«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման պետի տեղակալը դատապարտյալին բնութագրեց որպես ստախոս տականք
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ Արտուշ Գաբրիելյանի, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի՝ օպերատիվ գծով տեղակալ Դավիթ Մուրադյանի գործով այսօր հարցաքննվեցին դատակոչված 2 վկա: Այս մասին տեղեկացնեւմ է «Փաստինֆոն»:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման պետի տեղակալ վկա Սմբատ Բուլղադարյանը դատապարտյալ Արտակ Հակոբյանին բնութագրեց որպես ստախոս տականք, այնուհետև նշեց, որ դատապարտյալին 1 անգամ կարճատև տեսակցություն է տրամադրել՝ Դավիթ Մուրադյանի խնդրանքով:
Վկան նաև նշեց, որ ինքը մտածել է, որ լավ բան է անում և որ իր մտքով չի անցել, որ խախտում է անում ու իր ձեռքով այն ֆիքսում, նա նաև ավելացրեց. «Կարող էի տեսակցությունը տալ, բայց չգրանցել, բայց տվել եմ ու գրանցել»:
Պարզվեց նաև, որ երբ Մուրադյանը վկային խնդրել է տեսակցություններ տրամադրել Արտակի կնոջը, վկան չի էլ ստուգել՝ դատապարտյալին սահմանված կարգով թույլատրվո՞ւմ է տեսակցություն, թե՞ ոչ, դատապարտյալը ունի՞ տեսակցության հնարավորություն, թե՞ այդ ամիս արդեն սպառել է:
Դատարանի դիտարկմանը, թե արդյոք վկան օրենքի խախտման համար տույժի ենթարկվե՞լ է, վկան նշեց, որ նկատողություն է ստացել: Հաջորդը հարցաքննվեց «Նուբարաշեն» ՔԿՀ-ի տնտեսական գծով պետի տեղակալը՝ Արմեն Մարտիրոսյանը, ով պնդեց նախաքննական մարմնին տված իր ցուցմունքը և հավելեց, որ ինքը ևս Մուրադյանի խնդրանքով է դատապարտյալ Արտակ Հակոբյանին տեսակցություններ տրամադրել:
Տեսակցությունները եղել են և՛ երկարատև և՛ կարճատև: Վկան ընդգծեց նաև, որ այդ տեսակցությունները նախատեսված են եղել դատապարտյալի կնոջ համար: Օրենքի խախտման համար վկան ևս նկատողություն է ստացել: Այսօրվա նիստին չէին ներկայացել վկաներ Նարինե Առաքելյանը, Քրիստինե Մարուխյանը և Սամվել Թանգամյանը, սակայն դատարանը, հաշվի առնելով ՔԿՀ-ում աղջիկների աշխատանքային ծանրաբեռնվածությունը, կողմերի հետ քննարկելուց հետո որոշեց ընթերցել նրանց՝ նախաքննական մարմնին տված ցուցմունքները:
Վկա Նարինե Առաքելյանը, ով ՔԿՀ-ում խուզարկում է դատապարտյալների մոտ այցելած իգական սեռի ներկայացուցիչներին, իր ցուցմունքում նշել էր՝ դատապարտյալ Արտակ Հակոբյանի կնոջը երբևէ չի խուզարկել և առհասարակ նրան չի ճանաչել: Քրիստինե Մարուխյանն էլ, ով հանդիսանում է պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու հանձնաժողովի քարտուղար, նշել էր, որ 2012թ. հանձնաժողովը լսել է դատապարտյալ Արտակ Հակոբյանին վաղաժամկետ ազատ արձակելու հարցը, սակայն հանձնաժողովի բոլոր անդամները միաձայն դեմ են քվեարկել և մերժել:
Վկա Սամվել Թանգամյանի՝ նախաքննական մարմնին տված ցուցմունքից էլ պարզ դարձավ, որ նա աշխատում է կահույքի արտադրամասում՝ որպես բանվոր, և կահույք արտադրող ընկերության գործադիր տնօրեն Աշոտ Աղաջանյանից տեղեկացել է, որ կահույքի պատվեր պետք է ընդունեն, գնացել են Դավիթ Մուրադյանի տուն, ընդունելով կահույքի պատվերը՝ հեռացել են:Այնուհետև 10 -15 օր հետո կահույքը տարել են և տեղադրել: Վկան նաև նշել էր, որ իր ներկայությամբ պատվիրված կահույքի վերջնահաշվարկի մասին ոչ մի խոսակցություն չի եղել, նա անգամ չի էլ իմացել, թե ով է Դավիթը:
Հաջորդ՝ սեպտեմբերի 4-ին կայանալիք նիստին կհարցաքննվի դատապարտյալ Արտակ Հակոբյանը: