Ստեփան Սաֆարյան. «Պուտինի` մեկ տարի առաջ հայտարարված այցն այդպես էլ չկայացավ»
«Եվրոպայի արևելքի և հարավարելքի համար Եվրոպական միության (ԵՄ) և Ռուսաստանի միջև մրցակցությունը թևակոխում է բ նոր փուլ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Ստեփան Սաֆարյանը` խոսելով Հայաստանի շուրջ տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումների մասին:
Ս. Սաֆարյանը նշեց, որ այս «դրաման» նոր չէ սկսվել տարածաշրջանում, այլ դեռևս 2008-09թթ., երբ Եվրամիությունը սկսեց իրականացնել Արևելյան գործընկերության քաղաքականությունը:
«Ռուսաստանի ընկալումն այդ քաղաքականության վերաբերյալ հետևյալն էր. «Եվրոպան Արևելյան գործընկերության ծրագրի միջոցով ավելացնում է իր քաղաքական, տնտեսական և այլ կարգի ազդեցությունները», մինչդեռ ռուսական հայեցակարգերով` ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության, այս տարածաշրջանը համարվել և համարվում է «ռուսական ազդեցության ավանդական գոտի» կամ «մերձավոր արտասահման», այպիսին է ռուսական ձևակերպումը»,- ասաց Ս. Սաֆարյանը: Վերջինս պատահական չհամարեց այն, որ նոյեմբերին կայանալիք վիլնյուսյան գագաթաժողովից առաջ տարածաշրջանում տեղի են ունենում լուրջ տեղաշարժեր, և այդ գործնթացներում ակտիվ է նաև Ռուսաստանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերին Վիլնյուսում տեղի կունենա ԵՄ Արևեյլան գործընկերության ծրագրում ընդգրկված երկրների` Հայաստանի, Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի գագաթաժողովը, որտեղ նախատեսվում է ԵՄ-ի հետ այդ երկրների Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը:
«Ակնհայտ է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում նույնպես գերակայում է «եվրոպական, թե եվրասիական ինտեգրացում» դիսկուրսը, որովհետև Ռուսաստանը, կարծես թե, փորձեց պատճենել եվրոպական «շաբլոնները». եթե Եվրոպան փորձում է Հայաստանի, Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի հետ ստորագրել Ասոցացման համաձայնագիր, ապա Ռուսաստանը փորձում է այս երկրների մտնցել Եվրասիական միություն և այսպես շարունակ»,- ասաց նա:
Ս. Սաֆարյանն ընդգծեց, որ աշխարհաքաղաքական ընտրության հարցի շուրջ վերջին ամսվա ընթացքում բավական սրվել են Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերությունները, ինչ արտահայտվում է, այսպես ասած, «առևտրային պատերազմով», այսինքն` Ռուսաստանի կողմից ուկրաինական ապրանքատեսակների մուտքը դեպի ռուսական շուկա սահմանափակմամբ:
«Նաև նկատելի է որոշակի լարվածություն հայ-ռուսական հարաբերություններում. վերջին հաշվով, Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինի` մեկ տարի առաջ հայտարարված այցն այդպես էլ չկայացավ, և սա ինք նին դրա խոսուն վկայությունն է, կարծում եմ` իր մեջ որոշակի նախազգուշացում է պարունակում սպառազինությունների ձեռքբերման վերաբերյալ ռուս-ադրբեջանական գործարքները և այլն: Ակնհայտ է, որ լարվածությունն այս տարածաշրջանում աճում է, և Հայաստանի և Ուկրաինայի հանդեպ ռուսական քայլերը շատ արտասովոր ու ոչ ավանդական դրսևորումներ են ստանում»,- շարունակեց Ս. Սաֆարյանը: Այս համատեքստում նա նշեց, որ Հայաստանը Ռուսաստանի հնարավոր ճնշումներին դիմադրելու մեծ ռեսուրսներ չունի, ուստի այս պայմաններում շատ բան կախված է լինելու Ուկրաինայից, որն անհամեմատ ավելի մեծ նշանակություն ունի Եվրամիության համար թե´ տնտեսական, թե´ աշխարհաքաղաքական դիրքի առումներով:
«Եթե Ուկրաինային հաջողվեց խուսանավել ռուսական ճնշումներից և Վիլնյուսում նախաստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման և Խորը ու համապարփակ առևտրի մասին համաձայնագիրը, ապա, կարծում եմ, Հայաստանը նույնպես կունենա խուսանավելու հնարավորություն: Եթե Ուկրաինան չկարողացավ դա անել, ես մեծ կասկածներ ունեմ, որ Հայաստանը կկարողանա միայնակ դիմակայել ռուսական հնարավոր ճնշումներին»,- նշեց Ստեփան Սաֆարյանը: