«Հայաստանը կարող է կառավարվել կա´մ Վաշինգտոնից, կա´մ Մոսկվայից, կա´մ էլ Ազատության հրապարակից»

«Բաղրամյան 26-ը երբեք Հայաստանը չի կառավարել և չի կարող կառավարել»,- այսօր Ազատության հրապարակում` ազատամարտիկների ամենշաբաթյա հանրահավաքին, հայտարարեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը, ով հիմնականում խոսեց Հայաստանի շուրջ աշխարհաքաղաքական վիճակի մասին` հատկապես Մաքսային միություն մտնելու` Սերժ Սարգսյանի հայտարարության ֆոնի վրա:

«Մենք տեսանք` ինչպես էր հզոր Ֆրանսիայի պրեզիդենտը ճամարտակում Միացյալ Նահանգների ամեն մի հանձնարարականի առջև, խայտառա´կ կեցվածք, չկա այդպիսի երկիր` Ֆրանսիա, կա Միացյալ Նահանգների կամակատար:

Եվ մենք ուզում ենք, որ փոքր Հայաստանը կարողանա այս ծովում լինել ինքնուրույն: Մենք գիտենք դրա գաղտնիքը, դա հնարավոր է. Հայաստանը կարող է կառավարվել երեք կետերից` կա´մ Վաշինգտոնից, կա´մ Մոսկվայից, կա´մ էլ Ազատության հրապարակից: Ուրիշ կառավարման կետ Հայաստանի համար գոյություն չունի»,- հայտարարեց Աշոտ Մանուչարյանը:

Ըստ նրա` ուժի համաշխարհային կենտրոնները պետական մեքենաները վերածել են «համաշխարհային փողի կամակատարների», և որևէ «Բաղրամյան 26» ի վիճակի չէ այլ բան անելու, իսկ այդ համակարգն, իր կարծիքով, կոտրվում է միայն ժողովուրդների համախմբման պարագայում: Աշոտ Մանուչարյանի խոսքերով` Հայաստանի քաղաքականությունը կարող է որոշվել միայն «Ազատության հրապարակի» հանձնարարականով և ժողովրդի հավաքական կամքի թելադրանքով, իսկ երբ «առանձին մարդիկ իրենց միակ տերերին փորձում են գտնել դրսում` իրենց պաշտոնը պահպանելու համար», «դա արդեն Հայաստան չէ և Հայաստանի հետ որևէ կապ չունեցող երևույթ է»: Նա շեշտեց, որ առայժմ օրակարգում են մնում երեք կարևոր հարցերը` մտավորականության, երիտասարդությանը և քաղաքական ուժերին մոբիլիզացնելու խնդիրը:

Կարդացեք նաև

«Մենք պետք է իմանանք, որ այսօր աշխարհում չկա որևէ մի երկիր, որն այնքան վեհ է, այնքան գեղեցիկ և ուղին ու իմաստությունը ճանաչող, որ մենք կարողանանք այդ երկրին վստահել մեր երկրի ու ժողովրդի ճակատագիրը: Եթե որևէ մեկը ձեզ ասում է` այ այս մեկն այդպիսին է, եկեք լրիվ հանձնվենք նրան, իմացեք, նա կա´մ անտեղյակ մարդ է, կա´մ վարձկան: Մեր ճակատագիրը պետք է լինի մեր ձեռքում, մենք պետք է խոսենք բոլորի հետ, և Հայաստանն ապացուցել է, որ ի վիճակի է խոսել ամենահզորների հետ և նրանց հետ գալ անհրաժեշտ համաձայնությունների: Եվ հզորների հետ խոսելիս` իմանանք մի բան, պետք է սովորենք խոսել ժողովուրդների հետ»,- ասաց Մանուչարյանը:

«Ինչ վերաբերում է երկրներին, մենք խոսեցինք խոշոր երկրներից, մենք տեսել ենք այդ երկրների և´ մի վարքագիծը, և´ մյուսը: Մենք տեսել ենք այդ երկրների վարքագիծը, երբ մենք կանգնած ենք և միասնական` որպես ժողովուրդ, և այն ժամանակ, երբ մեր բախտը հանձնարարված է ինչ-որ կամակատարների: Ասում են` Ռուսաստանի քաղաքականության մասին, ասում են` գիտեք, նվաստացուցիչ էր, ինչ արեց, ինչպես արեց և այլն: Մենք տեսել ենք երկու Ռուսաստան` այն Ռուսաստանը, որը Շահումյանի օպերացիայի ժամանակ օգնեց Ադրբեջանին, օգնեց, որպեսզի հաստատվի Ադրբեջանում:

Հայաստանն այդ ժամանակ կողմնորոշված չէր, և Ռուսաստանը նույնպես կողմնորոշված չէր, մենք չգիտեինք` ով է մեր դաշնակիցը, մենք չգիտեինք` ով է մեր բարեկամը, և մենք իմացանք` ինչ կարող ենք տեսնել գերտերության կողմից: Բայց ազատամարտի Հայաստանն այն ժամանակ կայացրեց ճշգրիտ որոշումներ: Մենք կարողացանք գտնել ընդհանուր կետեր, կարողացանք շոշափել քաղաքականություն, որն առաջարկվեց Ռուսաստանին` համատեղ տարածաշրջանում հաստատել խաղաղության, բարեկամության և զարգացման մի միջավայր: Այդ բանից հետո մենք տեսանք Ռուսաստանին` որպես ստրատեգիական դաշնակից, երբ Քելբաջարի օպերացիայից հետո ռուսական բանակը մտավ Զանգեզուր, որպեսզի ճեղքող թուրքն իմանա, որ կրակելու է ռուսական, այլ ոչ հայկական դրոշի վրա…

Այդ օրերին մենք տեսանք դաշնակից Ռուսաստան և հասկացանք մի բան` Ռուսաստանը կարող է լինել և´ դաշնակից, և´ կարող է լինել հակառակորդ: Եվ ամեն ինչ կախված է մի բանից` ի՞նչ խնդիր է իր առջև դրել հայ ժողովուրդը և ի՞նչ հանձնարարական է տվել նրանց, ովքեր իր կամքն է կատարում: Եթե այդ կամքը գոյություն չունի, իմացեք, Ռուսաստանում, Վաշինգտոնում և, Աստված գիտի` էլ որ կետում, գնում է միայն անձնական և խմբակային առևտուր, ուրիշ ոչինչ»,- ասաց Աշոտ Մանուչարյանը:

Տեսանյութեր

Լրահոս