
«Մեծ քսանի» գագաթաժողովում Օբաման հիշեց օրեր առաջ «անտեսված» ԱՄՆ Կոնգրեսին

Ինչպես տասն օր առաջ, երբ գրեթե ամբողջ մարդկությունը սպասում էր Սիրիայի համար աղետալի այն գիշերվան, երբ ԱՄՆ հրթիռները պետք է բախեին Սիրիայի լեգիտիմ իշխան Բաշար Ասադի դռները՝ ոչնչացնելով նրա ուժերը և ստրատեգիական կառույցները, իսկ աշխարհի հզորների ու մութ ուժերի սպասավոր միջազգային մամուլը ուռճացնում էր սպասվող արհավիրքը՝ թերևս երկչոտություն սերմանելու նպատակով, մենք հանգիստ գնացինք քնելու: Պատճառը հայտնի էր. այդ գիշեր ոչ մի հարձակում չէր կարող լինել: Ինչո՞ւ: Մառախլապատ Ալբիոնը լուռ էր: Ուստի ոչ մի հարձակում չէր լինելու: Այսօր այդ վտանգը նետվեց քիչ հեռու: ԱՄՆ զինված ուժերը Սիրիայում օգտագործելու որոշման իրավունքը ԱՄՆ Կոնգրեսին հանձնելը արձանագրեց ռուսական դիվանագիտության հաղթանակը: Այդ հաղթանակը մի նոր էջ է բացում միջազգային արդի հարաբերություններում, երբ երկու տասնամյակ ի վեր աշխարհն իրար մեջ բաժանող անգլո-ամերիկյան բլոկը նահանջեց՝ հարկադրված հաշվի նստելու ռուսական արջի հետ, որին անտեսելը, Գերմանիայի երկաթյա կանցլեր Օտտո Լեոպոլդ ֆոն Բիսմարկի խոստովանությամբ, կործանարար պետք է լիներ յուրաքանչյուր տերության և միջազգային հեգեմոնիայի ձգտող ցանկացած ուժի համար: Մերձավոր Արևելքի, մասնավորապես Սիրիայի շուրջ պայքարը, այսպիսով, թևակոխեց մի նոր փուլ՝ բնավ չլուծելով գլխավոր հարցը՝ միջազգային հավասարակշռության ապահովումը: Միջազգային հավասարակշռության ապահովումը միայն թույլ կտա աշխարհում ապահովել տևական խաղաղություն:
Տիգրան Սարուխանյան
Պատմական գիտությունների թեկնածու