Հրանտ Բագրատյան. «Պուտինը կանչեց ասաց` չհասկացանք, մենք ձեր համբալը չենք, մենք այդտեղ զորք ունենք»

«Ես փետրվարին` նախագահական ընտրություններին, որպես թեկնածու հանդես եմ եկել երեք ծրագրով…արտաքին քաղաքականության մեջ ես միակն եմ եղել, ով ասել է` ինչ անում ենք, պետք է անենք հանրաքվեով և, բացի այդ, ո´չ պետք է գնանք Մաքսային միություն, ո´չ Եվրոպա: Եթե գնանք Եվրոպա, մեզ զոռով կմտցնեն Մաքսային միություն»,- այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Բագրատյանը հիշեցրեց, որ նախագահի մյուս թեկնածուները, առաջին հերթին` Սերժ Սարգսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը նման կարծիք չեն հայտնել և չեն եկել բանավիճելու իր հետ այս հարցի շուրջ:

«Սերժ Սարգսյանն ասում էր` գնում ենք դեպի Եվրոպա, ես նույնիսկ զարմացել էի` ինչպես կարող է Հանրապետության ավնտանգությունը լինի մեկի ձեռքում, մենք գնանք Եվրոպա, Րաֆֆի Հովհաննիսյանն էլ ասում էր… ճանաչենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը և գնանք Եվրոպա, այդպիսի բան չի´ լինում, որովհետև Պուտինը կանչեց ասաց` չհասկացանք, մենք ձեր համբալը չենք, մենք այդտեղ զորք ունենք: Ինչի սա պարզ չէ՞ր»,- այսպես մեկնաբանեց իրավիճակը Հրանտ Բագրատյանը:

«Լիբերալ Բագրատյանն ասում է` Եվրոպա մի գնացեք, որովհետև կզայրացնեք Ռուսաստանին, իսկ մեզ Մաքսային միություն պետք չէ. այնտեղ զարգացման հեռանկարները շատ սահմանափակ են, դժվա՞ր էր սա հասկանալ»,- շարունակեց նախկին վարչապետը:

Կարդացեք նաև

Նա նույնիսկ պատմեց մայիս ամսին տեղի ունեցած մի դեպքի մասին, երբ Բրյուսելում` Եվրանեսթի աշխատանքների շրջանակներում, Բագրատյանը Եվրոպա-Մաքսային միություն երկընտրանքի շուրջ զրուցել է իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հետ.

«Հազար անգամ հարցրել եմ պարոն Զաքարյանին` «Արտակ ջան, սա համաձայնեցվա՞ծ է, սա չի կարող լինել մի երկրի հետ, որը մեզ մոտ ռազմական ուժ ունի, դուք խա՞ղ եք անում, պատմության մեջ այսպիսի բան չի եղել, վերջը հրաժարվելո՞ւ եք»: Այստեղ է, որ հետաքրքրի ֆրազա ասաց. «կխոսեն մի քիչ (նկատի ունի ռուսներին,Ա.Ս.), կանցնի կգնա»: Դա ճի´շտ Վազգեն Մանուկյանի ու Տիգրան Սարգսյանի ոճով է, ճի´շտ ԱԺՄ-ի ոճով…Ասացի`«դուք ձե՞ռք եք առնում, այ տղա, այստեղ ռուսական բազա կա, դուք խա՞ղ եք անում: Մինչէ այս հարցը չլուծեք ռուսների, ամերիկացիների ու եվրոպացիների մասնակցությամբ, դուք Հայաստանը պարզապես կդնեք տանկի թրթուռի տակ»:

«Կամ որ վարչապետը վեր կացավ, ասաց` Մաքսային միության հետ սահման չունենք, չի լինի անդամակցել: Կրկնում եմ ամենայն պատասխանատվությամբ` դա բացարձակ հիմարություն է, սահմանի առկայությունը որևէ գրոշի նշանակություն չունի. ապրանքը տրանզիտ կգա Երևան, ինչի՞ մասին է խոսքը: Այդ բացատրությունը տվել են Տիգրան Սարգսյանը և Շավարշ Քոչարյանը: Եվ միակ բացատրությունը, որ նրանք պիտի տային… ես նրանց դեռ 2009 թվականին եմ ասել` ընկերներ, գնում է Մաքսային միություն, վաղը ձեզ հրավիրելու են, գնացեք հիմա միացեք, որ ձեզ համար հարմար միություն լինի: Հիմա մենք կխոսենք` ինչու այդ միությունը մեր տնտեսության հետ չի կարող աշխատել, և միանշանակ վատ է լինելու: Երբ մի միության` Մաքսային միության մեջ են էներգետիկ ռեսուրսներ արտահանող և էներգետիկ ռեսուրսներ ներմուծող երկրներ, խնդիրը լուծվում է` կա´մ արտահանողների, կա´մ  ներմուծողների շահերը բավարարելով: Ասել եմ` մի թույլ տվեք նման մոտեցում, և ջայլամի պես մի բան արեք, թե դա ձեզ չի վերաբերում, դա ձեզ վերաբերելու է, այն էլ ինչպես: Ես սա ասել եմ անկեղծորեն, ես ընդհանրապես կարող էի հիմա չգալ, ասեի` ինչ գործ ունեմ, վերջին հաշվով` լիքը ընկերներ ունենք Մոսկվայում, վաղ, թե ուշ կլինի իշխանափոխություն, մեր հերթը կգա: Բայց ես եկել եմ ազնվորեն սա ձեզ ասելու»,- նշեց Բագրատյանը:

Ճշտմանը, թե նա միշտ կարծել է, որ ճիշտ էր ավելի շո՞ւտ մտնել Մաքսային միություն, Հրանտ Բագրատյանը պատասխանեց. «Ո´չ, ես ճիշտ էի կարծում` ո´չ այնտեղ, ո´չ այնտեղ: Եվրոպային պետք էր ասել` մեզ մոտ ռազմական բազա կա, որ մենք գրգռելու ենք ռուսներին: Եթե մենք Եվրոպայի հետ չսկսեինք բանակցելը, հիմա Մաքսային միություն չէինք մտնի… Եվ ի՞նչ, պետք էր դրանից գալ հասնել սեպտեմբերի 3-ին, խայտառակ ձևով եվրոպացիներին ասել` չենք ստորագրում, մենք արդեն մի 50 տարով հարաբերություն չունենք նրանց հետ, չենք ունենա. Ֆյուլեն ասաց` ամենախնդրահարույցն այստեղ վստահությունն է, որ  չունենք, չենք ունենա…Եվ ռուսների մոտ էլ գնացինք, ոչ թե գնացինք, այլ… տարան: Սա՞ էիք ուզում: Եվ ռուսների մոտ արդեն ունենք տպավորություն, որ ցանկացած պահի կարող ենք գցել»:

Այսպիսով, նախկին վարչապետն այժմ էլ, ինչպես նախագահական ընտրությունների նախընտրական շրջանում, գտնում է, որ, ամեն դեպքում, Մաքսային միություն մտնելու հարցը Հայաստանում պետք է դրվի հանրաքվեի:

«Ես գտնում եմ, որ Սերժ Սարգսյանը պիտի մի քիչ համարձակություն հավաքի, ասի, որ, այնուամենայնիվ, այդ հարցը պետք է դնենք հանրաքվեի»,- նշեց Հ. Բագրատյանը:

Տեսանյութեր

Լրահոս