Մեղադրվում է մուրացկանությամբ զբաղվելու համար երեխաներ հավաքագրելու և նրանց շահագործելու մեջ
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա մուրացկանությամբ զբաղվելու համար երեխաներ հավաքագրելու գործով դատական նիստը: Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, Ա. Գիվարգիզովին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա երկու և ավելի երեխաների շահագործելու դիտավորությամբ, օգտագործելով 18 տարին չլրացած` Ա. Կ.-ի, Մ. Բ.-ի և Վ. Ղ.-ի` ծնողական հսկողությունից դուրս մնալու և փողոցում հայտնվելու առումով վերջիններիս վիճակի խոցելիությունը, 2013թ. հունվար ամսին, խաբեությամբ` հետագայում բարեկեցիկ կյանքով ապահովելու, նյութական վիճակը բարելավելու և այլ կեղծ խոստումներով, մուրացկանությամբ զբաղվելու համար հավաքագրել է մինչև մարտի 19-ը և նրանց դրել և պահել է շահագործման մեջ` ստանալով և տնօրինելով Երևանի տարբեր փողոցներում վերջիններիս կողմից մուրացկանությամբ վաստակած գումարները:
Ա. Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անչափահասներ Մ. Բ.-ի և Ա. Կ.-ի հետ, նախնական համաձայնությամբ, ներգրավվել և մասնակցել է Ա. Գիվարգիզովի կողմից կազմակերպված` Երևանի Նոր Արեշ 46 փող. 76 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կետից ուրիշի զգալի չափերով գույքի գողությունը: Ա. Գիվարգիզովի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, Ա. ՀՀովհաննիսյանի նկատմամբ՝ ստորագրությունը չհեռանալու մասին: