Վիկտոր Խրիստենկոն կդառնա՞ «Հայաստանի տնտեսական աստվածը»

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին ղեկավար, միջազգային հարաբերությունների փորձագետ Հովհաննես Իգիթյանը, այսօրվա ասուլիսում անդրադառնալով Հայաստանի` Մաքսային միության անդամակցելու հեռանկարի քաղաքական ասպեկտին, խոսեց նաև տնտեսական հարցերի վերաբերյալ:

«Ինձ համար անդամակցությունը Մաքսային միությանը կորցրած հնարավորություն է: Այսինքն` հիմա բոլորի համար պարզ է, որ մտնելով Մաքսային միություն` Հայաստանը զրկվում է Եվրամիության հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ, այն Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի մի մասն է,-Ա.Ս.) համաձայնագրից»,- նշեց նա:

Իգիթյանի խոսքով` եվրոպական տնտեսական դաշտ մտնելու պարագայում Հայաստանի հնարավորություններն անսպառ կլինեին, քանի որ նույնիսկ այն հաշվարկները, որ եվրոպական ազատ առևտրի գոտի մտնելով` Հայաստանը կունենա 1 միլիարդ դոլարին համարժեք ներդրումներ և կբացվի 100 000 աշխատատեղ, կարող էին համեստ լինել:

Իսկ Մաքսային միության և մասնավորապես դրա մարմիններից մեկի` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին Հ. Իգիթյանը նշեց հետևյալը. «Հիշեք այդ մարմինը: Եթե վաղը Հայաստանը դառնա Մաքսային միության անդամ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը լինելու է Հայաստանի տնտեսական պոլիտբյուրոն, և Վիկտոր Խրիստենկոն (հանձնաժողովի նախագահը,-Ա.Ս.) կլինի Հայաստանի տնտեսական աստվածը, ինքը կորոշի, թե Հայաստանի սահմանով անցնող որ ապրանքն ինչ մաքսային տուրք պետք է ունենա: Այստեղից կհաշվարկվի Հայաստանի վնասը կամ չնչին օգուտը»:

Կարդացեք նաև

«Տեսեք` ինչ է նշանակում Մաքսային միության տնտեսությունն իրականացնելը, հին սովետական ձևն է: Հայաստանի խորհրդարանում գտնվող օլիգարխ-բիզնեսմենները նույնիսկ չեն թաքցնում, որ շատ լավ էլ տիրապետում են այդ ձևերին` գնում ես Ռուսաստան, այնտեղ պատվեր, ատկատներ ես ստանում կամ մեկին ինչ-որ լավություն ես անում, և քեզ թույլ են տալիս կա´մ այդ ապրանքը լավ գնով առնել, բերել Հայաստան, կա´մ այնտեղ ինչ-որ ապրանք իրացնել: Սա է Մաքսային միության ձևը»,- ավելացրեց բանախոսը:

Հովհաննես Իգիթյանն անդրադարձավ ՀՀ իշխանության ներկայացուցիչներից մի քանիսի հնչեցրած այն տեսակետին կամ արդարացմանը, թե այժմ նպատակահարմար չէ Հայաստանի մուտքը Եվրոպայի ազատ առևտրի գոտի, քանի որ հայկական ապրանքները կարող մրցունակ լինել եվրոպական շուկայում:

Ըստ Հովհաննես Իգիթյանի` խոսքը գնում է ոչ թե այն մասին, որ հայկական ապրանքները պետք է  վաճառվեին Եվրոպայում, այլ այն մասին, որ մտնելով եվրոպական տնտեսական դաշտ` Հայաստանը կբացեր դռները եվրոպացի ներդրողների համար, և Հայաստանում կսկսեր արտադրվել ցանկացած ապրանք, որն արտադրվում է Եվրոպայում: Նա նաև կարծիք հայտնեց, որ հայկական ապրանքը որակով չի զիջում որևէ քաղաքակիրթ երկրի, և նույնիսկ ավելի բարձր է, քան, օրինակ, չինական կամ ինդոնեզական արտադրանքը, իսկ ինքնարժեքի տեսանկյունից` հայկական ապրանքն ավելի ցածր է:

Տեսանյութեր

Լրահոս