«Գոլդ» համարանիշերը կշատանան և կթանկանան
Ոստիկանությունը ցանկանում է ավտոմեքենաների պետհամարանիշերի սերիայում օգտագործվող տառերի քանակը ավելացնել ևս երեքով։ Մասնավորապես, ներկայումս տրանսպորտային միջոցների համարնիշերում, ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 816-Ն որոշման 3-րդ հավելվածի համաձայն, օգտագործվում են միայն A, D, L, M, N, O, P, Q, R, S, T, U և V տառերը: Դրանց կավելանան նաև C, F և Z տառերը։
Որոշումը ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից վաղը ներկայացվելու է կառավարության հաստատմանը։
Ինչո՞ւ են ավելացվում լրացուցիչ տառերը։ Որովհետև այդպես հնարավոր կլինի զգալիորեն մեծացնել «գոլդ» համարանիշերի տարբերակների քանակը և հետևաբար՝ ավելի շատ ֆինանսական միջոցներ ներգրավել դրանց վաճառքից։ Ի դեպ, Ոստիկանությունը չի էլ թաքցնում այս նորամուծության պատճառը։ «Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ գնալով նվազում է մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշեր ձեռք բերելու պահանջարկը, քանի որ գործող որոշմամբ սահմանված տառեր պարունակող և հետաքրքրություն ներկայացնող համարանիշերը գրեթե սպառվել են»,- նշվում է հիմնավորման մեջ և ավելացվում, որ որոշման նախագծի ընդունման դեպքում կբարձրանա մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշեր ձեռք բերելու պահանջարկը:
Սակայն սա դեռ ամենը չէ։ Թանկանալու են նաև «սուպերգոլդ» համարանիշերը։ Այսպես, բոլոր 5 թվերի կրկնությամբ և նույն տառերի սերիա ունեցող համարանիշերը (XX ++ XXX) նախկին 5 միլիոն դրամի փոխարեն կարժենան 8 միլիոն դրամ։ Ներկայումս գործող 60000, 120000, 240000, 600000, 1200000 եւ 5000000 դրամ հաստատագրված վճարների փոխարեն կգործեն նոր հաստատագրված վճարներ` 60000, 150000, 250000, 400000, 600000, 1500000, 3000000 եւ 8000000 դրամի չափերով: