Կոկռոշենու բացառիկ բուժիչ հատկությունները
Բուժիչ նամակներ
Միջնադարում մեծ տարածում է ունեցել Արևմտյան Եվրոպայում` Ջիբլարթարից մինչև Սկանդինավիա։ Հատկապես հարգի է եղել կոկռոշենու գինին։ Կոկռոշենու տարածմանը մեծապես նպաստել է Անգլիաի արքա Հենրի 8-րդի հրամանագիրը. «Ամենուր աճեցնել այդ օգտակար բույսը»։
Դա 16-րդ դարի սկզբում էր, իսկ 19-րդ դարի վերջում- 20-րդ դարի սկզբում կոկռոշենու մշակովի տեսակների այգիների քանակը զգալիորեն նվազեց ողջ աշխարհում։ Պատճառը ալրանման փառի տեսք ունեցող ցողն էր կամ այլ կերպ` «սֆերոտեկա» հիվանդությունը։ Թեպետ կարճ ժամանակում գտնվեց բուժման եղանակը, այնուամենայնիվ, կոկռոշենին զգալիորեն զիջեց իր առաջատար դիրքը։ 1970թ. գերմանացի ընտրասերիչներին հաջողվեց խաչաձևել կոկռոշենի եվրոպականը (Grossularia reclinata) և սև հաղարջը։ Որոշ բուսաբաններ գտնում են, որ կոկռոշենին պատկանում է քարբեկազգիների ընտանիքի հաղարջների ցեղին։
Կոկռոշենի սովորականը, նույն ինքը` եվրոպականը, մինչև 1,5 մ բարձրությամբ տերևաթափ թուփ է։ Տերևահանգույցներում ունի մինչև 4 սմ երկարությամբ 2-4 փշեր։ Տերևները 3-5 բլթականի են, հաճախ աճում են զույգերով, տերևի լայնությունը տատանվում է 1-6 սմ սահմաններում։
Ծաղիկներն աճում են տերևածոցերում` միայնակ, զույգերով կամ եռյակներով։ Ծաղիկների գույնը կանաչասպիտակավուն է կամ կարմրավուն։ Ծաղկման շրջանը 15-20 օր է, դա տեղի է ունենում մայիս-հունիս ամիսներին` մեղրատվությունը տատանվում է մեծ սահաններում` 10-100 կգ մեկ հեկտարից։ Հատապտուղները գնդաձև են կամ լայն էլիպսաձև, կանաչ, դեղին, ծիրանագույն, հազվադեպ` սև։
Բնության մեջ տարածված է Կարպատներում, Կովկասում, Ատլասյան լեռներում, Հարավային Եվրոպայում։ Հանդիպում է Լոռու, Գեղարքունիքի, Նիգ-Ապարանի, Վայքի, Արարատյան դաշտի նախալեռնային և վերին լեռնային գոտիներում, անտառներում, անտառի եզրերին, քարքարոտ` համեմատաբար խոնավ վայրերում։ Հայտնի են կոկռոշենու ավելի քան 500 մշակովի տեսակներ։ Չհասունացած հատապտուղներից պատրաստում են կոմպոտներ, հասունացածը ուտում են թարմ վիճակում, պատրաստում են մուրաբա, ջեմ, ժելե, մարմելադ, կիսել, մարինադ, սոուսներ, գինի։
Հասունացած հատապտուղները պարունակում են 10-15 տոկոս շաքարներ` ֆրուկտոզա, գլյուկոզա և սախարոզա, կիտրոնաթթու, խնձորաթթու, մոտ 1 տոկոս պեկտինային միացություններ։
Բազմազան է մակրո և միկրոտարրերի տեսականին` կալիում, նատրիում, կալցիում, մարգանեց, կոբալտ, ցինկ։ Կոկռոշենին խորհուրդ է տրվում ուտել ֆոսֆորի, երկաթի և պղնձի անբավարարության դեպքում։ Պարունակում է մոտ 60 մգ (և ավելի) C վիտամին 100 գ հումքի մեջ, վիտամին E` 0,6 մգ, ֆոլիաթթու 5 մկգ, B1, B24 B6, PP վիտամիններ, ենթավիտամին A, ֆլավոններ, դաբաղանյութեր։
Արյունաստեղծ հատկությամբ կոկռոշենին զիջում է միայն չամիչին, ծիրանի ու սև սալորի չրերին և մոտ է սև հաղարջին. 100 մլ հյութը պարունակում է մարդու օրգանիզմին անհրաժեշտ երկաթի 1 օրվա պահանջարկի մոտ 13 տոկոսը (խոսքը ոչ հեմային երկաթ պարունակող մրգերին և հատապտուղներին է վերաբերում)։
Բացառիկ է նաև, որ կոկռոշենին իջեցնում է ճնշումը, սակայն ոչ կտրուկ ձևով և կարծես չափելով այն` բարձրացնում է հիպոտոնիայի դեպքում։
Փորձնական եղանակով ապացուցված է, որ հատապտուղները ամրացնում են արյունատար անոթների պատերը, կանխարգելում են արյունատար մազանոթներից արյան զեղումը. նման հատկություն քիչ բույսեր ունեն։
Վերջերս հրապարակվել են տվյալներ, որ հասունացած պտուղներում պարունակվում են մինչև 1,8-3,8 տոկոս հակաուռուցքային հակադեպրեսանտ հատկություն ունեցող նյութեր։
Որպես դիետիկ սնունդ խորհուրդ է տրվում B և C հիպովիտամինոզների, նյութերի փոխանակման անբավարարության, գիրության, անեմիայի դեպքում։
Կոկռոշենու տերևները պարունակում են C վիտամին, դաբաղանյութեր, ժողովրդական բժշկությունը օգտագործում է թոքերի հիվանդությունների բուժման համար։
Զգուշացում։ Հատապտուղները հակացուցված են ստամոքսի և 12-մատնյա աղիի խոցի դեպքում։
Ինֆարկտ, ստենոկարդիա. Հատապտուղները տրորեք փոքր քանակության ջրի մեջ (10։1) կամ աղացեք։ 2 կգ հումքի մեջ լուծեք 1,2 կգ շաքար։ Լցրեք մանրէազերծված ապակյա տարաների մեջ, փակեք, պահեք սառնարանում։ Կերեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ։
- Հարեք կամ աղացեք 1 կգ կոկռոշենու պտուղ, 200 գ սամիթ, խառնուրդին ավելացրեք 1 միջին չափի տրորած սխտոր, 30 րոպե անց համեմեք աղով, լցրեք տարաների մեջ և փակեք։ Կերեք 1-ական ճ/գ ` օրը 3 անգամ։
Քրոնիկ փորկապություն. 1 ճ/գ հատապտուղը լցրեք 200 մլ տաք ջրի մեջ, 10 րոպե եփեք թույլ կրակի վրա, 30 րոպե թրմեք, քամեք քառատակ ծալած թանզիֆով։ Խմեք 40-ական մլ` օրը 4 անգամ։ Եփուկն ունի հանգստացնող, ցավամոքիչ հատկություն։ Մաշկի բորբոքման դեպքում օգտագործեք թրջոցների համար։
Երիկամների և միզապարկի բորբոքում, միզաքարային և մաշկային հիվանդություններ, կլիմաքսի շրջան. կերեք 100-ական գրամ թարմ հատապտուղ` օրը 3-5 անգամ։
Գիրություն, ինսուլտ. Խմեք 100 մլ հյութի և զտված ջրի խառնուրդ (2։1)` օրը 2 անգամ։ Շաքարային դիաբետի դեպքում խորհրդակցեք բժշկի հետ, կան հակացուցումներ։
Կիսել. Մզեք հյութը, քուսպը (չեչը) եփեք ջրի մեջ, 30 րոպե թրմեք, քամեք։ Թուրմի մեջ լուծեք շաքարավազ, կրկին եռացրեք, ավելացրք կարտոֆիլի օսլա, խառնեք, անջատեք կրակը։ Քսան րոպեից խառնեք կոկռոշի հյութի հետ։ Բաղադրիչների հարաբերությունը` 3-ական մաս հատապտուղ և շաքարավազ, 1 մաս օսլա, 20 մաս ջուր։
Կվաս. 500 գ շաքարը լուծեք 5 լ եռացող ջրի մեջ, անջատեք կրակը։ Օշարակի մեջ լուծեք 2 լ կոկռոշի հյութ և 20 գ խմորիչ (տրորեք 10 գ շաքարավազի հետ)։ Երեք օր թրմեք տաք տեղում, լցրեք ապակե տարայի մեջ, փակեք, պահեք հով տեղում։
«168 ԺԱՄ»
Հ.Գ. Վերջերս կարդացինք մի հրապարակում, որտեղ գրված էր, որ կոկռոշի հատապտղում պարունակվում է զգալի քանակությամբ ամինաթթու տրիպտոֆան, որից մարդու օրգանիզմում գոյանում է «երջանկության հորմոն» սերոտոնինը, իսկ վերջինից` գիշերային ժամերին գոյանում է «քնաբեր» հորմոն մելատոնինը։ Եթե այս տեղեկությունը հաստատվի, զգալիորեն կբարձրանա կոկռոշենու հատապտղի արժեքը, որպես դիետիկ մթերքի։
Հայտնի է, որ տրիպտոֆանով հարուստ են փյունիկյան խուրման, բանանը, սալորը, թուզը, լոլիկը, կաթը, սև շոկոլադը։