«Վերին աստիճանի անորակ է էս շենքը, ոնց որ տեռորիստներ էղնին սարքողները»
asparez.am-ի փոխանցմամբ` «Մուշ» թաղամասին բնակիչները շարունակում են դժգոհել նորակառույց բնակարաններում շարունակաբար ի հայտ եկող խնդիրներից: Բնակիչները կայքի հետ զրույցում նշել են, թե դեռևս նախորդ տարվանից իրենց անընդհատ խոստանում ու չեն լուծում շենքերում առկա գազաֆիկացման ու ջեռուցման կաթսաների հետ կապված խնդիրները:
Ի թիվս այլ հարցերի, այս խնդրին անդարադարձել էր սեպտեմբերի 11-ին Գյումրի այցելած քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը: Նախարարը նախ այցելել էր «Մուշ 2/2»-ի շինհարապարակ, որտեղ կառուցվելու է 430 նոր բնակարան՝ 1988թ. երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիների համար: Նախարարը պատասխանել էր լրագրողների հարցերին, այդ թվում նաեւ այն հարցին, թե մտադրություն չկա արդյոք փոխել կառուցապատող ընկերությանը, քանի որ երկու փուլերում էլ բավականին թերություններ են եղել նրանց աշխատանքում: Ինչպես նշել էին լրագրողները՝ կառուցապատող ընկերությանը փոխելու առաջարկ արել են բազմաթիվ բնակիչներ: Ի պատասխան այդ հարցի՝ նախարար ասել էր. «Բայց Մուշ 2/2 թաղամասում միգուցե կա որեւէ բնակարան, որ թերի էր կառուցված: Ես ինքս տուն առ տուն այցելել եմ»:
Լրագրողները նախարարից հետաքրքրվել էին նաեւ, թե երբ է լուծվելու դեռ անցած տարի շահագործման հանձնված շենքերում առկա գազաֆիկացման խնդիրները, ինչին ի պատասխան, նախարարը նշել էր. «Գազաֆիկացումն ամբողջությամբ ավարտված է, ուղղակի կար մի նուրբ հարց՝ գազաօդատար խողովակների հետ կապված: Հաշվի առնելով բնակիչների անվտանգության խնդիրները, որ պետք է էլ ավելի բարձր երաշխիք ունենա՝ ստեղծվեց հանձնաժողով, հանձնաժողովը լրացուցիչ ուսումնասիրեց, դրանից հետո համապատասխան հանձնարարական է տրվել եւ նոր նախագիծն արդեն պատրաստ է: Արդեն իսկ պայմանագիր է կնքված «Արտինժեների» կազմակերպության հետ, որն այսօր արդեն սկսել է այդ աշխատանքները: Փորձնական առաջին շենքը կավարտենք: Հաշվի առնելով Գյումրու բնակլիմայական պայմանները՝ խիստ հանձնարարական է տրված, որ մինչեւ նոյեմբերի վերջ ամբողջությամբ ավարտվեն»::
Սակայն բնակիչներն արդեն հույս չունեն, թե նախարարի նշված ժամկետում այդ խնդիրը կկարգավորվի, քանի որ այս ընթացքում նմանատիպ խոստումների պակաս չեն զգացել:
«Ասում են էսօր-էգուց, բայց որ ըսպես գնաց, մենք էս ձմեռ էլ կսառենք»,- դժգոհում է թաղի բնակիչ 73-ամյա Գևորգ Սարգսյանը:
Գևորգ պապը նկատում է, թե շենքերի տանիքից անձրեւաջրերը հեռացնելու համար նախատեսված խողովակն այնքան կարճ է արված, որ անձրեւաջրերը թափվում են անմիջապես շքամուտքերի դռան առաջ՝ ողողելով շքամուտքերին կիպ գտնվող պատերը:
«Ջուրը որ զարկում է պատերին, մեր ննջասենյակն ամբողջությամբ խոնավանում է, դրա համար բերել, էս ժեշտերն եմ խփել, որ դեմն առնեմ: Վերին աստիճանի անորակ է էս շենքը, ոնց որ տեռորիստներ էղնին էդ սարքողները: Մեր դոմիկներն էս շենքերից հարյուր անգամ լավ էին: Ես ընձի ստեղ դեպորտ արած քաղաքացու կարգավիճակում կզգամ: Քաղաքից դեպորտ արեցին, բերեցին էս սիբիրը: Շենքերի աբլիցովկեքն էլ շուռուպեն են հավաքել, դրանք պոկվում, ընկնում են»,- ասել է նա:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: