Րաֆֆի Հովհաննիսյան. Ոչ թե ՀՀԿ-ն նստեց, բացեց Նժդեհ ու որոշեց, այլ՝ իրենք հետողորմյա որոշեցին

Իշխող Հանրապետական կուսակցության անդամները ևս տեղյակ չեն եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշման մասին Մաքսային միությանը անդամագրվեու մտադրության հայտարարության մասին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն՝ ի պատասխան 168.am-ի հարցի:

«Ոչ: Մենք չենք լսել: Ես գրեթե վստահ եմ, մարդկայնորեն վստահ, որ անգամ իրենց կուսակիցները չգտեին որոշման մասին: Այդ որոշումը եկավ հաստատելու իրենց ղեկավարի հայտարարությունը: Ոչ թե կուսակցությունը նստեց, բացեց Նժդեհ ու որոշեց, այլ՝ իրենք հետողորմյա  որոշեցին: Իրենք տեղյակ չէին, դիվանագետները տեղյակ չէին… սա մի հինգ-վեց հոգու կատարած խնդիրն է և հեգնանք է պետության նկատմամբ»,- նշեց նա՝ ավելացնելով, որ պետք չէ կենտրոնանալ Ռուսաստան, Եվրոպա երկընտրանքի վրա:

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, թե իրեն այդ երկընտրանքը քիչ է հետաքրքրում: «Ռուսաստանը շատ չոգևորվի, ոչ էլ արևմուտքը, որովհետև բոլորը հավասարապես մեղսակից են եղել ժողովրդի սահմանադրական իրավունքի հեգնանքի մեջ: Լավ է, որ Ֆյուլեն գալիս է ու արդարացիորեն բողոքում է քաղաքացիների իրավունքների մասին, բայց լավ կլինի, որ նման պաշտոնյաները խոսեին ՀՀ բոլոր ընտրութունների մասին, երբ զանգվածաբար կազմակերպված հանցագործությամբ խախտվեց ՀՀ օրենքն ու սահմանադրությունը»,- ասաց նա, ապա ավելացրեց, թե պետք է մանրակրկիտ ուսումնասիրել՝ ինչպե՞ս այդ որոշումը կանդրադառնա Արցախի ինքնուրության վրա:

Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի` նա, ով ուզում է ՀՀ-ին հրավիրել իր տարածք, պետք է հաշվի առնի ոչ միայն Հայաստանի շահը, այլև՝ Արցախի ճանաչման և տարածքային ամբողջականության հրամայականը:

Կարդացեք նաև

Հարցին, թե արդյոք Հայաստանն իր ինքնիշխանությունը չի՞ կորցնի` անդամակցելով Մաքսային միությանը, նա պատասխանեց. «Մաքսային միությունը, որքան ինձ հայտնի է, իր առայժմ երեք գործընկերների դրվածքով, հրավիրում է Հայաստանը այն տարածք, որտեղ ՀՀ արտաքին քաղաքականությունը, տնտեսական քաղաքականությունը ենթարկվում է այլոց որոշման, և կարևոր չէ` ճնշումո՞վ, թե՞ առանց, որովհետև դա ՀՀ իշխանությունների մեղքն է: Եթե ասում եք, որ Հայաստանը կարող է վետո դնել ցանկացած որոշման վա, եթե այս միությունը հաշվի առնում են, որ Արցախը մտնում է այդ որոշման մեջ, չի որոշում ՀՀ փոխարեն՝ որն է մեր ներքին, արտաքին քաղաքականությունը, ապա կարող ենք դիտարկել: ՀՀ-ն գնում է ապօրինի իշխանության պատճառով մի ուղղությամբ, որը հեռանկար չունի: Ես կարծում եմ, որ Եվրոպական միությունը իր հեռանկարով ավելի է համապատասխանում ՀՀ ինքնությանը, էությանը, բայց դա ևս չի երաշխավորում, որ Հայաստանը պետք է ընտրի այս ուղղությունը, եթե փաստաթուղթը հրապարակված չէ, չի համապատասխանում մեր շահերին»:

Տեսանյութեր

Լրահոս