Արգիշտի Կիվիրյանը ցուցմունքը դեռ չի ուղարկել ՀՔԾ
Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել Ոստիկանության Արաբկիրի բաժնում Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը: Քրեական գործը հարուցվել է օգոստոսի 24-ին ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացի Արգիշտի Կիվիրյանին ոստիկանության բաժին բերման ենթարկելու ընթացքում Ա. Կիվիրյանի կողմից ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ: Ա. Կիվիրյանը սակայն, պնդում է, որ ոստիկաններն են իր հանդեպ բռնություն գործադրել, և ինքը գործով տուժող պետք է ճանաչվի: Օգոստոսի 30-ին Արգիշտի Կիվիրյանն իր 30 փաստաբաններով գնացել էր ՀՔԾ՝ վկայություն տալու, սակայն ՀՔԾ-ում համաձայն չեն եղել, որ Ա. Կիվիրյանն այդքան փաստաբանների հետ մտնի ներս:
ՀՔԾ մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ չեն համաձայնել, որ Արգիշտի Կիվիրյանը 30 փաստաբանների ներկայությամբ հարցաքննվի: Ի պատասխան մեր հարցի՝ Մ. Ահարոնյանն ասաց. «Արգիշտի Կիվիրյանը իր կնոջ՝ փաստաբան Լուսինե Սահակյանի ներկայությամբ օգոստոսի 30-ին վկայություն է տվել»:
Մեր հարցին՝ արդյոք 30 փաստաբանների ներկայությամբ հարցաքննություն չանցկացնելը պայմանավորված է եղել տեխնիկական խնդիրներով, Մ. Ահարոնյանը պատասխանել է. «Խնդիրը թողնել-չթողնելը չէ: Ես կրկնում եմ, որ Ա. Կիվիրյանը վկայություն է տվել: Ես ձեռնպահ եմ մնում իր բարձրաձայնած որոշումներից և ասում, որ ՀՔԾ-ն իր աշխատանքային պայմանները առանձնապես փոխելու մտադրություն չունի»: Միքայել Ահարոնյանը հավելեց նաև, որ այս պահին Արգիշտի Կիվիրյանը հարուցված քրեական գործով անցնում է որպես վկա:
Արգիշտի Կիվիրյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ օգոստոսի 30-ին ՀՔԾ ներկայացել է իր 30 փաստաբաններով և պահանջել, որ բոլոր փաստաբանների համար անցաթուղթ իջեցվի. «Քննիչը հրաժարվել է, դրանից հետո հեռախոսով խոսել եմ քննիչի հետ, ինքը սկսեց հարցականի տակ դնել, որ տեղյակ չէ՝ ում հետ է խոսում, ասել, որ բարձրանանք, ներկայացնենք այդ փաստաբանների ցանկը: Լուսինե Սահակյանի հետ բարձրացել ենք, ներկայացրել ենք այդ փաստաբանների ցանկը, 30 հոգու անունները արձանագրվել են:
Պահանջել եմ, որ իրենց համար էլ անցաթուղթ տրամադրվի, որպեսզի իրենք բարձրանան վերև, կարողանան լիարժեք ներկայացնել իմ շահերը: Հենց որ այդ պահանջը չի կատարվել, ես բացարկ եմ հայտնել քննիչին նաև այդ հիմքով, այլ հիմքեր էլ են եղել: Այդ հիմքով բացարկ եմ հայտնել քննիչին և իջել եմ ներքև: Այդքանն եմ գրել: Ես նշել եմ, որ քանի որ այս պարագայում ինձ չի տրամադրվում հնարավորություն ներկայացնել լիարժեք ցուցմունք, ես իմ ցուցմունքը գրավոր կուղարկեմ»: Ա. Կիվիրյանն ասաց, որ իր գրավոր ցուցմունքը դեռ չի ուղարկել ՀՔԾ. այս պահին փաստաբանների հետ աշխատում են այդ ուղղությամբ:
«Քանի որ այդ հնարավորությունը չտրվեց, ես արձանագրել եմ փաստաբանների անունները, պահանջն եմ ներկայացրել, այդ պահանջը մերժվել է` պատճառաբանելով դա, ինչպես նաև այն, որ մինչ օրս իմ հաղորդումների հիման վրա քրեական գործ չի հարուցվել, ես տուժող չեմ ճանաչվել, ինձ ապօրինի կերպով վկայի կարգավիճակ է ներկայացվում, այն պարագայում, երբ փաստացի գործը հարուցված է իմ դեմ, այդ իսկ պատճառով ես բացարկ եմ հայտնել քննիչին»,- ասաց Արգիշտի Կիվիրյանը: Նա նշեց նաև, որ տեղյակ չէ՝ ինչ եզրակացություն է տվել դատաբժիշկը. «Դեպքից հինգ օր անց ինձ վերջապես տրվեց դատաբժշկի ուղեգիր, փոխանակ անհապաղ տրամադրեին այդ պարագայում. այդ ուղեգիրը տրամադրվեց 5 օր անց: Ես ներկայացել եմ դատաբժշկին, բայց եզրակացությանը ծանոթ չեմ»:
«168 ԺԱՄ»