Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ նախագահին
Սեպտեմբերի 4-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Պերճ Սեդրակյանին: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց ազգային-եկեղեցական զանազան հարցերի:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահը կարևորեցին աշխարհասփյուռ հայության և ազգային կառույցների ու հաստատությունների շարունակական աջակցությունը սիրիահայությանը Սիրիայում տիրող դժվարին այս շրջանում:
Ուրախությամբ ընդունելով առաջիկա սեպտեմբերի 24-27-ը Մայր Աթոռում գումարվելիք Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի մասին տեղեկությունը` ՀԲԸՄ նախագահն իր մաղթանքները բերեց ժողովի աշխատանքներին` ընդգծելով եպիսկոպոսաց ժողովի կարևոր առաքելությունը համայն հայության կյանքում:
Հանդիպմանը մասնավոր անդրադարձ կատարվեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի գործունեությանը, կրթական, սոցիալական և եկեղեցաշինական ծրագրերին: Այս առիթով Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց ինչպես անձնապես տիար Պերճ Սեդրակյանին` որպես Մայր Աթոռի բարերարի, այնպես և ՀԲԸՄ բոլոր անդամներին` Ս. Էջմիածնի հանդեպ իրենց ուշադրության և նվիրումի համար:
Իր հերթին ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանն իր հավատարմությունը հայտնեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնին և վստահեցրեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը շարունակելու է ըստ ամենայնի զորակցել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գործունեությանը և Մայր Աթոռի ազգանպաստ ծրագրերին: