Պետական գնումների մեջ հաշմանդամներին արտոնյալ կարգավիճակ պետք է տրվի. Գ.Մակարյան
Հայաստանում այսօր ավելի քան 186 հազար հաշմանդամ կա, որից 8078-ը երեխաներ են, 47,424-ը՝ 18-40 տարեկան, 97,897-ը՝ 40-ից բարձր տարիքի, իսկ կեսից ավելին՝ 87,410ը՝ կանայք: Պաշտոնական տվյալներով՝ ներկայում աշխատում է մոտ 40 հազար հաշմանդամ: Թե գործնականում ինչ իրավիճակ է հաշմանդամների աշխատանքի հետ կապված, այս մասին 168.am-ը զրուցեց Հայաստանի Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի հետ:
«Հաշմանդամության հիմնական աղբյուները մի քանիսն են՝ Աֆղանստանի պատերազմ, 1988թ. երկրաշարժ, ղարաբաղյան հակամարտություն, բնածին հաշմանդամություն, իսկ թերսնման, էկոլոգիայի և այլ գործոնների հետ կապված հաշմանդամների թիվն ավելանում է: Մեզ մոտ մի քիչ վատ են դասակարգված սեռատարիքային ցուցանիշները, որոնք նաև հնարավորություն կտային հեշտությամբ նրանց ինտեգրել աշխատաշուկայում, եթե իմանայինք, թե ով ինչ կարող է անել»,- ասաց Գ.Մակարյանը:
Նրա խոսքով՝ իրենք հաշմանդամների խնդիրներով զբաղվող 25 ՀԿ-ների գործունեություն են ուսումնասիրել, մի մասի հետ հանդիպել են, այդ թվում՝ կույրերի և խուլերի միավորումների, և այլն: Մակարյանը զարմանալի անվանեց այն, որ այդ ոլորտում, ունենալով երկար տարիների պատմություն, խնդիրներին շատ քիչ լուծումներ են տրվել, ու կուտակային ձևով դրանք ավելանում են:
Առաջին խնդիրը, ըստ Մակարյանի, այն է, որ հաշմանդամության վերաբերյալ պետությունը բացի սոցիալական ծրագրերից ուրիշ խթանող ծրագրեր չունի: Միության նախագահը նշեց, որ պատրաստվում է ՀՀ վարչապետին նամակ գրել, որպեսզի պետական գնումների մեջ արտոնյալ կարգավիճակ տան հաշմանդամության հարցերով զբաղվող միավորումներին և ՀԿ-ներին, քանի որ նրանք էժան արտադրանք թողարկող են. «Արտոնյալ պայմաններով ոչ թե մրցույթների մասնակցեն, որ դեմպինգի խնդիր չլինի, այլ մասնակցեն արտամրցութային իրավունքով: Իրենք լինեն արտոնյալ, պետությունը թեկուզ քվոտավորի գնումների մի մասը և գնումներ կատարի նման միավորումներից, որով կնպաստի հաշմանդամների համար աշխատատեղերի ստեղծմանը, նրանց վիճակը բարելավի, և այդ միավորումները կարողանան իրենց հաշմանդամներով նորմալ զբաղվեն: Օրինակ՝ խորհրդային տարիներին կույրերի միավորումը վարդակներ էր արտադրում, որոնք թեև որակապես շատ բարձր չէին, միջին որակի էին, բայց մատչելի էին: Անընդհատ նպաստ տալու փոխարեն պետությունը պետք է խթանի նրանց աշխատանքը»:
Գ.Մակարյանը նշեց, որ կառավարությունը նախատեսում է միջին և խոշոր բիզնեսին քվոտավորել, որպեսզի աշխատողների մինչև 5 %-ը լինեն հաշմանդամներ: Սակայն, իր հաշվարկներով, միայն մոտ 40 հազար մարդու կարելի է աշխատանքի տեղավորել: «Իսկ մնացած 100 հազարը ի՞նչ պիտի անեն: Մեզ մոտ էլ տնտեսությունն այնպես արագ չի զարգանում, որ մնացածին էլ հնարավոր լինի աշխատանքով ապահովել մոտ ապագայում: Այսինքն՝ մենք խնդիրը չենք լուծում: Եվ նախատեսվող 100 հազար աշխատատեղերի ստեղծումը նույնպես խնդիրը չի լուծի: Իսկ եթե մենք խնդրի 20% կամ 30%-ն ենք լուծում, դա լուծում չի: Խնդիրը պետք է 50%-ից ավելի լուծենք, որ գործն արված համարենք»,- նշեց մեր զրուցակիցը:
Գ.Մակարյանի խոսքով՝ եթե նույնիսկ հաշմանդամին ուղարկում են գործատուի մոտ, ապա հաշմանդամի մասին տեղեկությունը լիարժեք չի տրվում գործատուին: Մինչդեռ գործատուին պետք է վստահել և հաշմանդամի անձնագիրը կամ էպիկրիզը հստակ ներկայացնել: Օրինակ՝ որոշ երկներում, մասնավորապես, Հոլանդիայում կան հատուկ մասնագետներ՝ գործատուի և հաշմանդամների մեջտեղում, որոնք ուսումնասիրում են, թե ինչ աշխատանք է, որ հաշմանդամը որ աշխատանքը կարող է կատարել ու հուշում են գործատուին, տեղեկացնում, թե որ հաշմանդամն իրենց համար կարող է խոստումնալից աշխատուժ լինել: Հոլանդիայում 1 բրոքերը 5 հաշմանդամի է նման կերպ աջակցում: Բայց Հայաստանում այդ ինստիտուտը դեռ զարգացած չի, իսկ այն, ինչ պետության համապատասխան մարմիններն են անում, թերի է, քանի որ հաշմանդամին ուղարկում են գործատուի մոտ, վերջինիս տեղեկություններ չեն տրամադրում, իսկ հաշմանդամն ամբողջը չի ասում, կամ կցկտուր է ասում. «Մենք ունեցանք մի դեպք, երբ ես աշխատանքի պետք է վերցնեի մի հաշմանդամի, ով դեռ 6 ամիս առաջ հաշվապահ էր աշխատել, հետո խնդիրներ էր ունեցել ու մտածելակերպի խնդրի պատճառով ուշացած ռեակցիա ուներ, ասում էր՝ կարող է շարունակել աշխատել, բայց զանգերի արդյունքում պարզվեց, որ իրեն արգելված է 1-2 ժամից ավելի մտավոր, առավել ևս` լարված աշխատանք անել: Այսինքն՝ եթե ես այդ մարդուն ընդունեի, կարող է հետո խնդիր առաջանար, իսկ գործատուի մոտ այդ խնդիրները կարող են դատական քաշքշուկի տեղիք տալ և այլն: Դրա համար հարկավոր է, որ մեզ մոտ հաշմանդամների անձնագրերը հստակեցվեն, պարբերաբար վերանայվեն ու թարմացվեն, և պետք է գործատուին վստահենք»:
ՀԳՄ-ն այժմ հարցումներ է իրականացնում գործատուների մոտ՝ պարզելու, թե գործատուները հոգեբանորեն որքանո՞վ են պատրաստ իրենց մոտ աշխատանքի վերցնել հաշմանդամների: Ըստ Մակարյանի՝ թվում է, թե բոլորն ուզում են ու պատրաստ են բարի գործ անել, բայց այդպես չի. «Արդեն պարզ է, որ անհանգստություններ ունեն՝ կա գործատու որ հստակ չի գիտակցում, որ հաշմանդամն իրենց օգուտ կտա որպես աշխատուժ, մյուսն ասում է՝ կոլեկտիվի մոտ հոգեբանորեն ճնշում է նրա ներկայությունը, մյուսն ասում է՝ կոլեկտիվի համաձայնությունն է պետք, կամ պայմանները պետք է հարմարեցնեն և այլն: Ասյինքն՝ նաև հոգեբանական խնդիր կա: Եթե հաշմանդամությունն արտաքինից չի երևում՝ սրտի է, կամ այլ, կարելի է մեկուսացնել, որ աշխատի, բայց եթե ֆիզիկական է, կոլեկտիվի մեջ դա հեշտ չի»:
ՀԳՄ նախագահը գտնում է, որ հաշմանդամների աջակցության համար տրամադրվող ծրագրերը շատ նեղ են՝ դեղորայք, տեխնիկա և այլն: 1-2 տարի առաջ միության առաջարկությամբ Զբաղվածության պետական ծառայությունը սկսեց կիրառել, որ ոչ թե միայն հաշմանդամին ինտեգրեն գործատուի մոտ, այլ նաև աջակցեն, որ հաշմանդամն ինքն իր բիզնեսը բացի, մատուցի ծառայություններ, որոնք կարելի է իրականացնել համացանցի կամ հեռախոսակապի միջոցով: Օինակ՝ օպերատոր, էլ. առևտրի բրոքեր, խորհրդատու, իրավաբան և այլն: Այս դեպքում էլ անհրաժեշտ է հարկային օրենսդրությունը վերանայել:
«Այսօր ամենաշատը և ամենաարդյունավետ ձևով հաշմանդամներն ինտեգրված են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում»,- նկատեց Գ.Մակարյանը: