Ալեքսանդր Սիրունյանը՝ դատական նիստը հետաձգելու մասին. «Դատում եք՝ արագացրե՛ք, դատե՛ք, վերջացրե՛ք» (տեսանյութ)

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր Պարույր Հայրիկյանի դեմ ամահփորձի գործով դատական նիստը, որը, սակայն, հետաձգվեց, քանի որ դատարան չէր ներկայացել գործով ամբաստանյալ Սամվել Հարությունյանի պաշտպան Գայանե Գալոյանը: Նա դատարանին հայտնել էր, որ նշանակված դատական նիստին ներկայանալ չի կարող առողջական խնդիրների պատճառով, ուստի խնդրել էր նիստը հետաձգել:

Դատարանում Գայանե Գալոյանն այսօր պետք է պաշտպանական ճառը ներկայացներ: Դատարանը բավարարեց պաշտպանի միջնորդությունը և հաշվի առնելով դատարանի ծանրաբեռնվածությունը՝ հաջորդ դատական նիստը նշանակեց սեպտեմբերի 14-ին:

Նիստի ավարտից հետո մինչև դատարանի դահլիճից հեռանալը այդ կապակցությամբ իր բողոքն արտահայտեց գործով ամբաստանյալ, նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը: Նրա պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը լրագրողներին հայտնեց, որ Վ. Սեդրակյանի բողոքը հարուցել է այն, որ նիստը 14 օրով է հետաձգվել. յուրաքանչյուր ոք, ըստ պաշտպանի, ունի ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունք:

«Դատում եք, արագացրե՛ք, դատե՛ք, վերջացրե՛ք»,- բողոքեց Ալեքսանդր Սիրունյանը: Նրա խոսքով՝ շատ հնարավոր է, որ Գայանե Գալոյանի պաշտպանական ճառից հետո ամբաստանյալներին իրենց վերջին խոսքին պատրաստվելու համար ժամանակ խնդրեն, ինչը ևս ժամանակ կխլի:

Լրագրողները Ալ. Սիրունյանից հետաքրքրվեցին նաև՝ արդյոք Վարդան Սեդրակյանը պատրա՞ստ է վերջին խոսքին: Ի պատասխան Ա. Սիրունյանը հայտնեց, որ Վարդան Սեդրակյանը միշտ է պատրաստ խոսելու: Նրա խոսքով՝ շաբաթվա ընթացքում երկու անգամ Վարդան Սեդրակյանին մոտ 100 էջանոց գիրք են հանձնում, 3 օր հետո դրա փոխարեն նորն են տալիս:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս