Մուսալեռ-Էջմիածին միջպետական ճանապարհը խայտառակ վիճակում է

Մինչ Երևանի քաղաքային իշխանությունները մայրաքաղաքի ասֆալտապատ, բարեկարգ փողոցները քանդում են ու նորից ասֆալտապատում առանց որևէ բացատրության ու տրամաբանության, Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղից մինչև Էջմիածին քաղաք ընկած 5 կմ-անոց պետական ճանապարհը վերջին անգամ ասֆալտապատվել է 2001 թվականին:

Հատվածը ճանապարհ անվանելը չափազանցություն է: Մարդաբոյ փոսեր չկան, սակայն ասֆալտը քայքայվել է, խոշոր քարերը դուրս են թռել, ու այնպիսի տպավորություն է՝ կարծես ճանապարհները քերած լինեն: Դար ու փոսերի պատճառով վարորդները հաճախ, իրենց խոսքերով՝ «շումախերություն» են դրսևորում, որպեսզի ոչ մեքենան վնասեն, ոչ էլ վթարի ենթարկվեն:

Այս ճանապարհը միակն է, որ մայրաքաղաքին է կապում Արմավիրի մարզն, ու քաղաքացիները ստիպված են քարքարոտ ճանապարհով երթևեկել:

«Մի ձև քշում ենք, ոնց որ քարերի վրայով քշես: Ամիսը մեկ մի փեշ փող ենք տանում, որ մեքենան կարգի գցեն: Բոլորն էլ գիտեն, թե ճանապարհի վիճակը ո՞նց ա, ինչի՞ իրանք չեն երթևեկում էս ճանապարհով»,- ասում է երթուղային տաքսու վարորդ Գեղամը:

«Մեր իշխանություններին թողնես՝ մենակ մեռելոցներ նշեն: Նախագահն էդքան գալիս է Էջմիածին, չի՞ տեսնում էս ճանապարհների վիճակը: Թե իրանք մենակ լավ բաներն են տեսնում: Էս վերջին անգամ որ եկան՝ նախագահի հետ կառավարության կազմն էլ էր եկել, վարչապետն էլ էր եկել, տրանսպորտի նախարարն էլ էր եկել: Խի, իրանք չտեսա՞ն էս ճանապարհի վիճակը, իրանք չամաչեցի՞ն էս տեսարանից»,- բարկանում է վարորդ Հայկը` ավելացնելով, որ անսարք ճանապարհի պատճառով վթարներ հաճախ են տեղի ունենում:

Բացի վարորդներից՝ ճանապարհի անսարքությունից բողոքում են նաև քաղաքացիները: Տարածքի գյուղերին սպասարկում է Էջմիածնի հիվանդանոցը, շտապ օգնության ու հրշեջ ծառայությունները: Քերված ճանապարհների պատճառով շտապ օգնության մեքենաները դժվարությամբ են տեղ հասնում:

«Դուք պատկերացնո՞ւմ եք, որ շրջակա գյուղերից մեկում հրդեհ սկսվի, էդ ճանապարհով հրշեջ մեքենաները ո՞նց են գալու: Շտապ օգնության մեքենայով էլ մինչև հիվանդին հասցնում են հիվանդանոց, թե՛ հիվանդի վիճակն է ավելի վատանում, թե՛ բուժանձնակազմի: Էդքան փող են տալիս, որ Երևանի բարեկարգ մայթերը նորից ասֆալտապատեն, Երևանի կենտրոնական փողոցները տարին մեկ ասֆալտապատում են, իսկ այս ճանապարհի մասին ոչ ոք չի հիշում»,- ասում է Մուսալեռի բնակչուհի տիկին Վարդը:

Այս ճանապարհից օգտվում են ոչ միայն Արմավիրի մարզի բնակիչները, այլև Էջմիածին այցելող հյուրերը, պետական այրերը, քաղաքական գործիչներն ու մշակույթի ակնառու ներկայացուցիչները: Հայաստան այցելած գրեթե բոլոր նախագահները, վարչապետները, սպորտի և մշակույթի ներկայացուցիչները պարտադիր այցելում են Էջմիածին, հանդիպում Ամենայն Հայոց կաթողիկոսին: Վերոնշյալ անձինք էլ, փաստորեն, ստիպված են էքստրիմ պայմաններում տեղ հասնել՝ պինդ բռնելով մեքենայի բռնակներից, որպեսզի 5 կիլոմետրանոց հատվածում գլուխը կամ ուսը չվնասեն:

Զավեն Հարությունյան

Տեսանյութեր

Լրահոս