ՍԴՀԿ ատենապետի պաշտոնի համար կպայքարեն նախկին մանրավաճառն ու վարժապետը

Սեպտեմբերի 10-ին Երևանում տեղի է ունենալու ՍԴՀԿ 20 համագումարը: Սա համահնչակյան երկրորդ համագումարն է, որ անցկացվելու է Հայաստանում: Նախորդ համագումարը տեղի է ունեցել 2009թ.:

Ինչպես նշել էինք, այս համագումարում սպասվում է կրքերի լուրջ թեժացում և բախումներ կուսակցական մի քանի խմբավորումների միջև: Ամենասուրը ընկալվում է այն տեղեկությունը, որ կուսակցության համագումարում ցանկանում են մի որոշում կայացնել, ըստ որի` հայաստանյան կառույցը չպետք է ներկայացված լինի Կենտրոնական վարչությունում:

Ըստ կուսակցության կանոնադրության, վարչության անդամների թիվը կարող է լինել 5-13, բայց վերջին մի քանի համագումարներում միշտ ընտրվել է 9 հոգանոց վարչություն, որում երկու տեղ հատկացվել է հայաստանյան կառույցին: Բայց պրակտիկան ցույց է տվել, որ վարչության սփյուռքի և Հայաստանի ներկայացուցիչների հարաբերությունները միշտ էլ լարված և նույնիսկ թշնամական են ստացվել: Սփյուռքը, ունենալով մեծամասնություն վարչությունում, Հայաստանը ներկայացնող վարչության անդամներին կամ հեռացրել է կուսակցությունից, կամ մեկուսացրել է որոշումների կայացումից: Բայց դա այս կուսակցության միակ առանձնահատկությունը չէ:

Սփյուռքում գործող երեք ավանդական կուսակցություններից ՍԴՀԿ-ն աչքի է ընկնում հատկապես նրանով, որ այս կուսակցությունը հետևողականորեն չի կատարում իր իսկ կայացրած որոշումները: Սկսենք նրանից, որ կուսակցության 18-րդ համագումարում, որը տեղի է ունեցել 2005թ. Կիպրոսում, որոշում էր կայացվել, որ ՍԴՀԿ-ն պետք է դառնա հայաստանակենտրոն: Սա նշանակում էր, որ կուսակցության Կենտրոնական վարչությունը պետք է տեղափոխվեր Հայաստան, ինչպես ՀՅԴ-ի դեպքում Հայաստան տեղափոխվեց Բյուրոն:

Կարդացեք նաև

ՍԴՀԿ ԿՎ երկար տարիներ եղել և գործել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում, քանի որ այդ երկրում հայ ավանդական կուսակցություններին հնարավորություն էր տրված մասնակցել երկրի քաղաքական կյանքին` ընտրություններին: Ըստ ընդունված ավանդույթի, ՍԴՀԿ ատենապետեր էին ընտրվում լիբանանյան կառույցի ներկայացուցիչները: Նույնիսկ երբ բեյրութահայ Վահրիճ Ջերեջյանին փոխարինեց սիրիահայ Տիրան Ակինյանը, միևնույն է` ՍԴՀԿ վարչության լիագումար նիստերը գումարվում էին Բեյրութում և ԿՎ նստավայրը համարվում էր Բեյրութը: Բայց երբ Ակինյանի մահից հետո ՍԴՀԿ ատենապետ ընտրվեց ԱՄՆ-ում բնակվող Սեդրակ Աճեմյանը, իսկ ատենադպիր՝ Վազգեն Խոտանյանը, Կենտրոնական վարչությունը փաստացիորեն տեղափոխվեց Միացյալ Նահանգներ: Սա կուսակցության համագումարի որոշման կոպիտ խախտում էր, բայց որևէ մեկը դրա մասին կուսակցության ատենապետից հրապարակայնորեն հաշիվ չպահանջեց:
Հաջորդ, ոչ պակաս կարևոր շեղումը կուսակցության բարձրագույն մարմնի` համագումարի կայացրած որոշումից այն է, որ 2009թ. տեղի ունեցած 19-րդ համագումարում որոշում կայացվեց, որ կուսակցությունը շարունակելու է պահպանել իր ընդդիմադիր կեցվածքը գործող իշխանության նկատմամբ` շարունակելով գործունեություն ծավալել ՀԱԿ շրջանակներում: Սակայն նույն Սեդրակ Աճեմյանը մեկ տարի անց որոշեց, որ ՍԴՀԿ-ն պետք է աջակցի գործող իշխանությանը, և ՍԴՀԿ-ն առաջինն էր` որ հայտարարեց նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու մասին, այն առաջիններից էր նաև Սերժ Սարգսյանին նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ շնորհավորողների թվում: Հենց այդ որոշման պատճառով տեղի ունեցավ ՍԴՀԿ հերթական պառակտումը, երբ կուսակցության հայաստանյան կառույցի ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը հայտարարեց, որ չի ենթարկվում Աճեմյանի որոշմանը: ՍԴՀԿ հայաստանյան կառույցը կիսվեց իշխանամետների և ընդդիմադիրների:

Որևէ մեկը թեկուզ խիստ մոտավոր բացատրություն չտվեց, թե ինչու Աճեմյանը շեղվեց կուսակցության համագումարի որոշումից և ինչ քաղաքական պատասխանատվություն պետք է կրի դրա դիմաց: Նույնիսկ այն մարդիկ, ովքեր հրապարակայնորեն աջակցում են Աճեմյանին և կողմ են եղել դիրքորոշման փոփոխությանը, ասում են, որ դա հակականոնադրական է:

2009թ. տեղի ունեցած համագումարում Հայաստանից ԿՎ անդամներ ընտրվեցին Գուրգեն Եղիազարյանը և Վահան Շիրխանյանը: Գուրգեն Եզիազարյանը միակն էր վարչության կազմում, ով պնդում էր, որ կուսակցությունը պետք է շարունակի պահպանել իր ընդդիմադիր կեցվածքը, և նա միակն էր, ով հեռացվեց ԿՎ անդամությունից: Վահան Շիրխանյանը որոշ ժամանակ շարունակեց համագործակցել Սեդրակ Աճեմյանի հետ` ողջյունելով ՍԴՀԿ-ն ՀԱԿ-ից տարանջատելու Սեդրակ Աճեմյանի որոշումը, սակայն հետագայում Շիրխանյանը ևս հայտնվեց «սև ցուցակում» և մեկուսացվեց: Ֆորմալ առումով նա շարունակում է մնալ կուսակցության Կենտրոնական վարչության անդամ, բայց սեպտեմբերի 10-ին մեկնարկվող 20-րդ համագումարում նա այլևս վարչության անդամ չի ընտրվի, և նրա սոցիալ-դեմոկրատական կարիերան այդպիսով անփառունակ վախճան կունենա:

Ինչպես նշեցինք, սփյուռքի հնչակյան ընկերները որոշել են այլևս հրաժարվել վարչության կազմում Հայաստանը ներկայացնող անդամ ունենալուց: Փորձը նրանց ցույց է տվել, որ հայաստանցիների պատճառով իրենք ավելորդ գլխացավանք են ունենում: Հայաստանցիները թեկուզ շատ հազվադեպ, բայց երբեմն առաջնորդվում են որոշակի սկզբունքներով, ինչը այնքան էլ սփյուռքի ներկայացուցիչների սրտով չէ: Դրա փոխարեն կարելի է ունենալ թույլ և հնազանդ կառույց, որը չունի ամբիցիաներ և կարող է բավարարվել մի քանի հարյուր դոլար գոյատևման համար տրվող գումարով, ինչը գոյություն ունի այսօր:

Հնչակյան կուսակցությունը, որը ստեղծվել էր սոցիալ-դեմոկրատիայի գաղափարական հենքի վրա, որը քարոզում է սոցալական արդարություն և հավասարություն, հիմա վերածվել է փողի կուսակցության, որտեղ ամեն ինչ որոշվում է փողով և փողի քանակությամբ:

Այս համագումարում ատենապետի պաշտոնի համար պայքարելու են գործող ատենապետ Սեդրակ Աճեմյանը և Սեպուհ Գալփակյանը: Հնչակյաններն ասում են, որ Սեպուհ Գալփակյանը նախկին վարժապետ է, բավական կիրթ անձնավորություն, բայց ֆինանսական սուղ հնարավորություններով: Սեդրակ Աճեմյանը, ով նախկինում մանրավաճառ է եղել, ԱՄՆ-ում բավական մեծ ֆինանսական հաջողության է հասել: Հնչակյանները համոզված են, որ հենց վերջին հանգամանքն էլ վճռորոշ ազդեցություն կունենա ատենապետի ընտրության արդյունքի վրա: Սոցիալ-դեմոկրատիայի գաղափարներով տոգորված հայաստանցի և սփյուռքահայ հնչակյանները ունեն մեկ ընդհանրություն. սերը դեպի փողը: Չնայած կան մարդիկ, ովքեր պնդում են, որ ամեն ինչ այդքան կանխատեսելի չի լինելու, և սեպտեմբերի 10-ին հետաքրքիր անակնկալներ են խոստանում:
«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս