
Սիրիայի իշխանությունները քիմիական զենք են կիրառել. ԱՄՆ

ԱՄՆ հետախուզությունը «համոզվածության բարձր աստիճանով» կարծում է, որ անցած շաբաթ Սիրիայի զինված ուժերը Դամասկոսի մոտ քիմիական զենք են կիրառել: Հիմա Դամասկոսը պետք է պատասխան տա դրա համար, այսօր հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
ИТАР-ТАСС գործակալության փոխանցմամբ` նա նշել է, որ «գրոհից երեք օր առաջ» այդ շրջանում է գտնվել «սիրիական ռեժիմի` քիմիական զենքով զբաղվող անձնակազմը», որն էլ «նախապատրաստական աշխատանքներ» է իրականացրել:
Քերին հայտարարել է, թե ամերիկյան հատուկ ծառայությունները գիտեն, «որտեղից են բաց թողնվել թունավոր նյութով հրթիռները եւ երբ»: «Մենք գիտենք, որ հարվածները հասցվել են ընդդիմության վերահսկողության տակ գտնվող շրջաններին կամ այն շրջաններին, որոնց վերահսկողության համար պայքար է մղվում»:
ԱՄՆ հաշվարկներով` այդ գազային գրոհի արդյունքում զոհվել է «առնավազն 1 429 սիրացի, այդ թվում` 426 երեխա»: