Բաժիններ՝

Պարզվել է, որ Հյուսիսային Ամերիկայի ամենաբարձր լեռան բարձրությունը 25 մետրով ավելի ցածր է

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պարզվել է, որ Հյուսիսային Ամերիկայի ամենաբարձր կետ համարվող Մաք Կինլի լեռն ունի ավելի փոքր բարձրություն, քան ենթադրվում էր սրանից առաջ: Այս մասին հայտարարել է Ալյասկայի նահանգապետ Միդ Թրիդուելը:

2010 թվականին իրականացված վերջին չափումները ցույց են տվել, որ լեռան բարձրությունը կազմում է 6168 մետր, ինչը 25 մետրով ավելի պակաս է՝ համեմատած 1950-ական թվականներին անցկացված չափումների արդյունքի հետ: Լեռան բարձրությունը չափել են հատուկ ռադարի օգնությամբ, որը տեղակայվել է ինքնաթիռի մեջ:

Տվյալների մշակումն իրականացվել է 2011 թվականին, սակայն արդյունքների մասին Ալյասկայի նահանգապետը հայտարարել է միայն հիմա: Չնայած բարձրության նվազմանը՝ Մաք Կինլին շարունակում է մնալ Հյուսիսային Ամերիկայի ամենաբարձր կետը:

Նա դեռ 207 մետրով գերազանցում է Լոգան լեռանը, որը հանդիսանում է Կանադայի ամենաբարձր և Հյուսիսային Ամերիկայի երկրորդ բարձր լեռը: 1910-ական թվականներին Հյուսիսային Ամերիկայի ամենաբարձր լեռն անվանվել է ԱՄՆ 25-րդ նախագահ Ուիլյամ Մաք Կինլիի անունով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս