«Սերժ Սարգսյանն ավելին էր ստանալու ՌԴ-ից, եթե այսպիսի խաղեր չխաղար»

168.am-ի զրուցակիցն է Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանը:

– Պարոն Գրիգորյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի՝  Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ Մոսկվայում Սերժ Սարգսյանի արած հայտարարությունը: Արդյոք դա անակնկա՞լ էր Եվրոպայի հայերի համայնքի համար:

– Ասել՝ անակնկալ կամ սպասելի էր այդ հայտարարությունը Եվրոպայի հայերի համայնքի համար, սխալ կլինի, որովհետև հսկայական անհատական մոտեցում ունեցող մարդկանց հետ կարող ենք գործ ունենալ: Ես կարող եմ ԵՀՄՖ նախագահության անունից ասել, որ մեզ համար բացարձակապես անակնկալ չէր, մենք սպասում էինք դրան և դա համարում ենք մեծագույն ծաղրը: Մի բան բոլորիս համար էլ պարզ էր, որ պետք է լիներ, բայց ինչո՞ւ խաղատնային կանոններով կատարվեց, ինչո՞ւ մեր ազգի ճակատագիրը դրվեց պտուտակախաղի վրա և տարբեր դեգերումներից հետո եկավ այն, ինչը պիտի լիներ, տրամաբանական էր, և այլ լուծում անհնարին էր: Եվ ամենակարևորը՝ ինչո՞ւ այս աստիճան զայրացնել ու զարմացնել Եվրոպային:

Եվրոպայում էլ շատ քաղաքական գործիչներ կան, որ կարծում են, որ, այո, Հայաստանը պետք է Ռուսաստանի հետ լինի, քանի որ ՀՀ-ի շահերն այս պահին հստակ համընկնում են ՌԴ շահերի հետ, սա՝ մեկ, և 2-րդ՝ անկասկած, եթե Հայաստանը Եվրամիության հետ շարունակեր իր հարաբերությունները զարգացնել, ստիպված էր լինելու հրաժարվել Ղարաբաղից, քանի որ մեր աչքի առաջ կա Սերբիայի փորձը, որ ԵՄ մտնելու համար այդ երկիրը պետք է ընդմիշտ հրաժարվի Կոսովոյից: Ինչպե՞ս կարող է տվյալ դեպքում այլ ճանապարհ լինել: Սակայն ինչո՞ւ ստիպել Պուտինին՝ ապտակներ տեղալ կամ մահակով գլխին հարվածներ տալ և նոր դրանից հետո անել այն, ինչ սպասում էր Մոսկվան: Խոսքս Ադրբեջանին 3-4 միլիարդի զենք վաճառելու և անսպասելիորեն Ադրբեջան կատարած՝ Պուտինի պաշտոնական այցի մասին է: Սա իսկապես մեզ համար սարսափելի, ոչ ձեռնտու մի բան էր: Եվ ինչո՞ւ ստիպել՝ այսքան նվաստացնել երկիրը, չէ՞ որ Պուտինը, բնական է, զայրացած տեսք ընդունելով, մատ թափ տալով արեց այն, ինչ կարելի էր անել շատ-շատ բարեկամական և շատ-շատ ավելի օգուտ ստանալով: Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե հիմա կարողացավ Ռուսաստանից ինչ-որ բան պոկել, բայց դա սուտ է. նա ավելին էր ստանալու ՌԴ-ից, եթե այսպիսի խաղեր չխաղար:

Կարդացեք նաև

Ս.Սարգսյանն ուզում էր ինչ-որ բան պոկել Եվրոպայից, դա բնական է, դա էլ գիտենք և հասկանում ենք, բայց բնական է նաև, որ այսօր Եվրոպայից ոչինչ այլևս չի ստանա, քանի որ բացառիկ անվստահելի գործընկերոջ անուն է ձեռք բերել այստեղ՝ Եվրոպայում: Բոլորը ծիծաղում են, բոլորն այդ քայլը ուղղակի որակում որպես ոչ արհեստավարժ, նույնիսկ քաղաքական գործիչները զանգահարում են ու ասում՝ մենք ուզում ենք ելույթ կամ հոդված պատրաստել, բայց վախենում ենք՝ մինչև այն վերջացնենք, ձեր նախագահը մի նոր տարօրինակ քայլ անի, և ստիպված լինենք ջնջել մեր գրածն ու նորից գրել: Արդյոք չգիտե՞ք՝ սպասենք նման բան, թե՞ ոչ: Սա՝ որպես կատակ, իհարկե, այնուամենայնիվ, այդ առումով շատ-շատ տխուր է իրավիճակը:

– Փաստորեն, նոյեմբերին Վիլնյուսում ՀՀ և ԵՄ միջև Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը բացառո՞ւմ եք:

– Դա այս պահին կարծես չի էլ սպասվում նախագահի կողմից, քանի որ ինքն էլ չգիտի, թե իր հաջորդ քայլն ի՞նչ է լինելու: Նա քաղաքականության մեջ պտտախաղի կանոններով է առաջ ընթանում, և երբ այն սկսում է պտտվել, նա դեռ չգիտի՝ որ թվի վրա է խաղադրույք անելու, իսկ երբ տեսնում է, որ սլաքն արդեն կանգնելու է, արագ ինչ-որ մի բան անում է: Ստացվեց՝ կտա լավ մեկնաբանություն, չստացվեց՝ էլի կտա մեկնաբանություն, ով կհավատա՝ կհավատա: Արհեստավարժ դիվանագետները նման կերպ քաղաքականություն չեն վարում, անկասկած:

– Եվրոպական հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուրեն էլ հայտարարեց, որ այս իրադրությունում դժվար է պատկերացնել Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը Հայաստանի հետ: Եթե այս գործընթացը վերջնականապես տապալվի, ի՞նչ է սպասվում ԵՄ կողմից՝ ներդրումների ծավալների, ցուցաբերվող աջակցության կրճատո՞ւմ, կապերի խզո՞ւմ կամ սահմանափակո՞ւմ… ի՞նչ կարելի է սպասել:

– Բնական է, որ այն ամենը, ինչ երազում էինք Եվրոպայից ստանալ, չենք ստանա: Առևտրի ավելի բարվոք ռեժիմ, դոնորներ 1 և ավելի միլիարդ եվրոյի, ներդրումային ծրագրեր, դրամաշնորհներ, որ եվրոպացի ներդրողները կարող են, դրամաշնորհներից օգտվելով, կատարել մեծ ներդրումներ, այսինքն՝ այն, ինչ իմ աչքի առաջ տեղի ունեցավ Սլովակիայում 2002 թվից ի վեր, որի արդյունքում այսօր Սլովակիա եկող մարդիկ չեն կարողանում այս հրաշքն ընկալել ու հավատալ: Այս երկրում տեղի ունեցավ հրաշք՝ այն մտավ, ԵՄ և այսօր Բրատիսլավան իր հարևան Վիեննայից ավելի շքեղ տեսք ունի: Գնացեք Բրատիսլավայից դեպի խուլ գյուղեր, չեք հավատա, թե այդ ինչ թռիչք են ապրել ամենուր, ամբողջ Սլովակիայի տարածքում: Այդ հեռանկարից մենք զրկվեցինք: Բնական է, որ այդ հեռանկարը երկար ժամանակ այլևս իրականություն չի դառնա: Մյուս կողմից՝ Հայաստանը մեծ քայլերով մոտենում է Ռուսաստանի նահանգ դառնալու ճակատագրին, այսինքն՝ անկախության բացարձակ կորստի: «Նահանգ»՝ մեծ է ասված, մի փոքրիկ շրջան կամ, ինչպես հաճախ ռուսներն են ասում, ուղղակի բերդ, Ռուսաստանի անկլավ: Այ, դա է մեզ՝ եվրոպահայերիս շատ վախեցնում:

Մենք սեպտեմբերի 6-7-ը ԵՀՄՖ 15-րդ հոբելյանական համագումարն անցկացրինք, որին Եվրոպայի 23 երկրի և Հայաստանի ու Իսրայելի ներկայացուցիչներ էին մասնակցում, և քննարկեցինք ՀՀ ներքին քաղաքական իրավիճակը, որն անվանեցինք «ողբերգական» և ընդունեցինք կտրուկ որոշումներ՝ Հայաստանն այս իրավիճակից հանելու և փրկելու համար:

– Ասացիք, որ հաշվի առնելով Ղարաբաղի խնդիրը, ճիշտը Մաքսային միությանն անդամակցելն է, բայց թե ի՞նչ է սպասվում Ղարաբաղին այս պարագայում, դեռ չի հստակեցվել. եթե ՀՀ-ն ՄՄ անդամ է, ապա պետք է մաքսակետե՞ր դրվեն սահմանին, չնայած այստեղ պաշտոնյաները դա բացառում են: Ձեր կարծիքով՝ որքանո՞վ է այս դեպքում ԼՂՀ ապահովությունն իսկապես ապահով:

– Այդ առումով ես մի փոքր լավատես եմ և հույս ունեմ, որ գոնե այդ հարցում հաշվարկներ կարվեն, և քանի որ Մաքսային միությանն ադամակցելու խոշորագույն առավելությունն այն պետք է լինի, որ եթե ԵՄ դեպքում Ղարաբաղի հարցում լուծում չունեինք և նոր պետք է որոնեինք, ապա այս դեպքում կարծես լուծումներ եղել են, և, ամենայն հավանականությամբ, կտեսնենք, թե ռուս իշխանավորները մեր երկրի ղեկավարության հետ ինչ լուծումներ կտան խնդրին:

– Մտավախություն չկա՞, որ կրկին անակնկալ կլինի: Չէ՞ որ պատմական նախադեպ արդեն եղել է, երբ ԽՍՀՄ տարիներին Ղարաբաղը Հայաստանի տարածքից անջատել և տվել էին Ադրբեջանին: Գուցե հիմա՞ էլ նման անակնկալ լինի:

– Նման զարգացումները մի փոքր կասկածելի են, քանի որ այդ դեպքում ՀՀ-ն, կորցնելով ամեն ինչ, ձեռք չի բերի ոչինչ: Գոնե այդ, կարծում եմ, որ գուցե կպոկեն այն, ինչը իրավամբ այսքան զիջումների պայմաններում պետք է որ մերը լինի: Այդ հարցում ես հույսեր ունեմ, տեսնենք: Չնայած արդեն ավելի հաճախ ենք սխալվում մեր քաղաքական գնահատականներում, որովհետև մեր երկրի նախագահի կատարած քայլերը աշխարհի վրա ոչ մեկի համար կանխատեսելի չեն: Դա նորմալ, արհեստավարժ դիվանագիտություն չէ: Դրա համար վախենում եմ որևէ կանխագուշակում անել:

Տեսանյութեր

Լրահոս