Աշոտ Աղաբաբյանը՝ «բլատնոյ» Գալուստ Սահակյանի, «միլիցեքին» ու «ջեբկիրներին» ծեծելով «դաստիարակելու» մասին
ԱԺ գործարար պատգամավոր, «Հրազդան» մարզադաշտի եւ տոնավաճառի սեփականատեր, ազատամարտի մասնակից Աշոտ Աղաբաբյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմում է, որ լինելով դպրոցի տնօրենի որդի՝ 9-րդ դասարանից «գռուզչիկ» է աշխատել, իսկ մինչեւ 8-րդ դասարանը դասընկերները իր հետ չեն խոսել, ուսանողական տարիներին ամենաշքեղը եւ ճաշակովը ինքն է հագնվել ու մինչեւ այսօր էլ բրենդամոլ է: Նա ներկայացնում է, թե քաղաքում ինչպես է ճանաչում ստացել, ինչպես է ընտանիքի անդամներից գաղտնի մեքենան վաճառել, զենք գնել, պատերազմ գնացել, միլիոնատեր դարձել, Ռուսաստանի պաշպանության նախկին նախարար Գրաչովի թոռան կնունքի քավորը դարձել, Գալուստ Սահակյանի հետ խնամիացել ու ծեծելով դաստիրակել «միլիցեքին ու ջեբկիրներին»:
Հարցազրույցը հատվածաբար ներկայացնում ենք ստորև.
– Բակում, մանկապարտեզում, դպրոցում, համալսարանում ինչո՞վ էիք աչքի ընկնում: Ինչի՞ շուրջ էին ձեր կռիվները` ազդեցությա՞ն, աղջիկների՞, թե՞ այլ բաների: Նաեւ ասում են, որ մինչեւ հիմա շատ լավ ֆուտբոլ եք խաղում:
– Դպրոցում մինչեւ 8-րդ դասարան համարյա թե ինձ աշակերտ չեմ զգացել, քանի որ մեր դասարանի երեխաները շատ քիչ են իմ հետ շփվել: Նույնիսկ չէի ցանկանում դպրոց գնալ: Հետո 8-րդ դասարանից հետո երեկո կազմակերպեցինք, լավ խմեցինք, եւ 8-րդ դասարանում մեր դասարանի մի աղջկա հետ առաջին անգամ պարեցի: Այսինքն` ոչ թե ես չէի ուզում, այլ կապանք կար, որ տնօրենի տղա էի, իրենք ամաչում էին շփվել, ես էլ մանթրաշ էի: Հետո այդ երեկույթից հետո եկանք մեր տուն, մի հատ «ակարդիոնիստ» Ռուբո ունեինք, Անդրանիկի, Սերոբ փաշայի մասին էինք երգում, որն այդ տարիներին արգելված էր: Իսկ բակում կաշկանդվածություն չկար:
Իսկ մեր բակի, իմ շրջապատի աղջիկներին որպես քույր էի ընդունում ու քրոջ պես տիրություն անում: Աղջիկներն ինձ համար սրբություն են եղել: Դպրոցում նաեւ հոբոյ եմ նվագել: Դա կամերային երաժշտության թագուհի գործիքն է: 3-րդ դասարանից ընդգրկվեցի օրկեստրում եւ մինչեւ 9-րդ դասարան նվագել եմ:
– Գալուստ Սահակյանի հետ ինչպե՞ս խնամիացաք:
– Իմ առաջին տնօրենը եղել է Գալուստ Սահակյանի հայրը` Գրիգոր Սահակյանը: Նա եւ քույրս մի դասարանում են սովորել: Նրանց դպրոցական սերն էր: Հայրս քրոջս Գալուստին չէր տալիս: Գրիգորիչը շատ աշխույժ տղերքից էր` բլատնոյ: Գրիգոր ձյաձյան 2 անգամ եկավ քրոջս ձեռքը խնդրելու, չտվեցին, հետո քույրերը եկան, որ բարձրակարգ մանկավարժներ են: Վերջում էլի Գրիգոր ձյաձյան եկավ եվ հայրիկիս հարցրեց, որ եթե տան մեծն իր համաձայնությունը տա, ինքը կհամաձայնի՞, ինչին հայրս ասաց՝ այո: Եվ երբ տատիկիցս հարցրեցին, տատս ասաց, թե «Գալուստից բացի, թոռանս ուրիշի չեմ տա»: Գալուստը իմ մեծ ախպերն ա, ու կյանքում իր խորհուրդները ինձ շատ են օգնել:
– Նախկինում շատ դժվար էր գեղեցիկ հագուստներ, իրեր ձեռք բերելը: Ունեցե՞լ եք մի հագուստ կամ իր, որով ձեզ ժամանակին լավ եք զգացել:
– Անկեղծ ասած՝ ես չեմ հպարտացել, թե ես այս ունեմ, նա չունի: Բայց հիշում եմ, որ 8-րդ դասարանում տատիկս ինձ ժամացույց գնեց: Մեր դպրոցի տնօրեն Ամիրյանը շատ խոզ մարդ էր, ասաց՝ իմ տղան առաջին կուրսում է եւ նա ժամացույց չունի: Ես էլ ասացի՝ եթե ձեր որդին ժամացույց կապելով պետք է տղամարդ դառնա, դա ձեր մտածողության խնդիրն է: Զանգել էր հորս, թե. «Տղայիդ ասա ինձ քիչ պատասխանի»: Հայրս էլ նրան խորհուրդ տվեց ընենց հարցեր տալ, որ չպատասխանեմ:
– Ծառայել եք խորհրդային բանակում: Այս տարիների ընթացքում, երբեւէ պատահաբար հանդիպե՞լ եք ձեր ծառայակիցներին կամ ղեկավարությանը: Դժվարությա՞մբ եք հիշել նրանց, կամ նրանք՝ Ձեզ:
– Երբ առաջին կուրսում էի, հայրս չգիտեր, որ համալսարան եմ ընդունվել: Քույրս ու Գալուստը իմ կողքից տեղ չէին գնում եւ ինձ հետ պարապում էին: Քույրս ոսկե մեդալակիր էր: Մայրս մի օր եկավ ասաց, թե մարդիկ ասում են, թե ինչի՞ բանակ չեմ գնում: Ասացի՝ վաղը գնում եմ զինկոմիսարիատ: Հայրս այդ ժամանակ իմացավ, որ ես առաջին կուրսի ուսանող եմ: Անհավատալի բան կասեմ. գնացի գործերս փոխեցի հեռակա ու գնացի ծառայելու, որ հորս վրա բիծ չլինի: Տարան Թիֆլիս, հայրս մինչեւ Թիֆլիս հետեւիցս եկավ, թեեւ իր զգացմունքների մասին երբեք չէր բարձրաձայնում: Կամբատս հետագայում դարձավ Ռոստովի նահանգապետ: Հիշում եմ, երբ եկավ Հայաստան, Սերժ Սարգսյանը կանյաչնի էր հրավիրել, եւ այնտեղ ներկաներից մեկն ասաց. «Վիկտոր Գերմանովիչ, Ձեր ադյուտանտն այստեղ է»: Միանգամից ասաց՝ Աշոտ Աղաբաբյան: Չպատմելու մոտիկ ենք եղել, բայց որ այդպես կհիշեր՝ զարմացա: Թիֆլիսում մի քանի ամիս եմ ծառայել, հետո տեղափոխվել եմ Գյումրի, որտեղից եւս շատ թանկ հուշեր ունեմ:
– Ե՞րբ վաստակեցիք Ձեր առաջին աշխատավարձն ու առաջին միլիոնը եւ ինչի վրա ծախսեցիք:
– 9-րդ դասարանում ես Մետաքսի կոմբինատի բոժոժի ցեխում առանց պապայի իմանալու գռուզչիկ եմ աշխատել: Երկու ամսում համարյա 180 ռուբլի ստացա: Ակվարիում ռեստորանի ներքեւը արտելներ կային, կտոր ընտրեցի, ինձ, պապային եւ ախպորս կոստյում կարել տվեցի: Երբ տարա տուն, պապան ապշել էր: Հիշում եմ, ասաց. «Աշոտ, դպրոցի տնօրենի տղան ոնց կարա գռուզչիկ աշխատի»: Բայց ես շարունակեցի աշխատել: Իսկ մինչեւ առաջին միլիոնին հասնելը պատմեմ, որ քաղաքապետի ընտրությունների ժամանակ Արմենը քաղսովետի դեպուտատներից էր եւ առողջապահության հանձնաժողովի նախագահը: Ես նրան չէի ճանաչում: Աշոտ Նավասարդյանին ասել էի, որ իմ հնարավորություններով կարող եմ այնպես անել, որ Յուրի Բախշյանը քաղաքապետ դառնա Վահանգն Խաչատրյանի փոխարեն, ու շատերն էին ինձ խոստումներ տվել: Բայց Մելիք Ադամյան դահլիճում Արմենը մոտեցավ ինձ եւ ասաց, որ ինձ շատ լավ է ճանաչում ու ով ինչ խոստացել ա, չի լինելու: Ասաց, որ եթե իր հանձնաժողովից յոթ հոգի դեմ քվեարկի, Վահագն Խաչատրյանը չի անցնի: Ասացի՝ առաջին քվեարկությունից հետո կերեւա, ու իր ասածով էլ եղավ: Էտ օրվանից Արմենին ասացի, եթե կընդունես, դու իմ ընկներն ես: Հետո Յուրա Բախշյանը եկավ, բա «Սերգեւիչ, մենք պայմանավորվածություն ունենք, որ Վահագնը ընտրվի, ես էլ տեղակալ դառնամ»: Ասացի, գնա, ինքը երկու անգամ էլ չի ընտրվի, դու կընտրվես: Երկրորդ անգամ էլ Վահագնը չընտրվեց: Հետո Աշոտ Նավասարդյանը զանգեց, ասաց. «Լեւոնն ա զանգել, թող Վահագնը ընտրվի»: Ասացի. «էս մարդիկ ինձ հավատացել են, ո՞նց ասեմ ինձ մի հավատացեք»: Ասաց. «Մի բան արա»: Արմենին կանչեցի, ասացի, որ եթե քաղաքական որոշում կա, այդպես պետք է անենք: Դրանից հետո ինձ նշանակեցին «Հրազդան» ստադիոնի տնօրեն: Աշոտին ասացի. «Չեմ ուզում», ինքն էլ ասաց, որ մենակ ես գլուխ կհանեմ շատ վատ վիճակում ա ու երկու անգամ թալանված: Երկու ամիս իմ հրամանը տվել էին, բայց ես չէի գնում, որովհետեւ չէի ուզում, որ իմ տեղը մարդ հանեին: Ես կյանքում անեծքից հեռու եմ ապրել: Գալուստն ասաց. «Աշոտ, դա եզակի կառույց ա, ու դա ամեն մարդու տրված չի: Դու պետք է ցույց տաս, որ ոչ միայն պատերազմ, այլեւ տնտեսական դժվարություն ենք հաղթում»:
– Եվ ինչպե՞ս ոտքի հանեցիք: Ասում են՝ շատերի հետ եք «մենամարտի» բռնվել:
– Այստեղ նախկինում էլ տոնավաճառ կար ու ուրիշ ոչ մի բան: Տոնավաճառն ուսումնասիրելուց հետո հասկացա, որ լիքը փայատերեր կան` Կիլիկիացի Սմբո, Շահումյանի միլպետ, Կոնդեցի չգիտեմ ով: Բացի այդ, մուտքը գումարով էր, մարդ պետք է փող տար, որ մտներ առեւտուր աներ կամ չաներ: Դա վերացրի: Միջոցները քչացան, բայց սկսեցին շատ մարդ ու առեւտրականներ գալ: Իմ ընկերներին բերեցի, գործի դրեցի: Հին աշխատողներին բոլորին վերականգնեցի ու աշխատավարձերը այնքան բարձրացրեցի, որ Հայաստանում նման աշխատավարձ չկար:
Հետո սկսեց «ապերո տղերքի» հետապնդումը. միլիցեքին, ջեբկիրներին, թալանչիներին բռնեցինք: Մի օր իմ մոտ միլիցեն առեւտրականին ասում ա. «Էս ֆիրմա յառլիկով կոշիկը որտեղից, վեշերդ հավքի գնացինք բաժին»: Ասացի. «Իսկ այդ իրավունքը քեզ ո՞վ ա տվել»: Բա թե. «Իրավունքը ես եմ» ու էդ պահին մի հատ հո չկպցրի, ոտները տակից փախավ, գլխարկը թռավ: Ասացի. «Ամեն ինչ սրանից ա սկսում, էս քերոբները, ջեբկիրները, գողականները ինչից պետք ա վախենան»: Միլպետը զանգեց, թե պարոն Աղաբաբյան, իմ աշխատողը բողոք ա գրել, ասի. «Մի հատ էլ դու գրի, իսկ եթե չես կարա, արի ստեղ»: Եկավ, ասացի. «Երկու ականջներդ կկտրեմ, կդնեմ գրպանդ, մի հատ միլիցա չմտնի տարածք»: Մի 50 միլիցա էր լինում, հաջորդ օրվանից մի հատ միլիցա չկար: Ով փայի համար գալիս էր մոտս, ասում էի. «Քաչալցրեք, մտցրեք պադվալ»: Հետո հարկայինը եկավ, թե բա. «20 միլիոն գրի, չստուգենք գնանք»: Դրա ձեռներն էլ ոլորեցին տարան: Ամբողջ ստադիոնի վերականգնումը սկսեցինք: Տոնավաճառը սկսեց հզորանալ ու բյուջեն լցվել: Դրանից հետո նոր գործեր նախաձեռնվեցին եւ այլն, եւ այլն:
– Քաղաքականության մեջ ինչպե՞ս կամ ո՞ւմ միջոցով հայտնվեցիք:
– Անկախության բանակի: Երբ միացանք, շատ ջոկատներ եկան մեզ միացան, որովհետեւ ուժ տեսան: Հետո եկավ մի պահ, որ ասացի. «Աշոտ, սենց չի կարող լինի, թալանով են զբաղված, սրանցից հարկավոր ա ազատվել»: ԱԻՄ-ից արդեն անջատվել էինք եւ Մոսոյից հետո ստեղծել էինք ռազմական խորհուրդ: Ասացի՝ պետք է կուսակցություն ունենանք ու ՀՀԿ լինի, քանի որ աշխարհում հիմնականում ՀՀԿ-ականներն էին երկիրը ղեկավարում: Առաջին գրանցված կուսակցությունը ՀՀԿ-ն ա եղել: Երբ կանոնադրությունը գրվեց, արդարադատության նախարարն ասաց. «Աշոտ ջան, ցավդ տանեմ, ռազմաքաղաքականը հանենք, քաղաքական թող լինի, ասացի ՝չէ, հենց սենց էլ պետք է գրանցենք: Մարգարյան Անդոյի ժամանակ դա փոխեցինք: Աշոտ Նավասարդյանի հետ Գառնիի տաճարում ենք կնքվել, ու այս սենյակը, քանի որ կառավարական օթյակ է, պատերն իմ ձեռքով եմ ստեղծել, իսկ Վահագնի կերպարը Վազգեն Սարգսյանի դեմքով եմ քանդակել:
– Ո՞րն է ձեր ամենասիրելի երգը, որ հաճախ լսում եք կամ ինչ-որ տեղ պատվիրում:
– «Կենացդ խմեմ»-ն է, բայց ոչ թե պատվիրում եմ, այլ ես եմ երգում: Դա լուսահոգի Արաքս Վարդերեսյանի երգն է: Նույնիսկ եկավ ստադիոնում «Ոսկե աշնան» ժամանակ երգեց: Ես այդ երգը շատ լավ եմ երգում եւ միշտ իմ կնոջն եմ նվիրում, որովհետեւ դեռ նրանից լավին չեմ հանդիպել:
– Զգացվում է, որ անտարբեր չեք նորաձեւության նկատմամբ: Բրենդամո՞լ եք, թե՝ ոչ:
– Իհարկե, անտարբեր չեմ: Ես միայն «Զեյնայից» եմ օգտվում: Երեխա ժամանակից էլ սիրել եմ շքեղ հագնվել: Մայրս շատ ճաշակով կին ա եղել ու միշտ հետեւել ա մեր հագուկապին: Ախպերս ավելի շքեղ հագուստներ ուներ: Հենց տնից գնում էր, իր շորերը հագնում ֆռֆռում էի, մամաս ասում էր. «Շուտ արա, հանի, քանի չի եկել»: Ես նաեւ զարդեր եմ սիրում: Սակայն պետք է իրենց մեջ սիմվոլ, իմաստ պարունակեն, որ հետագայում փոխանցվեն: Այս մատանին, թեւնոցը եւ շղթան, որ կրում եմ, նույնից նաեւ կինս ունի, եւ պետք է փոխանցենք մեր թոռներին: Զարդերի վրա գրված է Աշոտ-Արամ, որ հերթականությամբ փոխանցենք: Սպասում ենք՝ որդիս տղա եւ աղջիկ ունենա, որ սաղ տանք իրենց: Շքեղությունը ճաշակի մեջ է: Մենք վուլգար չենք: Ես իմ եղածից ոչ իջնում եմ, ոչ բարձրանում:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: