«Մենք ոչ մի երկրի վրա ներազդելու այնքան ռեսուրսներ չունենք, որքան Ռուսաստանի վրա»
Ասում է նախկին ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանը
– Համամի՞տ եք այն տեսակետներին, որ արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանն իր քայլերը ՌԴ «դաբրոյով» է կատարում, ինչը բացառություն չի լինելու նաև Ասոցացման պայմանագրի ստորագրման հարցում:
– Համամիտ եմ և զարմանում եմ, որ ԵՄ-ն առանց լուրջ երաշխիքների այս իշխանության հետ այդպիսի բանակցություններ է վարում: Եթե պարզվի, որ դա խաղ էր (իսկ դա կպարզվի շուտով, երբ Հայաստանի նախագահը կսկսի պոչ խաղացնել` անիրապաշտական կամ անիրագործելի պահանջներ դնելով ԵՄ-ի առջ—, ինչպես թուրքական սահմանի բացման պահանջն էր Վարշավայում), ապա գոնե ինձ համար պարզ կլինի, որ ԵՄ-ը նույնպես մասնակից է Հայաստանի պետականության կործանմանն ուղղված ռուս-թուրք-ադրբեջանական դավադրությանը:
– ՀՀ-ում ՌԴ դեսպանատան առաջին քարտուղարը վերջերս հայտարարեց, որ Հայաստանի համար քաղաքական վեկտորի ընտրության առումով «թեժ աշուն» է սպասվում: Ինչպե՞ս կգնահատեք ռուս դիվանագետի այս հայտարարությունը:
– ՌԴ դեսպանատան աշխատակիցը միայն Հայաստանում կարող է իրեն թույլ տալ այդպիսի դրդիչ, հրահրիչ, սադրիչ և քարոզչական լկտի արտահայտություն անել: Հարց է առաջանում` դու ո՞վ ես, որ օտար երկրում, փաստորեն, սպառնալից հայտարարություն ես անում, թե «թեժ աշուն» ես սարքելու այդ երկրի գլխին կամ քեզ թույլ ես տալիս ուղղորդել այլ կողմերի հետ այդ երկրի հարաբերությունները: Եթե մենք նորմալ պետություն լինեինք, ապա այսօր այն 48 ժամն արդեն լրացած կլիներ, որը տրվում է դիվանագիտական էթիկայի կանոնները կոպտորեն խախտող անցանկալի անձնավորությանը երկիրը լքելու համար:
– Կարծիքներ կան, որ ՌԴ ճնշումը կարող է մեծանալ Ասոցացման համաձայնագրի նախաստորագմանն ընդառաջ: Ըստ Ձեզ` ինչպե՞ս կարտահայտվի այդ ճնշումը հետագայում:
– Դա հայտնի է, Ռուսաստանը մասնագիտացել է իր հարևաններին ճնշելու ասպարեզներում` վառելիքակիրների մատակարարում, առևտուր` այդ թվում զենքի, էթնիկ խնդիրներ, ներքին խառնակչություններ, երբեմն էլ ագրեսիա կամ երրորդ կողմի հրահրումը դեպի ագրեսիա: Բայց կարևորը դա չէ, այլ այն, թե մենք ինչպիսի պատասխաններ ունենք այդ քայլերին: Ես կարծում եմ, որ մենք ոչ մի երկրի վրա ներազդելու այնքան բավարար ռեսուրսներ չունենք, որքան Ռուսաստանի վրա: Հենց դրանց միջոցով էլ պետք է դիմագրավել ռուսական ճնշումները, որոնք շատ երկար տևել չեն կարող, եթե իշխանությունը ակտիվ, բաց և նպատակաուղղված գործունեություն վարի միջազգային ասպարեզներում: