Մաքսային միություն. Սպիտակ «նիվա»-ների ժամանակաշրջանը
Մաքսային միությանն Հայաստանի անդամության վերաբերյալ որոշումից հետո, կարևոր է հասկանալ միության տնտեսական բաղադրիչի առավելություններն ու թերությունները:
Մաքսային միությունը ենթադրում է անդամ երկրների միջև ազատ ապրանքաշրջանառություն` հիմնականում առանց մաքսավճարների և միասնական մաքսավճար մաքսային միությունից դուրս երրորդ երկրների հետ ապրանաշրջանառության ժամանակ:
Առաջին հայացքից թվում է, որ մեզ համար իդեալական տարբերակ է, մեր «հիմնական» տնտեսական գործընկեր Ռուսաստանի հետ ավելի կակտիվանան մեր հարաբերությունները, մեր ապրանքներն ավելի լավ պայմաններով կհայտնվեն ռուսական շուկայում, իսկ ներծումվող ապրանքների գներն էլ կէժանանան` շնորհիվ մաքսավճարների բացակայության:
Սակայն, Հայաստանի առևտրատնտեսական առաջին գործընկերը Ռուսաստանը չէ, այլ ԵՄ-ն է: 2013թ. առաջին կիսամյակում Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը կազմել է 655 մլն դոլար, ԵՄ-ի հետ 809 մլն դոլար` 24 տոկոսով ավելի:
Ընդ որում, ԵՄ հետ և ներմուծման և արտահանման ծավալները գերազանցում են Ռուսաստանի հետ ներմուծման և արտահանման ծավալները:
Եվ ահա, այստեղից են սկսում մեր խնդիրները:
Խիստ կասկածելի է, որ Ռուսաստանից ներմուծվող ապրանքների գները կէժանանան՝ հաշվի առնելով տնտեսության մոնոպոլացված վիճակը և այն իրականությունը, որ գնի էժանացման գործոնների ազդեցությունը սպառողների վրա գրեթե չի անդրադառնում:
Իսկ ահա, միասնական մաքսավճարների համակարգի կիրառումը երրորդ երկրներից ներմուծման ժամանակ Հայաստանի համար լուրջ խնդիրներ է առաջացնելու և բերելու է գների բարձրացման:
Այսօր Հայաստանը ներմուծում է լայն սպառման բազմաթիվ ապրանքներ, որոնք էական ազդեցություն ունեն սպառողական գների վրա և չկան ռուսական այլընտրանքները:
Մաքսային միության միասնական սակագներով այդ ապրանքների համար սահմանված վճարները զգալի բարձր են Հայաստանի Մաքսային օրենսգրքով սահմանված վճարներից:
Եվ այսպես. շաքարավազի ներմուծման ժամանակ մաքսատուրք չի գանձվում, իսկ ահա Մաքսային միության սակագներով մաքսատուրքը կազմում է միջինը 100 դրամ 1 կգ համար` կախված ներմուծման ժամանակից, միջազագային գներից: Հայտնի է, որ Հայաստանը շաքարավազ է ներմուծում հիմնականում Բրազիլիայից և ոլորտի մոնոպոլացման առկայությունը անխուսափելիորեն կբերի գների բարձրացման:
Մսամթերքի մաքսատուրքը կազմում է 10 տոկոս, Մաքսային միության սակագներով գանձվելու է 15-25 տոկոս: Թեյի` նույնպես 10 տոկոս մաքսատուրքը փոխարինվելու է 19 տոկոս մաքսատուրքով:
Հացամթերքներից արտադրանքի համար ներկայումս գանձվում է 10 տոկոս մաքսատուրք, Մաքսային միությանն անդամակցումը այդ մաքսատուրքը դարձնում է 13-15 տոկոս:
Ավելանում է նաև օգելից խմիչքի մաքսատուրքերը, մասնավորապես 1 լիտր գարեջրի 50 դրամ մաքսատուրքին փոխարինելու է 250 դրամը, իսկ ահա 1 լիտր օղու 380 դրամի փոխարեն վճարվելու է 750 դրամ:
Առանց մաքսատուրք ծխախոտի համար կիրառվելու է 5 տոկոսանց մաքսատուրք:
Հիմնականում Չինաստանից և Թուրքիայից ներմուծվող շինանյութի, հագուստի, կոշիկի 10 տոկոսանոց մաքսատուրքը դառնալու է 15-20 տոկոս:
Լուրջ թանկացումներ կլինեն նաև դեղագործական ապրանքների ոլորտում, որտեղ ներկայումս բացակայում է մաքսատուրքը: Մաքսային միության սակագներով կիրառվում է 8-12 տոկոս մաքսատուրք:
Վառելիքի համար ներկայումս նույնպես չկիրառվող մաքսատուրքի դիմաց Մաքսային միությունը նախատեսում է 5 տոկոս մաքսատուրք: Նշված մաքսատուրքը խնդիր է առաջացնելու իրանական գազի ներմուծման համար, ինչպես նաև, թեև ռուսական, սակայն Բուլղարիայից և Ռումինիայից ներմուծվող բենզինի համար:
Իսկ ահա, գլխավոր նվերը Մաքսային միությունից մենք ստանալու ենք ավտոմեքենա ներմուծելու դեպքում: Միությանն անդամակցելուց հետո երնեկ ենք տալու այսօրվա աստղաբաշխական վճարներին:
Եթե հիմա ներմուծման ժամանակ վճարում ենք մեքենայի արժեքի 32-52 տոկոսը, ապա շուտով վճարվելու է մեքենայի արժեքի… 300-500 տոկոսը: Այո, օրինակ 5000 դոլարանոց 10 տարվա «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի համար անհրաժեշտ է լինելու վճարել 24.100 դոլար, 10.000 դոլարանոցի համար` 30.150 դոլար:
Այնպես որ, գալիս է սպիտակ «նիվա»-ների ժամանակաշրջանը…
Մեսրոպ Առաքելյան