«Ուսանողությունը 140 մլն դրամ վարձավճարի պարտք ունի, վարձավճարները բարձրանալու են 40.000-50.000 դրամով»
asparez.am-ի փոխանցմամբ՝ Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի խոսքով, իրենց բուհում մոտ 300 ուսանողներ 140 մլն դրամի վարձավճարների պարտքեր ունեն, սակայն իրենք երբեք ուսանողին վարձավճարը չմուծելու պատճառով չեն հեռացնում բուհից, քանի որ նրանք եւս կարող են համալրել արտագաղթողների շարքը:
«Ոչ միայն ես, այլեւ մեր ամբողջ կոլեկտիվը գիտակցում է, որ աղքատության ցուցանիշով Շիրակի մարզն ամենաբարձր է հանրապետությունում»,- ասում է Վ.Գրիգորյանը:
Նա պնդում է, որ հանրապետության պետական բուհերի մեջ վարձավճարների բարձրացումն ամենաքիչը տեղի է ունեցել իրենց մոտ: «Ուսանողների թիվը կրճատվել է, ընդամենը 45 տոկոսով ենք կատարել պլանը: Բուհում նաեւ մասնակի կրճատումներ են եղել, քանի որ անհնար է սուղ միջոցներով ինստիտուտի բնականոն գործունեությունն ապահովել: Բոլոր մասնագիտությունների գծով վարձավճարները 50000 դրամով բարձրացել են առկա, 40000 դրամով՝ հեռակա բաժնում: Առկա համակարգում մոտ 670 տեղերի դիմաց ընդունել ենք 320 ուսանող: Հեռակա բաժնում չեմ կարծում, որ լուրջ ընդելություն կլինի: Բուհը ֆինանսական ծանր վիճակում է գտնվում եւ եթե ամբողջ ունեցած գումարները նպատակաուղղենք դասախոսների աշխատավարձերի բարձրացմանը, ապա բուհի զարգացման մասին խոսելն ավելորդ է դառնում»,-պարզաբանում է բուհի ռեկտորը:
Նա նաեւ նշել է, որ անցած տարի իրենց դասախոսների աշխատավարձերը մոտ 20 տոկոսով բարձրացել է, հատկապես գիտական կոչում ունեցողներինը: «Բուհում մոտ 250 ուսանող քիչ է ընդունվել, բարձրացված վարձավճարների 50000 դրամը չի կարող լրացնել գումարի պակասը»: Ռեկտորը նշել է, որ բուհում գործող կանոնակարգի համաձայն, եթե ուսանողի՝ տարբեր առարկաներից ստացած միջին գնահատականը բարձր է՝ 86 բալ եւ ավել, սակայն նա պետպատվերում չի սովորում, կիրառվում է մինչեւ 80 տոկոս զեղջ:
Մանրամասն կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: