Համոզվա՞ծ եք, որ վաղը Ձեզ բերման չեն ենթարկի հոգեբուժարան ու հարկադրաբար չեն բուժի
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2013 թ. մայիս- հուլիս ամիսներին իրականացրել է մարդու իրավունքների մշտադիտարկում ՀՀ նյարդահոգեբուժական բուժհաստատություններում: Մոնիթորինգի ընթացքում գրասենյակի աշխատակիցները զրուցում են հոգեբուժարանում բուժում ստացող անձանց հետ, պարզում նրանց այդտեղ գտնվելու պատճառները, նրանց հուզող հարցերն ու խնդիրները:
2013 թ. հունիսին հոգեբուժական հաստատություններից մեկում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցները հանդիպել էին Գրետա Կարապետյանին /անունը և ազգանունը փոխված են/:Վերջինիս հայտնել էր, որ չունի հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ և եղբայրը իրեն տեղավորել է կլինիկայում՝ նրանց համատեղ սեփականություն հանդիսացող բնակարանին տիրանալու նպատակով:
Քանզի Գրետա Կարապետյանը չէր ցանկացել հոգեբուժարանում բուժվել, հոգեբուժական հաստատության ղեկավարը դիմել էր դատարան նրան հարկադիր բուժման ենթարկելու համար: Կազմակերպության աշխատակիցների՝ տիկնոջ հետ հանդիպման ժամանակ արդեն կայացել էր դատական նիստը, սակայն արդյունքների մասին կինը ոչինչ չգիտեր: Ամեն դեպքում հուսով էր, որ դուրս է գրվելու, քանի որ դատավորն ասել էր՝ լավ է լինելու: Կազմակերպության աշխատակիցները կնոջը տրամադրել էին հեռախոսահամար՝ ցանկության դեպքում նրա իրավունքների պաշտպանությանը աջակցելու պատրաստակամություն հայտնելով:
Հետագայում, երբ դատարանը որոշում էր կայացրել կնոջը հարկադիր բուժման ենթարկելու մասին, կինը զանգահարել էր կազմակերպության աշխատակցին՝ աջակցություն ստանալու համար:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը Բաց Հասարակության Հիմնադրամներ Հայաստանի աջակցությամբ ներգրավեց փաստաբան Տիգրան Հայրապետյանին՝ Գ. Կարապետյանի շահերի պաշտպանության նպատակով:
2013 թ. օգոստոսի 22-ին գրասենյակի աշխատակիցները հանդիպեցին փաստաբանի հետ պարզելու համար գործի ընթացքը, սպասումներն ու ապագա անելիքները:
Փաստաբան Տ. Հայրապետյանը ներկայացրեց գործի մանրամասները՝ նշելով, որ իրենք չեն պատրաստվում կանգ առնել և անհրաժեշտության դեպքում դիմելու են Եվրոպական դատարան:
Տ. Հայրապետյանը հանգամանորեն պատմեց կնոջ խնդիրը. «Նա ապրում է շատ վատ միջավայրում և նույնիսկ ամենաառողջ մարդը, մի քանի ժամ մնալով այդ միջավայրում, կարող է հայտնվել հոգեկան լարված վիճակում»: Փաստաբանը առանձնացնում է մի շարք խնդիրներ, որոնցից ուշագրավ է դատարանի կողմնակալ վերաբերմունքը կնոջ նկատմամբ: Մասնավորապես դատարանը չի ընդունել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող կնոջ բողոքը՝ ուղղված ՀՀ վերաքննիչ դատարան այն պատճառաբանությամբ, թե վերաքննիչ բողոքը չի համապատասխանում օրենքով սահմանված կարգին, որ բացակայում են մի շարք տվյալներ, ինչպիսին է գործի համարը, հոգեբուժական հաստատության լրիվ անվանումը և այլն և միաժամանակ բացակայում է պետական տուրքի վճարումը հաստատող անդորրագիրը: Պետական տուրքի վճարումը հաստատող անդորրագրի բացակայության պատճառով չէր ընդունվել նաև փաստաբան Տ. Հայրապետյանի՝ ՀՀ վերաքննիչ դատարանին ուղղված բողոքը:
Մինչդեռ, ըստ փաստաբանի, Առաջին ատյանի դատարանը ընդունել էր հոգեբուժական հաստատության ղեկավարի դիմումը, որը ևս չի համապատասխանում օրենքով սահմանված կարգին: Ստացվում է, որ հաստատության ղեկավարի, ով փաստորեն հմուտ է նման գործերում և առաջին անգամը չէ, որ դիմում էր ներկայացնում դատարան, դիմումը դատարանը ընդունում է, այդ թվում առանց պետական տուրքի վճարման, ինչը ըստ դատավորի օրենքի սահմաններում է, իսկ մի կնոջ դիմումը, ով ըստ բժիշկների եզրակացության հոգեկան առողջության խնդիրներ ունի, վտանգ է ներկայացնում հասարակության համար ու ստացիոնար բուժման կարիք ունի, չի ընդունում: Ինչ վերաբերում է փաստաբանի կողմից ներկայացված բողոքը չընդունելուն, Տ. Հայրապետյանը մտահոգվում է. «Ինչպե՞ս կարող է հոգեբուժարանում փակված անձը փաստաբանին գումար վճարել պետական տուրքը վճարելու համար»:
Մտահոգություն է առաջացնում մեկ այլ խնդիր ևս: Դատական նիստի ժամանակ որպես քաղաքացու օրինական ներկայացուցիչ հանդես է եկել նրա եղբայրը, ով իրականանում լիազորված չի եղել Գրետա Կարապետյանի կողմից: Ավելին, փաստորեն քաղաքացու օրինական ներկայացուցիչը դատարանում եղել է այն անձը, ով շահագրգռված է Գ. Կարապետյանին հոգեբուժարանում տեղավորելուն:
«Քույրս 20 տարեկանում ենթարկվել է ավտոթվարի, որի հետևանքով ստացել է բազմաթիվ կոտրվածքներ: Ես ուզում եմ, որ քույրս բուժվի և ապրի նորմալ կյանքով: Շուրջ վեց տարի քրոջս վիճակը վատթարացել է, նա զանգում է տարբեր պետական մարմիններ, բողոքներ ներկայացնում: Ես վախենում եմ իմ երեխաների, ինձ համար, քանի որ քրոջս վարքագիծը վերջին վեց տարիներին փոխվել է: Նրան ոչ ոք տանից չի զրկում, նա ամբողջությամբ առանձնացրել է իր սենյակը, ապրելակերպը, նրա սենյակի դուռը միշտ փակ վիճակում է: Միայն ցանկանում եմ, որ քույրս բուժում ստանա և լինի բոլորի նման»,- նման ելույթով է հանդես եկել եղբայրը:
Բացի այն, որ որպես քաղաքացու օրինական ներկայացուցիչ հանդես է եկել նրա եղբայրը, նրան իրավական աջակցություն ցույց տալու համար չի ներգրավվել իրավաբան, այն դեպքում, երբ քաղաքացին բանավոր կարգով խնդրել է իրեն իրավական աջակցություն ցուցաբերել:
Մտահոգիչ է նաև այն, որ դատարանը բուժման համար հիմք էր ընդունել հոգեբուժական հանձնաժողովի եզրակացությունը, որը ըստ փաստաբանի ընդամենը մի քանի տող է և որպես այդպիսին հիմնավոր չի պատճառաբանում հարկադիր բուժման կարիքը:
Գ. Կարապետյանի փաստաբանը հավելեց, որ նրա հոգեբուժարան ուղարկված հարցմանը, որով փաստաբանը ցանկանում էր ստանալ Գ. Կարապետյանի բուժման դեղամիջոցների ցանկը, եղել է մակերեսային և ընդհանրական՝ չի նշվել ոչ մի դեղամիջոցի անվանում: Բացի այդ, ինչպես տեղեկացրել է Գ. Կարապետյանը, ինքը հոգեբուժարանում գտնվելու ընթացքում չի խմել դեղամիջոցները, միայն վերջին օրը նրան դուրս գրելուց առաջ ստիպողաբար հաբեր են խմեցրել:
Ստացվում է, որ Հայաստանի Հանրապետությունում բավականին հեշտությամբ կարող ես մարդուն այսպես ասած ազատազրկել, իր կամքին հակառակ բուժել և դա գուցե կարող է ունենալ ուղղակի շահադիտական նպատակներ և այս ամենը կանխարգելելը, ապացուցելը քաղաքացու համար գրեթե անհնարին է…
Այս կնոջ դեպքը միակը չէ ու մշտադիտարկման իրականացման ընթացքում այս մտահոգությունը հայտնում էին նաև հոգեբուժական հաստատությունների աշխատակիցներ: Այսքանից հետո հետևությունները թողնում ենք ձեզ…
Այժմ փաստաբան Տիգրան Հայրապետյանի կողմից ՀՀ վերաքննիչ դատարան է ուղարկվել երկրորդ բողոքը արդեն պետական տուրքի վերաբերյալ միջնորդությամբ:
Գործի նոր մանրամասները կներկայացվեն լրացուցիչ:
Առաջին նկարում փաստաբան Տիգրան Հայրապետյանն է: