Սուրեն Խաչատրյանին նախանձու՞մ են
ԳԱԼԱ-ի փոխանցմամաբ՝ Գորիսի ԵԿՄ վարչության պետ, Արցախյան պատերազմի մասնակից Սուրիկ Բաղդասարյանը, ով պատերազմի տարիներին եղել է Սուրեն Խաչատրյանի ղեկավարած ջոկատի տեղակալ, անհիմն է համարում այն խոսակցությունները, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը չի մասնակցել պատերազմին.
«Շատերը շատ բաներ կարող են ասել. Սուրեն Խաչատրյանը երեք ու կես միլիոն փող է տվել, որ «Ազատագրում» գիրքը տպագրվի, 1991 թվականին իրեն դիմեցինք, որ օգնի մեզ զենք-զինամթերք ձեռք բերելու հարցում, էդ մարդն իր ֆինանսով մի ավտո զենք-զինամթերք բերեց, ինքն էլ եկավ ու մնաց Գորիսում, Վազգեն Սարգսյանն իրեն նշանակեց հրամանատար, ինձ տեղակալ»,- պատմում է Բաղդասարյանը:
Ինչ վերաբերում է Խաչատրյանի անվան հետ կապված վերջին խոսակցություններին, ապա, ըստ Բաղդասարյանի, դրանք գալիս են նախանձից:
ԳԱԼԱ-ի այն դիտարկմանը, որ բոլորն են խոսում այն մասին, որ Խաչատրյանը վախի ու տագնապի մթնոլորտ է ստեղծել Սյունիքում, նախկին ազատամարտիկը հերքեց դա՝ նշելով, որ Սյունիքում ցանկացածի տուն այցելելով կհամոզվեք, որ չկա նման բան:
Ի դեպ, նախկին մարզպետի մասին Բաղդասարյանը խոսում էր ներկայով և հաստատեց իր խոսքերը.
«Ինքը մարզպետ է հիմա էլ ու միշտ էլ լինելու է, եթե այս դեպքը չլիներ համոզված եմ, որ միշտ էլ կլիներ մարզպետ, իրեն չէին հանի»: