36-ամյա կինը մեղադրվում է պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել մեղադրյալ Լ. Ք.-ի գործով քրեական գործը: Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, 1977-ին ծնված Լ. Ք.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2010-ի մարտից մինչև 2012-ի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում Հ. Ա.-ին և Ա. Ռ.-ին իր հետ տարել է մարմնավաճառությամբ զբաղվելու, այս եղանակով պարբերաբար նպաստելով նրանց կողմից պոռնկությամբ զբաղվելուն:
Նախկինում չդատված Լ. Ք-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պոռնկությամբ զբաղվելու համար հաստատություն ստեղծելը, ղեկավարելը կամ պահելը կամ որևէ հանրային հաստատություն պոռնկությամբ զբաղվելու համար օգտագործելը կամ այլ անձի պոռնկությամբ զբաղվելու համար բնակարան կամ այլ կացարան պարբերաբար տրամադրելը կամ գույքային օգուտ ստանալով՝ պոռնկությամբ զբաղվելուն այլ ձևով նպաստելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 132-րդ կամ 132.2-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները, երկու կամ ավելի անձանց օգտագործելով պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա): Գործով նախագահող դատավորը Մուշեղ Հարությունյանն է: