Էջմիածնում աշխատանք է փնտրում 1145 մարդ. նրանցից 861-ը համարվում են գործազուրկ
Այս տվյալները 168.am-ի հետ զրույցում ներկայացրեց Վաղարշապատի զբաղվածության տարածքային կենտրոնի հաշվառման և աշխատանքի տեղավորման գլխավոր մասնագետ Ամալյա Անտոնյանը` հավելելով, որ 2013թ. առաջին կիսամյակում գործակալությունից աշխատանքի է տեղավորվել 158 հոգի:
Թեպետ դիմողների տարիքային սահմանափակում չկա, սակայն հիմնականում միջին և միջինից բարձր տարիքի անձինք են դիմում գործակալությանը: Ամալյա Անտոնյանը դա բացատրում է այն հանգամանքով, որ երիտասարդներն առավել ակտիվ են և կարողանում են ինքնուրույն աշխատանք գտնել:
Խոսելով կրթական ցենզի մասին, Անտոնյանը նշում է, որ բարձրագույն կրթություն ստացողներն այնքան էլ շատ չեն: «Հիմնականում դպրոցական, նախնական և միջին մասնագիտական կրթություն ունեցողնեն են դիմում: 861 գործազուրկից բարձրագույն կրթություն ստացել է միայն 106-ը»:
Նախորդ տարիների համեմատությամբ` աշխատանք փնտրողների և գործազրկության համար նպաստ ստացողների թիվը նվազել է: Եթե անցյալ տարիներին նպաստառուների թիվն անցել է 900-ը, ապա այս տարի գործազրկության նպաստ ստանում է 300 քաղաքացի: Թեպետ Անտոնյանը դա պայմանավորում է հանգամանքով, որ մարդիկ գտնում են աշխատանք, սակայն հարևան սեղանին նստած գործընկերը համաձայն չէ. «Նման ցուցանիշը պայմանավորված է հիմնականում արտագաղթով, հեռանում են, դրա համար էլ նպաստ ստացող չկա»,- ասում է նա:
Զբաղվածության գործակալություն դիմող և գործազուրկ համարվող ոչ բոլոր անձինք կարող են նպաստ ստանալ: «Քաղաքացին ընդգրկվում է նպաստառուների ցանկում, եթե չունի աշխատանք, հող կամ այլ ունեցվածք, մեքենա և չի համարվում անհատ ձեռնակատեր չէ»: Նպաստ կարող են ստանալ վեց ամսից մինչև մեկ տարի ժամանակով` հաշվի առնելով, թե աշխատանքային ստաժը որքան է կազմում: Գումարը կազմում է 18,000 դրամ:
Ամալյա Անտոնյանը նշում է, որ աշխատանք գտնելու հույսով կանայք ավելի շատ են դիմում գործակալությանը, քան տղամարդիկ: «Վերջին տարիներին նկատվում է աճ նաև տղամարդկանց կողմից, սակայն գերակշռողը շարունակում են մնալ կանայք»,-ասում է նա:
862 գործազուրկից 594-ը կանայք են: Մինչդեռ աշխատանքի տեղավորված անձանց ցուցակում գերակշռող են տղամարդիկ: Դա պայմանավորված է մի շատ գործոններով, սակայն, ըստ Անտոնյանի, առաջնահերթն այն է, որ կանանց առաջրկվող աշխատանքը քիչ է: «Բացի այդ, տղամարդկանց համար նախատեսված աշխատանքը` բանվորություն, շինարարությունն և այլ ավելի շատ է, քան կանանց համար նախատեսվածները: Բացի այդ, կանանց մեծ մասն արդեն սովորել է, որ պետք է ամուսինն աշխատի: Հատկապես միջին ու մեծ տարիքի կանայք դժվարությամբ են հարմարվում աշխատանքային պայմաններին: Իսկ տղամարդկանց մտածելակերպն այն է, նրանք հարմարվում են ցանկացած աշխատանքի և ընդունում ցանկացած պայման, քանի որ պետք է տուն պահեն: Շատ կանայք մտածում են, որ եթե չաշխատեն, շատ բան չի փոխվի, տղամարդը միևնույն է աշխատում է և տունը կպահի»,- ասում է Անտոնյանը` հավելելով, որ Զբաղվածության գործակալությունն արդեն երկար տարիներ մասնագիտական ուսուցումներ է կազմակերպում գործազուրկների համար: «Այս տարի ուսուցումներ են կազմակերպվել մատնահարդարման, վաճառողուհի և խոհարար մասնագիտություններով: Հիմնականում ուսուցումներ կազմակերպվում են` հաշվի առնելով թե շուկայի պահանջարկը, թե քաղաքացիների ցանկություններն ու հնարավորությունները»,-ասում է նա:
Սա, բնականաբար, քաղաքի գործազրկության իրական պատկերը չէ: Այստեղ միայն գրանցվածների անուններն են, մինչդեռ գոյություն ունի աշխատանք փնտրողների մի հսկայական բանակ, ովքեր չեն դիմում գործակալությանը հիմնականում երկու պատճառով. կամ տեղյակ չեն կամ էլ չեն վստահում: