Հակասահմանադրական պարտավորություն տնտեսվարողների համար
Հայաստանում անվերջ իրականացվող հարկային բարեփոխումների նպատակներից գլխավորը, թերևս, տնտեսվարողների աշխատանքի դյուրացումն ու նպաստավոր
միջավայրի ստեղծումն է:
Միջազգային տարբեր կառույցների կողմից հարկային փոփոխությունները գնահատելիս հաշվի են առնվում նաև լրացուցիչ պատասխանատվությունների ռիսկերը, լրացուցիչ նյութական ծախսերի ու աշխատանքի անհրաժեշտությունը, լրացուցիչ ժամանակի ծախսը և այլն: Սակայն մեր տնտեսական համակարգը նմանվում է մի փուչիկի, որը եթե մի կողմից սեղմում են, մեկ այլ կողմից է «ուռուցք» դուրս գալիս:
Այս տարի հուլիսի 4-ին ՀՀ կառավարությունը հաստատել է «Պատրաստի արտադրանքի ապրանքների մնացորդի պակասորդ հայտնաբերելու կարգը», որը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, և որը, կարելի է ասել, կես քայլ է դեպի ետ:
Այն պարտադրում է Ավելացված արժեքի հարկ վճարող գործարարներին իրականացնել գույքագրում: Սրանով կառավարությունը վերադարձնում է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28 հոդվածով սահմանված հին ու «բարի» ստուգման ժամանակները: Իհարկե, մի փոքր փոփոխված ձևով, բայց ըստ տնտեսվարողների` առավել վատ կերպով: Ենթադրվում է, որ սա, ինչպես նախկին հոդված 28-ը, դառնալու է պահուստային տարբերակ, որին դիմելու են տարեվերջին կամ այլ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում հարկային մուտքերի անհրաժեշտ ծավալն ապահովելու համար:
Հիշեցնենք, որ 2012թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտան մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք վերաբերում են «Հարկերի մասին», «Շահութահարկի մասին», «Եկամտահարկի մասին», «Ակցիզային հարկի», «Ավելացված արժեքի հարկի», «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» և մի շարք այլ օրենքների: Արմատական փոփոխությունների էր ենթարկվել «Հարկերի մասին» օրենքի հոդված 28-ը, որն այլևս դադարում էր ստուգման հոդված լինելուց (միայն որևէ կոնկրետ գործարքի գծով կարող է իրականացվել առաքվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) գրքի ստուգում):
«Հարկ վճարողների պաշտպանություն» հ/կ մասնագետների կարծիքով` այս «նորույթով» ՀՀ կառավարությունը որոշակի պարտականություն է սահմանում և պարտավորություն է դնում հարկատուների վրա: Մինչդեռ հայտնի է, որ ՀՀ-ում անձանց, այդ թվում` նաև տնտեսվարող սուբյեկտների համար պարտավորություններ և պարտականություններ կարող են սահմանվել միայն օրենքով: Ակնհայտ է, որ կառավարության որոշումն օրենքի ուժ չի կարող ունենալ:
Փաստորեն, կառավարությունն այս որոշմամբ փորձել է «թռչել Ազգային ժողովի գլխի վրայով»: Որովհետև «սուսուփուս», առանց աղմուկի հնարավոր չէր լինի նման օրենք ընդունել, ԱԺ պատգամավորներից մի քանիսը, բնականաբար, հարցախեղդ կանեին օրինագիծը ներկայացնողին, ու խնդիրն էլ ավելի մեծ հնչեղություն կստանար:
Ընդ որում, հաստատված կարգը հակասում է հենց ՀՀ օրենքներին, քանի որ օրենքը նախատեսում էր սահմանել պակասորդի հայտնաբերման կարգ: Հետևաբար, ՀՀ կառավարության կողմից սահմանվող կարգը պետք է վերաբերեր պակասորդ հայտնաբերող մարմնի գործառույթներին և հայտնաբերման ընթացակարգերին: Մինչդեռ ընդունված որոշումը կարծես թե վերաբերում է հարկ վճարողների կողմից իրականացվող պարտականություններին:
Կամ որոշմամբ տրված է նոր սահմանում, որի արդյունքում, օրենքով սահմանված արտադրանքի, ապրանքների փոխարեն, հայտնաբերման կարգը տարածվում է նաև հարկ վճարողների այլ` ապրանք չհամարվող ակտիվների վրա: Որոշմամբ հարկ վճարողին պարտադրվում է իրականացնել գույքագրում, որի սահմանման իրավական հիմքերը առկա չեն: Որոշմամբ հարկ վճարողի համար, ըստ էության, սահմանվել է նոր հաշվետվության տեսակ` կազմման ժամկետով և գույքագրման պարտադիր վավերապայմանների պահպանման պարտավորությամբ: Այս պարտավորությունների սահմանումը ևս հակասում է ՀՀ օրենսդրության պահանջներին:
Տնտեսագետ Գևորգ Պողոսյանը մեզ հետ զրույցում ևս շեշտեց, որ պարտադիր գույքագրման պահանջը հակասահմանադրական է, և ցանկացած դատարան սույն որոշմամբ սահմանված պարտականությունը կհամարի հակաիրավական: Ըստ նրա` ՀՀ Սահմանադրության 83.5 հոդվածը հստակ նշում է, որ ցանկացած տեսակի ստուգման, ուսումնասիրության կամ տեսչական միջոցառման կարգը սահմանվում է բացառապես ՀՀ օրենքներով. «Քանի որ ապրանքային մնացորդ հայտնաբերելու համար ՊԵԿ-ը պետք է որոշակի միջոցառումներ իրականացնի, ՀՀ կառավարությունը չի կարող սահմանել վերջիններիս կարգը, և այն պետք է սահմանվի հենց օրենքով»:
Ըստ տնտեսվարողների` չնայած ակնհայտ է, որ այս կարգը կամ առնվազն դրա որոշ դրույթներ չեն կարող իրավական ուժ ունենալ, միևնույն է, հաշվի առնելով ՀՀ դատական համակարգի արդարությունն ու անկախությունը` խիստ դժվար է լինելու ենթադրվող կազմվելիք ակտերի վիճարկումը դատարաններում: Տարօրինակ է, բայց հարկային քաղաքականության հիմնական մշակողը ֆինանսների նախարարությունն է: Ու թեև ամեն մի օրենքի կամ որոշման ժամանակ հայտարարվում է, թե այն համաձայնեցվել է ՀԿ-ների, գործարարների հետ, սակայն հետո այն հարուցում է գործող տնտեսվարողների բողոքը:
Ի դեպ, հայտնի է, որ ամեն մի օրենք կամ կարգ ունի իր «ճեղքերը», և հայի պրպտուն միտքն արդեն գտել է այս կարգը շրջանցելու տարբերակ` երբ տեսուչները ցանկանան Ձեզ մոտ տարբերություն հայտնաբերել, ասեք, որ երեկվանից այդ ապրանքներն այլևս իրացման համար նախատեսված չեն:
«168 ԺԱՄ»