Բաժիններ՝

Շիրակի մարզում կենսաթոշակի միջին չափը 31.079 դրամ է

Շիրակի մարզի 2013 թվականի առաջին եռամսյակի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերլուծական տվյալների համապատասխան` Շիրակի մարզում ընտանեկան նպաստ ստա­ցող ըն­տանիքների թիվը 2013թ. ապրիլ ամսվա դրությամբ նախորդ տարվա ապրիլի համեմատ աճել է 1043 ընտանիքով` 13.967-ից հասնելով 15.007-ի: Գյումրի քաղաքում ընտանեկան նպաստ ստացող ընտանիքների թիվը ևս աճել է 691-ով` 9084-ից հասնելով 9775-ի:

Նույն վերլուծական տվյալների համաձայն` մարզում գրանցված գործազուրկ­ների թիվը 2013 թվականի ապրիլին կազմել է 8167 մարդ` 2013 թվականի ապրիլ ամսվա 7661-ի համեմատ: Գյումրիում գրանցված գործազուրկների թիվը ևս աճել է`  2013թ. ապրիլին կազմելով 7212 (2013թ. ապրիլ ամսվա 6618-ի փոխարեն): Փաստորեն կարելի է նշել, որ մարզկենտրոնում գրանցված գործազուրկների թիվը ստաբիլ աճ է գրանցում` մեկ տարվա մեջ ավելանալով միանգամից 594-ով: Եվ դա ընդամենը գրանցված գործազուրկների քանակի հաշվարկման դեպքում: Պատկերն էլ ավելի սարսափելի կլինի, եթե վերջիններիս գումարվեն նաև չգրանցված գործազուրկները:

2013թ. ապրիլի 1-ի դրությամբ Շիրակի մարզի կենսաթոշակառուների թիվը կազմել է 45.936, Գյումրի քաղաքում` 31.511:  Մարզում կենսաթոշակի միջին չափը 31.079 դրամ է այն դեպքում, երբ նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքը գերազանցում է 50.000 դրամը:

Այդ դեպքում օբյեկտիվորեն հարց է առաջանում, թե ինչպե՞ս պետք է ապրի թոշակառուն, եթե իր ստացած կենսաթոշակի միջին չափը չի համապատասխանում գոնե նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքին: Շատերի պնդմամբ` Գյումրին ծերացող քաղաք է համարվում: Երիտասարդների մեծ մասը կամ նախընտրում է սովորել մայրաքաղաքում, կամ եթե նույնիսկ բուհ է ընդունվում Գյումրիում, ապա ավարտելուց հետո հնարավորության դեպքում մեկնում է քաղաքից: Տղաների մեծ մասը մեկնում է արտերկիր` աշխատանք գտնելու նպատակով:

Ինչպես գիտենք, 2014 թվականի հունվար 1-ից Հայաստանում գործի է դրվելու պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը: Հիմնական առանձնահատկությունը կայանում է նրանում, որ 1974 թվականից հետո ծնված յուրաքանչյուր աշխատող քաղաքացի իր աշխատավարձի 5 տոկոսի չափով կոտակելու է համապատասխանաբար իր հաշվին, իսկ մնացած 5 տոկոսը  տրամադրելու է պետությունը:

Առաջին հայացքից կենսաթոշակային համակարգում նման փոփոխությունները ոչ միայն անխուսափելի էին, այլև առավել քան անհրաժեշտ: Սա այն դեպքում, եթե աշխատողի միջին աշխատավարձը լիներ խելամիտ սահմաններում:
Գյումրիում գրանցված և չգրանցված աշխատողների թիվը կտրուկ տարբերվում է: Աշխատանքի ընդունվողներ ստվար զանգվածը տեղյակ չէ իր իրավունքների և պարտականությունների մասին, իսկ գործատուները, օգտվելով քաղաքացիների անտեղյակությունից և սոցիալական դժվար վիճակից, շատ դեպքերում կամ չեն վավերացնում անձանց որպես գրանցված աշխատողներ, կամ գրանցման դեպքում էլ վարձատրում են աշխատանքային պայմանագրով նախատեսվածից բավական ցածր աշխատավարձով: Նման պարագայում խոսել կենսաթոշակային համակարգի բարեփոխումների մասին, գրեթե անհեթեթ է: Համակարգային բարեփոխումները կարող են դրական ազդեցություն ունենալ թերևս մայրաքաղաքում, սակայն մարզերում և գյուղական համայնքներում աշխատանքային օրենսգրքի չիմացության և գործատուների կամայականությունների պատճառով կենսաթոշակային համակարգի թվացյալ բարեփոխումները կկորցնեն իրենց արդյունավետությունը:

Գյումրի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս