Շարմազանով. Մենք հիմա ընթանում ենք «և-և» տարբերակով և ոչ թե՝ «կամ-կամ»
Հարցազրույց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ
– ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն այսօր հայտարարել էր, թե Հայաստանը ստորագրելու է ԵՄ Ասոցացման համաձայնագիրը, ինչից հետո հրապարկվեց, որ Ռուսաստանում պաշտոնական այցով գտնվող Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտնել է Մաքսային միության անդամակցության մասին: Անակնկալ չէ՞ր նախագահի այս հայտարարությունը:
– Հայտարարության մեջ որևէ անակնկալ չկա, որովհետև բազմաթիվ անգամներ Հայաստանի իշխանությունն ամենաբարձր մակարդակով նշել է, որ կողմնակից ենք խորացնելու հարաբերությունները ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ, Եվրասիական տարածաշրջանում, Եվրասիական կառույցներում: Դրա վառ ապացույցը նաև այն է, որ ապրիլին ստորագրվեց Հայաստանի կառավարության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև փոխհամագործակցության հուշագիր (փաստաթուղթը ստորագրել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն,- Տ.Մ.):
Որևէ մեկն այսօր չի հայտարարել, որ մենք հրաժարվում ենք եվրոպական կառույցների հետ երկխոսելուց: Պարոն նախագահը նշել է, որ որոշումը` մտնել Մաքսային միություն, չի նշանակում, որ Հայաստանը հրաժարվում է Եվրոպայի հետ երկխոսելուց:
– Չի՞ վտանգում այս հայտարարությունը Ասոցացման համաձայնագրի նախաստորագման ընթացքը:
– Դիտարկել սա որպես կտրուկ հայտարարություն այն մասին, որ մենք դադարեցնում ենք մեր բանակցությունները Եվրոպայի հետ, համագործակցությունը եվրոպական կառույցների հետ՝ անլրջություն է: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ շարժվում ենք «և-և» քաղաքականությամբ, այնպես որ՝ ոչ մի հակասական քայլ այստեղ չկա:
– ԵՄ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրմանն ընդառաջ տեսակետներ էին հնչում, որ Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա ճնշումներ են գործադրվում: Այդ ֆոնին տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանը «վախեցել» է և չի ցանկանում կորցնել ռուս գործընկերոջը: Այդպե՞ս է:
– Նման գնահատականներն ինձ համար պրիմիտիվ են: Սերժ Սարգսյանի կառավարման օրոք այս հինգ տարիների ընթացքում խորացվել են ՌԴ-ՀՀ հարաբերությունները` ռազմական, քաղաքական, հումանիտար, տնտեսական և այլ ոլորտներում: Մյուս կողմից՝ խորացվել են հարաբերությունները եվրոպացի ու ամերիկացի գործընկերների հետ: Սրանք փաստեր են: Կարծում եմ` որևէ մեկի համար նորություն չպետք է լինի, որ ՌԴ-ն Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, որ մենք ունենք անվտանգության խնդիր, որ ՀՀ-ն, ՌԴ-ն ՀԱՊԿ անդամներ են… Մենք ընդամենը հայտարարել ենք, որ շարունակում ենք խորացնել հարաբերություննները ռազմավարական դաշնակցի հետ` պատրաստակամ լինելով շարունակել համագործակցությունը եվրոպացի գործընկերների հետ:
– «Եվ-և» համագործակցության տարբերակը, որը ինչպես Դուք եք հայտարարում, ընտրված է ՀՀ իշխանությունների կողմից, հիմա հա՞րթ է ընթանում է:
– Այնուամենայնիվ, մենք հիմա ընթանում ենք «և-և» տարբերակով և ոչ թե «կամ-կամ»: ՀՀ իշխանությունները մշտապես խոսել են Հայաստանի պատրաստակամության վերաբերյալ՝ ինտեգրվել եվրասիական կառույցներին, երյխոսությունը զարգացնել եվրոպական կառույցների հետ: Կրկնում եմ` այս որոշումը չի նշանակում, որ մենք դադարեցնում ենք բանակցությունները եվրոպական կառույցների հետ:
– Գուցե Հայաստանը «և-և» քաղաքականությունն է որդեգրել, բայց չե՞ք կարծում, որ Ռուսաստանից և Եվրոպայից հնչող կարծիքները հակառակի մասին են վկայում:
– Հայաստանն իր ընտրությունը կատարել է սեպտեմբերի 21-ին: Ինչպես անկախ պետություն, մենք իրականացնում ենք մեր քաղաքականությունը, որը բխում է պետական շահերից: Մեր պետական շահը մեզ հուշում է, որ մենք պետք է խորացնենք մեր հարաբերությունները գործընկեր ՌԴ-ի հետ, շարունակենք երկխոսությունը եվրոպական կառույցների հետ: «Կամ-կամ»-ը մեզ համար ընդունելի չէ: Սրա մասին մենք բազմիցս ասել ենք, պետության ղեկավարը շատ անգամներ հայտարարել է: Դրա համար որակել նախագահի հայտարարությունը որպես սյուրպրիզային` անընդունելի է:
– Պարոն Շարմազանով, 168.am–ի տեղեկություններով, Սերժ Սարգսյանի հետ միաժամանակ Մոսկվայում է եղել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով հուշել է` Եվրասիական ու Մաքսային միությունների հետ Հայաստանի հարաբերությունների հարցերում ինչպես վարվել:
– Ես սա համարում եմ մեկնաբանությանը ոչ արժանի տեղեկատվություն, որովհետև փաստեր չունեմ: Այն, որ ՀՀ ղեկավարի օրակարգում եղել է ՌԴ հարաբերությունների հետ խորացումը, փաստ է, և հուշման կարիք չունի: Թե ով ում է հուշել, տեսական գնահատական է և հարկ չեմ համարում անդրադառնալ սրանց: