Դումանյանը` Սյունիքում
Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի առաջին կանգառը Մեղրիում էր։ Մարզպետ Վահե Հակոբյանի ուղեկցությամբ նա ծանոթացավ կառուցվող նոր բժշկական կենտրոնի աշխատանքների ընթացքին։ Նախարարը կառուցողների հետ հենց շինհրապարակում քննարկեց նախագծային մի շարք հարցեր։ Հանձնարարվեց առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի մասնագետներին հաշվարկներ անել, որպեսզի կենտրոնին կից դիահերձարան ևս կառուցվի։
Նախարար Դումանյանը եղավ նաև Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնի Ագարակի հիվանդանոցում, ծանոթացավ մատուցվող ծառայությունների ծավալներին, վիրահատարանի, ծննդաբերական բլոկի և մյուս բաժանմունքների և հարակից ծառայությունների պայմաններին ու խնդիրներին։
Քաջարանում Դերենիկ Դումանյանն այցելեց պղնձամոլիբդենային գործարանի միջոցներով հիմնանորոգված և նորագույն սարքավորումներով հագեցած բժշկական կենտրոն։ ԾԻԳ-ի ներկայացուցիչներն իրենց առաջարկությունները ներկայացրեցին, որպեսզի մինչև բացումն այն լիովին հարմարեցվի պահանջվող նորմերին։ Քաջարանի արդիականացված կենտրոնի բացումը կկայանա սեպտեմբերի վերջին։
Կապանում ևս նախարարն ու մարզպետը ծանոթացան հիմնանորոգվող բժշկական կենտրոնի շինարարական աշխատանքների ընթացքին, շինարարների հետ քննարկեց նրանց կողմից բարձրացած հարցերը։ Այստեղ մարզպետը հանձն առավ, որ նախագծով չնախատեսված դիահերձարանի կառուցումը կիրականացնի մարզպետարանը։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ նախարարությունն էլ կապահովի անհրաժեշտ սարքավորումներով և գույքով։
«Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի շրջանակներում 2011-ին նորացված Գորիսի բժշկական կենտրոնում օգտվելով նախարարի այցից, մանկաբարձ-գինեկոլոգը խնդրեց ունեցած ուլտրաձայնային հետազոտության սարքը փոխարինել առավել հզորով ու ժամանակակիցով։ Դերենիկ Դումանյանը տեղում հանձնարարեց ԾԻԳ-ին` առաջին իսկ հնարավորության դեպքում ապահովել։ Նախարարը եղավ նաև Սիսիանում։ Ամենուր նա հանդիպումներ ունեցավ բուժաշխատողների հետ, նրանց ներկայացրեց նախարարության կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքը։ Նշեց, որ Հանրապետության նախագահի հանձնարարությամբ նոր թափ է հաղորդվել մարզային հիվանդանոցների արդիականացման, հագեցման և մասնագետների վերապատրաստման, կադրերով ապահովման գործին։ Տեղեկացրեց, որ կկազմակերպվեն արտագնա վերապատրաստումներ, ինչի շրջանակում հանրապետության լավագույն մասնագետները տեղերում կուսուցանեն բժիշկներին, անհրաժեշտության դեպքում նաև խորհրդատվություններ կտան հիվանդներին։
Նախարարը նաև հայտնեց, որ առաջնային պահպանման օղակի բուժաշխատողների աշխատավարձերը 2014 թվականից կբարձրանան։ Բացի այդ, ամբուլատորիաները կընդգրկվեն ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման սկրինինգային ծրագրում և կհամալրվեն անհրաժեշտ նոր սարքավորումներով։ Դերենիկ Դումանյանը հույս հայտնեց, որ դա կպարտավորեցնի բուժաշխատողներին ավելի շատ ջանքեր գործադրել հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման և բուժման ուղղությամբ։
Դերենիկ Դումանյանը պատասխանեց բուժաշխատողներին հուզող բազմաթիվ հարցերին։