երկրի ապագայի մասին ելույթներն ու ծրագրերը պետք է պարզապես անուշադրության մատնել, ինչպես անուշադրության մատնվեցին այն բոլոր հեքիաթները եվրաինտեգրման մասին, որոնք հնչել են վերջին տարիների ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս