Գուրգեն Դալիբալթայան. Ո՞վ է նա, որ Կոմանդոս լինի, կոմանդոսը հրամանատար է. Նա մարդ չէ

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը՝ անդրադառնալով Արկադի Տեր-Թադևոսյանի հայտարարություններին, ասել է.

«Խոջալուն օրինակելի օպերացիա էր: Ես չեմ էլ ուզում նրա ասածների մասին խոսել, որովհետև նա չի էլ հասկանում, թե ինչ է օպերացիան, ինչպես ենք դա արել: Ո՞վ է նա, որ ես իջնեմ իր մակարդակին ու մեկնաբանեմ նրա ասածները: Անգրագետի մեկը»:

«Կոմանդոսը մեր ենթական էր, նա ի՞նչ իրավունք ուներ առանց մեզ տեղյակ պահելու որևէ բան անել: Նրա մասին չեմ էլ ուզում խոսել: Նա ինձ համար Կոմանդոս չէ, ես նրան ոչ մի անգամ Կոմանդոսի տեղ չեմ դրել: Ո՞վ է նա, որ Կոմանդոս լինի: Կոմանդոսը հրամանատար է: Նա մարդ չէ, ի՞նչ խոսեմ նրա մասին: Ինքն է իրեն Կոմանդոս հռչակել»,- ավելացրել է Գ. Դալիբալթայանը:

Ա. Տեր-Թադևոսյանը հակադարձելով Սասուն Միքայելյանին՝ ասել էր. «Ինչո՞ւ Սասունը չի ասում՝ երբևէ Վազգեն Սարգսյանին տեսե՞լ է զենքը ձեռքին, որ ինձ հարց է ուղղում, թե ես տեսե՞լ եմ Ռոբերտ Քոչարյանին զենքը ձեռքին»:

«Վազգենը միշտ ֆրոնտում էր, նա այնպես էր գնում, որ մարդ չէր էլ իմանում: Նա իրեն ցույց չէր տալիս, բայց դժվար տեղերն էր գնում: Արկադին ի՞նչ պետք է իմանար, թե որտեղ է Վազգենը: Վազգենի գործողությունները նրան ո՞վ էր ասում: Ես ավելի երկար կխոսեի, եթե ուրիշ մարդ լիներ, ոչ թե էդ Արկադին»,- ասել է Գ. Դալիբալթայանը և շարունակեց. «Թող նա մտածի այն մասին, թե ինչպես կորցրինք Շահումյանի շրջանը, Մարտակերտի և Մարտունու հողը կորցրինք: Իր անգործության արդյունքում: Թող դրա մասին խոսի: Ես գնացի այնտեղ, խնդրեցին, որ դրան շպրտեմ դուրս, ես էլ ուղարկեցի այստեղ: Ազատել ենք, որովհետև վեր էր ընկել, չէր ղեկավարում, բայց հրամանատար էր նշանակվել այնտեղ: Ո՞վ պետք է պատասխան տա Շահումյանի համար: Մենք նրա ղեկավարությամբ կորցրինք Շահումյանը, որը մինչև հիմա Ադրբեջանի ձեռքի տակ է»:

Գ. Դալիբալթայանը «սուտ» է համարել նաև Ա. Տեր-Թադևոսյանի այն հայտարարությունը, թե Վ. Սարգսյանի պատճառով Հայաստանից հեռացան գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը, Անդրեասյանը: «Սուտ է խոսում, Տեր-Գրիգորյանցը և նրանք մինչև վերջ մնացել են, բայց անընդհատ այստեղ չէին: Գալիս-աշխատում էին, գնում էին իրենց ընտանիքի մոտ: Մեկը Ռոստովում էր, մյուսը՝ Մոսկվայում»,- ասել է նա:

Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ է Ա. Տեր-Թադևոսյանը նման հայտարարություններ անում,  եթե դրանք իրականությանը չեն համապատասխանում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Որ բարձրացնի իր անունը: Ես եմ նրան այնտեղից խռիկ տվել, ուղարկել Հայաստան: Նա այնտեղ խանգարում էր ղարաբաղցի տղաներին: Նա ո՞վ էր:

Վազգենը Հայաստանի առաջին պաշտպանության նախարարն էր, ես՝ Գլխավոր շտաբի առաջին պետը: Մենք էինք որոշումներն ընդունում, մենք էինք ղեկավարում պատերազմը: Վազգենը մահացել է, հիմա նրա դեմ է խոսում, որովհետև հիմար է: Ո՞նց կարելի է Վազգենի և Դալիբալթայանի դեմ խոսել: Վազգենը հեղինակություն էր, նա ղեկավարում էր, նա զբաղվում էր ֆրոնտները ապահովելով: Իսկ էդ Արկադին մարդ չի, հեղինակություն չունի: Բա դա բա՞ն է: Թվում է, թե չենք հասկանա: Նա երևի գտնում է, որ իր մեծ թշնամին ես եմ, էլ չի հասկանում՝ իրեն ինչպե՞ս կարող է իմ կողքին դնել: Չի հասկանում, որ Դալիբալթայանը ԽՍՀՄ-ում բարձր կոչումներ է ունեցել, երկու ակադեմիա եմ ավարտել, բոլոր կռիվներին մասնակցել եմ, օպերացիաներ եմ պլանավորել: Բոլորը չէ, որ հասկանում են զինվորական գործից: Անգրագետի մեկը, վարորդ է եղել: Ինքն է իր անունը Կոմանդոս դրել»,- բարկացած եզրափակել է Գ. Դալիբալթայանը:

Տեսանյութեր

Լրահոս