Ինչպես են Ռուսաստանում վերաբերվում հայերին և այլ ներգաղթյալներին. քննարկում

Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ռուսաստանում ներգաղթյալների հանդեպ ներկայիս քաղաքականությունը, ոլորտի օրենսդրական խստացումները և հարակից ազդեցությունները» թեմայով, որին մասնակցում էին Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը և Մոսկվայի Կարնեգի կենտրոնի «Կրոն, հասարակություն և անվտանգություն» ծրագրի համանախագահ, քաղաքագիտության պրոֆեսոր Ալեքսեյ Մալաշենկոն (skype տեսազանգով):

Քննարկման ներածականում Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը ներկայացրեց ռուսական հեղինակավոր կենտրոններից մեկի անցկացրած հարցման տվյալները, ըստ որի` Ռուսաստանի քաղաքացիների 71 տոկոսը համոզված է, թե ներգաղթյալները հիմնականում հանցավոր աշխարհի ներկայացուցիչներ, և նրանք կողմ են երկրից ներգաղթյալների արտաքսմանը, 73 տոկոսը կողմ է երկրի իշխանությունների կողմից ներգաղթյալների նկատմամբ խիստ միջոցներ ձեռնարկելուն, իսկ ռուսաստանցիների 53 տոկոսը կարծում է, թե Ռուսաստան ներգաղթածներն արհամարհում են ռուսերեն լեզուն և ռուսական մշակույթը:

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանադրյանը, խոսելով խնդրի մասին, նշեց, որ այն նոր չէ: Նրա խոսքերով` «միգրանտաֆոբիա» անվանումը ճիշտ չէ, քանի որ այն չի վերաբերում բոլոր ներգաղթյալներին, և արդեն այնքան ճիշտ չէ «կովկասաֆոբիա» տերմինը: Ըստ նրա` ավելի շատ կա ատելություն մի քանի ազգությունների ներկայացուցիչների նկատմամբ, տաջիկներից` մինչև հույներ և հարավսլավացիներ, և ավելի տեղին է քսենոֆոբիա` ազգատյացություն բառը:

Իսկ Ալեքսեյ Մալաշենկոն իր հերթին հիշեց խորհրդային տարիների մասին` նշելով, ԽՍՀՄ-ում նույնպես եղել են միգրացիոն շարժեր, և մարդիկ տեղափոխվել են մեծ քաղաքներ, այդ թվում` Մոսկվա, այն ժամանակ նրանց ոչ թե անվանել են ներգաղթյալներ, այլ «лимитчик» (այսինքն` մարդիկ, ովքեր գալիս են սահմանափակ ժամանակով աշխատելու), և նրանց ևս, ռուս փորձագետի խոսքերով, «չեն սիրել»:

Կարդացեք նաև

«Այժմ հարցն այն է, թե արդյոք կմերվե՞ն Ռուսաստանին այս ներգաղթյալները, առանց որոնց ո´չ Մոսկվան, ո´չ Ռուսաստանը այսօր ուղղակի չի կարող: Սա իրոք հետաքրքիր հարց է: Իմիջիայլոց, այդ, այսպես ասած, «կովկասաֆոբիան» և, ընդհանրապես, «միգրանտաֆոբիան» հասարակության աչքերում չի բաժանվում ներքինի և արտաքինի, ավելին` մինչ օրս Հյուսիսային Կովկասից ներգաղթողները, ովքեր երկրի ներսից են, ավելի մեծ ատելություն են առաջացնում, քան, օրինակ, ղրղզները: Պարոն Իսկանդարյանը շատ ճիշտ նկատեց, որ քսենոֆոբիան սուբյեկտիվ է, բայց, գիտեք, Մոսկվայում և, ընդհանրապես, Ռուսաստանում ո´չ հայերի, ո´չ վրացիների նկատմամբ չկա բացասական վերաբերմունք, իսկ, ասենք, Դաղստանից կամ Չեչնիայից եկածների վերաբերյալ իրոք կա այն համոզումը, որ նրանք օտարներ են»,- ասաց Ալեքսեյ Մալաշենկոն:

Նա նաև նկատեց, որ ներգաղթյալների շրջանում վերջին մի քանի տարիներին նկատվում է ակտիվ իսլամացում, ինչը ևս կարևոր հանգամանք է:

Այսպիսով, Ա. Մալաշենկոն կարծում է, որ ազգերի փոխհարաբերությունների և ներգաղթյալների խնդիրը բնական է և դրան պետք է մոտենալ առանց հուզականության:

«Խնդիրը շատ բնական է և շատ երկար ժամանակ կպահանջի լուծման համար: Խնդիրն այն է, որ հասարակությունը սովոր չէ այպսիսի միգրացիոն հարցերին, իսկ իշխանությունն էլ խնդրին մոտենում է ոչ բավարար ըմբռնումով… Նույնիսկ Պուտինը և այն մարդիկ, ովքեր վերևում են, չեն խոստովանում, որ այդ միգրացիոն խնդիրները ծագում են իրավապահ մարմինների, պարզ ասած` միլիցիայի սադրիչ գործողությունների պատճառով»,- ասաց քաղաքագետը:

Քննարկմանը հատկապես նշվեց այն փաստը, որ վերջին մի քանի ամիսներին` Մոսկվայի քաղաքապետի` սեպտեմբերի 8-ին կայանալիք ընտրություններին ընդառաջ, իշխանական և մյուս թեկնածուների կողմից առանձնակիորեն շահարկվում է Ռուսաստանի ներգաղթյալների հարցը:

«Մենք խոսում ենք ներգաղթյալների հարցը` ընտրությունների գործիքներից մեկը հանդիսանալու մասին: Գիտեք, ուղղակի ապշեցուցիչ է, նույնիսկ մի փոքր ամոթալի: Ըստ էության` բոլոր թեկնածուներն օգտագործում են ներգաղթյալների գործոնը, ով շատ, ով քիչ, բայց դրա վրա միավորներ են հավաքում: Բայց չէ՞ որ ներգաղթյալները նույնպես Մոսկվայի բնակիչներ են, նրանք չեն քվեարկում, բայց նրանք քաղաքում միջավայր են ստեղծում, առանց ներգաղթյալների` Մոսկվան չի կարող գոյատևել: Եկեք գոնե սա խոստովանենք և մտածենք ապագայի մասին»,- ասաց Ա. Մալաշենկոն, ում կարծիքով Ռուսաստան եկած մարդկանց վիրավորելը և նրանց վռնդելը ավելին է, քան սովորական հանցագործություն:

Ալեքսանդր Իսկանդարյանն էլ իր հերթին անդրադարձավ Ա. Մալաշենկոյի այն տեսակետին, որ հայերին և վրացիներին Ռուսաստանում այլ կերպ են վերաբերվում, քան ադրբեջանցիներին և Հյ. Կովկասի ու Կենտրոնական Ասիայի ներկայացուցիչներին:

«Ե´վ համաձայն եմ, և´ համաձայն չեմ: Իհարկե, Ռուսաստանի այն մտավորական հատվածը, որի ներկայացուցիչները գիտեն, որ գոյություն ունեն հայեր և վրացիներ, և նրանք քրիստոնյա են, թերևս այլ կերպ են վերաբերվում այդ ազգերին: Իսկ ի՞նչ է տեղի ունենում ներքևներում, այսպես ասած` «underground»-ում, իրական կյանքում: Կփոխվի՞ վերաբերմունքը ներգաղթյալների նկատմամբ` ընտրություններից հետո, ո´չ, չի´ փոխվի: Հյուսիսային Կովկասի ժողովուրդների շրջանում ընդունված է մանիֆեստային պահվածք,որն ունի որոշակի տարրեր… օրինակ` խոսք գնաց լեզգինկայի մասին, Աստված դրա հետ, այն քաղաքակրթորեն օտար է, մարդկանց դուր չի գալիս… Բայց արդյունքում ճամբարներում  հավաքում են վիետնամցիներին, ծեծում են տաջիկներին, արտաքսում` ուզբեկներին և այլն: Չեմ կարծում, որ իրականում կա տարանջատում, ինձ թվում է`աննշան քանակ ունեցող մի խմբի մանիֆեստային պահվածքը, որն էլ իր հերթին ուռճացվում է մամուլի կողմից, կարող է բերել և բերում է նրան, որ ծեծում են պարզապես սևահերներին, և ոչ ոք չի հարցնի նրա անձնագիրը և էլ փնտրի վզից կախված խաչը: Դե, ընդհանրապես, վիենտնամցու տեսքից երևում է, որ նա լեզգինկա պարել չգիտի»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Տեսանյութեր

Լրահոս