
Քաղաքացին վնասվածքներ է ստացել շրջադարձի ժամանակ ճանապարհի փլվելու և ավտոմեքենան շրջվելու հետևանքով

Սեպտեմբերի 1-ին, ժամը 18.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում ահազանգ է ստացվել, որ «մարմնի բազմաթիվ սալջարդ վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1972 թ. ծնված Պավլիկ Հ.-ն, որը հիվանդանոցում և մեկնած օպերատիվ խմբին հայտնել էր, որ վնասվածքները ստացել է տան տանիքից վայր ընկնելու հետևանքով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում սեպտեմբերի 2-ին, ժամը 16.30-ին պարզվել է, որ Պավլիկ Հ.-ն վնասվածքները ստացել է սեպտեմբերի 1-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի բաց հանքում, աշխատանքի ժամանակ, իրեն ամրակցված «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայով՝ շրջադարձի ժամանակ ճանապարհի փլվելու և ավտոմեքենան շրջվելու հետևանքով:
Հանգամանքները պարզվում են:
Պավլիկ Հ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է քննություն: