Մենք կարող ենք մեր սպասվելիք հեղափոխությունը սկսել Լեռնային Ղարաբաղից. Աշոտ Մանուչարյան

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը, այսօր հրավիրված մամուլի ասուլիսում խոսելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման տարեդարձի մասին, կարծիք հայտնեց, որ սեպտեմբերի 2-ը ոչ միայն ԼՂՀ ժողովրդի, այլ ողջ հայության հաղթանակի օրն է:

«Հաղթանակը հետևյալ իմաստով է. մենք ունեինք նոր որակի մարդ, նոր որակի մարդկային համայնքի ձևավորում, և դա առաջացնում էր ողջ աշխարհի հիացմունքը, այդ տեսակետից` այդ նոր որակը նաև մարդկությանն էր պատկանում: Մենք կարողացանք պահպանել այդ նոր որակը տարիներ շարունակ, մինչև մոտավորապես 2000 թվականը մենք ունեցել ենք անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Իսկ հետո մենք սկսեցինք սրընթաց կերպով կորցնել այդ որակ, որովհետև Հայաստանի Հանրապետությունը սկսեց կորցնել իր անկախական որակները: Բազմաթիվ անգամ խոսել ենք` անկախությունը դրոշ չէ, օրհներգ չէ և անգամ նախագահի մեքենա չէ, մի փոքր ավելի բարդ համակարգ է, առաջին հերթին այն է, որ դուք ունեք ինքնուրույն մտածող մարդկային համայնք, որն ունի իր պատկերացումն աշխարհի և մարդու մասին: Եթե կորցնում եք այդ որակները և կրկնում եք շվեյցարացու մտածելակերպը, որքան էլ լավ կրկնեք, այլևս անկախ չեք: Այդ տեսակետից` թե´ Հայաստանը, թե´ ԼՂՀ-ն այսօր այդպիսին չեն և շարունակում են կորցնել իրենց անկախությունը: Բայց, բոլոր դեպքերում, մենք ունենք 91 թիվը, մենք ունենք այն ամենն, ինչ դրան նախորդել է և դեռևս ունենք փայլուն ապագան, որը մեզ սպասվում է»,- ասաց Ա. Մանուչարյանը:

Նա նշեց, որ ԼՂՀ-ն իր գոյության առաջին օրերից իրականացրել է ինքնուրույն քաղաքականություն, թեև, իհարկե, միայնակ չէր այդ գործում և հենվում էր ՀՀ-ի վրա:

«ԼՂՀ-ն ունեցել է Կովկասի տարածաշրջանի ձևավորման սեփական հայեցակարգը` ինչպես կազմավորել այդ տարածքը, ինչպես կազմավորել, առաջին հերթին, Կասպից արևմուտքը, այն, ինչ մենք այսօր պարտադրված ենք անվանել Ադրբեջանի հանրապետություն, քանի որ Մոսկվան խախտեց այն օրենքները, որոնք ընդունված էին ԽՍՀՄ-ում` հանրապետությունների անկախությունը ճանաչելու կտրվածքով: Այսինքն` Մոսկվան չկատարեց իր պարտականությունները, այդ պատճառով` ԼՂՀ-ի անցկացրած հանրաքվեն մնաց օդում կախված»,- ավելացրեց նա:

Կարդացեք նաև

Հարցին, թե ո՞ւմ վարած քաղաքականության հետևանքով է ԼՂՀ-ն կորցրել իր ինքնուրույնությունը, Ա. Մանուչարյանը պատասխանեց. «Հասկանո՞ւմ եք, ողբերգությունը սկսվեց նրանից, որ մի պետության նախագահը դարձավ մի ուրիշ պետության վարչապետ: Կա´մ դա նույն պետությունն է, այդպիսի հայեցակարգ գոյություն ուներ, դա կլիներ այն դեպքում, եթե միջազգային ատյանները չճանաչեին մի գործընթացի օրինականությունը, բայց քանի որ նրանք ճանաչեցին այդ անկախության գործընթացի կիսալեգիտիմությունը, ավելի տրամաբանական էր, որ այդ գործընթացը շարունակվեր: Մեկ էլ կատարվեց մի քայլ` այդ տրամաբանությունից դուրս: Երբ մի պետության ղեկավարը դառնում է մի ուրիշ պետության ղեկավար, նա սկսում է ավտոմատ ղեկավարել իր նախկին ենթականերին, և այդ տրամաբանությունը սկսեց ամրապնդվել: Դա շատ ցավալի փաստ էր: Անձի խնդիրը չէ, եթե պատերազմի տարիների մամուլը թերթեք, չեք գտնի մի փաստ, որ Հայաստանը խառնվել է Լեռնային Ղարաբաղի որևէ հարցին»:

«Ներկա փուլում ես օրումեջ կարդում եմ, թե ոնց է Հայաստանի Հանրապետության զինվորական և ոչ այնքան զինվորական դատախազությունը ինչ-որ հարցեր քննարկում ԼՂՀ-ում, այս մարդը ստեղ գնաց, այն մարդն այստեղ եկավ և այլն: Մի խոսքով` դարձել է շիլաշփոթ…Եթե կարող են ՀՀ նախագահին ամեն վայրկյան հրավիրել մի միջազգային ատյան և ասեն` էդ քո Լեռնային Ղարաբաղը ինչ ա անում, սա արդեն պրոբլեմ է դառնում»,- ավելացրեց Ա. Մանուչարյանը:

Աշոտ Մանուչարյանից նաև հետաքրքրվեցին, թե այդ դեպքում ինչպե՞ս է տեսնում ԼՂ խնդրի լուծումը:

«Մենք կարող ենք մեր սպասվելիք հեղափոխությունը (նկատի ունեմ նախևառաջ արժեհամակարգերի հեղափոխությունը) սկսել Լեռնային Ղարաբաղից, և առաջին հերթին Ղարաբաղում լինի ժողովրդի նոր համախմբում` նոր որակների, նոր մտքերի և էությունների շուրջ: Ի դեպ, ձեզ ասեմ` մեր հեղափոխություններն այնտեղից շատ ավելի լավ են ստացվում: Այդ դեպքում Ղարաբաղը կստանա այդ որակները, Հայաստանն արագ կվարակվի նրանից, հետո կմիանա սփյուռքահայությունը, և մենք կունենանք այն, ինչ ունեինք 20 տարի առաջ` շատ ավելի բարձր որակով»,- ի պատասխան ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:

Հիշեցնենք, որ 1991 թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակեց իր անկախությունը:

Տեսանյութեր

Լրահոս