Բաժիններ՝

Թուրքիայում մեկնարկել է 1997 թվականի հետմոդեռնիստական հեղաշրջման գործի դատավարությունը

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Անկարայի՝ ծանր հանցագործությունները քննող 13-րդ դատարանում մեկնարկել է 1997 թվականի փետրվարի 28-ին Թուրքիայում իրականացված հետմոդեռնիստական (թավշյա) հեղաշրջման գործով դատավարությունը:

Տվյալ գործով անցնում է 103 մարդ, որոնց թվում է նաև Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, պաշտոնաթող բանակի գեներալ Չևիք Բիրը: Այդ 103 անձանցից 75-ը պահվում է կալանքի տակ: Մեղադրականը բաղկացած է 1309 էջից: Դրանում պահանջվում է Թուրքիայի գործող կառավարության տապալմանը հանգեցրած հեղաշրջման կազմակերպիչներին դատապարտել ցմահ ազատազրկման:

Հիշեցնենք, որ հետմոդեռնիստական հեղաշրջման գործով դատավարություն անցկացնելը Թուրքիայում (և ոչ միայն) մեկնաբանվում է նաև որպես վարչապետ Ռեջեփ Էրդողանի անձնական վրեժ: 1995 թվականին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում հաղթանակ էր տարել ակնհայտ իսլամիստ Նեջմեթթին Էրբաքանի գլխավորած «Ռեֆահ» («Բարօրություն») կուսակցությունը:

Դրա արդյունքում Էրբաքանին հաջողվել էր 1996 թվականի հուլիսին գլխավորել կոալիցիոն կառավարությունը, որն անմիջապես աչքի էր ընկել իր իսլամական քայլերով. պաշտոնապես կանանց թույլատրվեց պետական և ուսումնական հաստատություններ հաճախել գլխաշորով, իսլամական ինստիտուտների շրջանավարտների դիպլոմները հավասարեցրեց աշխարհիկ հաստատությունների շրջանավարտների դիպլոմներին, կրճատեց աշխատանքային ժամերը սրբազան ռամադան ամսին և այլն:

Դրանից դժգոհ թուրք զինվորականները, որոնք երկրի աշխարհիկ ռեժիմի հիմնական պաշտպաններն են, 1997 թվականի փետրվարի 28-ին գումարում են Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որը տևում է 9 ժամ: Նիստում զինվորականները կառավարությանն առաջ են քաշում 20 պահանջ, որոնց մեջ էին, մասնավորապես, մուսուլմանական նորամուծություններից հրաժարումը, պայքարը իսլամական ֆունդամենտալիզմի դեմ, Էրբաքանի կողմից պետության զուտ աշխարհիկ բնույթի ընդունումը և այլն:

Արդեն հունիսի վերջին Էրբաքանի կոալիցիոն կառավարությունը ստիպված էր հրաժարական տալ, իսկ 1998 թվականի հունվարին Թուրքիայի Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց «Ռեֆահ» կուսակցությունը ցրելու մասին: «Ռեֆահի» առաջնորդներից Ռեջեփ Էրդողանը, որն այն ժամանակ զբաղեցնում էր Ստամբուլի քաղաքապետի պաշտոնը, ստիպված էր բանտում 4 ամիս անցկացնել ցույցի ժամանակ իսլամիստական տրամադրություններ արտահայտելու համար. «Մինարեները մեր սվիններն են, գմբեթները` մեր սաղավարտները, մզկիթները մեր զորանոցներն են, իսկ հավատացյալները` մեր զինվորները»:

1998 թվականի փետրվարի 21-ին թուրքական դատարանը կրոնական ու ռասիստական ատելություն բորբոքելու համար Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ կետով Էրդողանին դատապարտեց մեկամյա բանտարկության և նշանակեց 860 միլիոն (հին) թուրքական լիրա տուգանք:

Էրդողանի բողոքարկումից հետո նախ այդ պատժաչափը նվազեցվեց մինչև 10 ամսվա, իսկ տուգանքը՝ մոտ 177 միլիոնի, ապա Թուրքիայի Վճռաբեկ դատարանը 1998 թվականի սեպտեմբերի 24-ին վճռեց, որ Էրդողանը բանտում պետք է անցկացնի 4 ամիս: Էրդողանը բանտից, ուր հայտնվել էր 1999 թվականի մարտի 26-ին, դուրս եկավ նույն թվականի հուլիսի 24-ին։

2012 թվականի գարնանը Թուրքիայի Եվրամիության հարցերով պետնախարար Էգեմեն Բաղըշը հայտարարեց, որ 1997 թվականի հեղաշրջման հետևանքով Թուրքիայում փակվեց 18 հեռուստաալիք և 14 ռադիոալիք, քրեական գործեր հարուցվեցին 11.000 պետծառայողի ու 750 դասախոսի նկատմամբ, «սև ցուցակում» հայտնվեց իսլամիստական կողմնորոշում ունեցող Թուրքիայի 6 միլիոն քաղաքացի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս