Գյումրիում գրանցված գործազուրկների թիվն աճել է 594-ով
«168 ժամն» անդրադարձել էր Շիրակի մարզի և մարզկենտրոն Գյումրիի գործազրկության մակարդակի աճին և 2013 թվականի ապրիլ ամսվա դրությամբ մարզի գրանցված գործազուրկների թվին: Ինչպես նշել էինք, ըստ Շիրակի մարզի 2013 թվականի առաջին եռամսյակի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերլուծական տվյալների` 2013 թվականի ապրիլ ամսվա դրությամբ մարզկենտրոնում գրանցված գործազուրկների թիվը կազմել է 7212 մարդ և աճը նախորդ տարվա ապրիլ ամսվա դրությամբ, կազմել է 594 մարդ: Գյումրիում մի քանի անգամ կազմակերպվել են աշխատանքային տոնավաճառներ, սակայն, ինչպես տեսնում ենք, ոլորտում դրական փոփոխություններ չեն նկատվում:
Գյումրիում գործազրկության մակարդակի աճը խոսում է բազում հիմնախնդիրների մասին, որոնցից մեկը կրթության որակն է: Գյումրիում գործում են մի շարք պետական և մասնավոր բուհեր, քոլեջներ, սակայն վերջիններիս կրթական որակը հեռու է կատարելությունից:
Երիտասարդներն ավարտում են համալսարաններ, սակայն առանց լրացուցիչ վերապատրաստման շատ քչերն կարողանում աշխատանք գտնել: Օրենսդրական դաշտի և աշխատանքային օրենսգրքի չիմացության պատճառով գործատուների և հարկային մարմինների կողմից չարաշահումները բազմաթիվ են: Երիտասարդների և քաղաքացիների վերապատրաստման, նոր գիտելիքներ տալու, ինչպես նաև հաշվապահության վարման և խորհրդատվություն իրականացնելու նպատակով Գյումրիում իր գործունեությունն է սկսել «ՇԵՄՄ» հաշվապահական կենտրոնը: Հատկանշական է այն փաստը, որ կենտրոնն ասես իր վրա է վերցրել հաշվապահական ոչ լիարժեք կրթություն ստացած և հաշվապահական ոլորտում գիտելիքներ ստանալու ցանկություն ունեցող երիտասարդներին կրթելու առաքելությունը:
Կառույցը 18 ամսվա ընթացքում կրթել է 127 ուսանողի, որոնցից շատերը, մասնակցեելով հաշվապահական դասընթացներին, աշխատանքի են անցել տարբեր կառույցներում՝ որպես փորձառու հաշվապահներ: Կենտրոնի հիմնադիրներից մեկի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի դասախոս, տնտեսագետ Տիգրան Մինասյանի խոսքերով՝ մերօրյա կրթական համակարգը չի տալիս համապատասխան և բավարար գիտելիքներ, որպեսզի երիտասարդն, ավարտելով բուհը, կարողանա իր մասնագիտությամբ աշխատել.
«Կոնկրետ հաշվապահության գծով բուհերում տրված գիտելիքները թույլ են, բուհերն ուսանողներին չեն տալիս այն, ինչ պահանջվում է ներկայումս: Հաշվապահական դաշտն իր հերթին Գյումրիում բավականին թույլ է, հիմնականում վարվում է հաշվապահական հաշվառում` անտեսելով ֆինանսական հաշվառումը, իսկ դա լուրջ բացթողում է»,-ասում է նա: Այն հարցին, թե որպես տնտեսագետ ինչպե՞ս է գնահատում գործազրկության մակարդակը Գյումրիում, Տ. Մինասյանը պատասխանեց. «Ես կպատասխանեմ որպես քաղաքացի, ոչ որպես տնտեսագետ: Բոլորս էլ գիտենք, թե ինչ վիճակում է հիմա մարզում և քաղաքում գործազրկության մակարդակը: Բոլորս էլ գիտենք արտագաղթի տեմպերի և ազդեցությունների մասին: Իսկ կոնկրետ մեր երկրի հարկային համակարգը իր չափով փորձում է նորմալ հարկային դաշտ ստեղծել, սակայն դրան հասնելու համար դեռ երկար ճանապարհ է պետք անցնել և ոլորտում իրականացնել բազմաթիվ բարեփոխումներ»:
Գայանե Ավետիսյան
Գյումրի