Բաժիններ՝

Մարդիկ տարիներով եկեղեցի չեն մտնում, այսօր եկել են խաղող «փախցնեն». քահանա

Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեքը): Այն Հայ Եկեղեցու հինգ Տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:

Galatv.am-ի հետ զրույցում Տեր Նշան քահանա Պանֆյորովը նշել է հետևյալը. «Այսօր առաջին երեխայքի պտուղի ընծայման տոնն է տաճարին, որտեղ Հին Կտակարանից է գալիս իբրև պատվեր, որպեսզի ամեն մարդ իր ունեցվածքից, իր արտերից, այսինքն առաջին պտուղից նվեր հանի Աստծո տաճարին, որպեսզի իր շտեմարաններն էլ Աստծո օգնությամբ լցվեն: Սա յուրահատուկ սկզբունք է ապրելու, և ինչու առաջինը, որովհետև առաջին պտուղը միշտ ժողովուրդը ընծայել է Աստծո տանը: Սա ընծայաբերումի տոն է նաև»:

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի օրը եկեղեցիներում մատուցվում է Սուրբ պատարագ, որին հաջորդում է խաղողի օրհնությունը: «Իրականության մեջ խաղողօրհնեքը այս տոնի հետ այդքան էլ կապ չունի, չնայած որ մենք կարող ենք խորհուրդ դնել նաև, որ մեր հայրերը այս օրերին սրանք միացրել են իրար հետ, կամ անում ենք այսպես: Ես ասեմ՝ շատ այլ երկրներում, որտեղ պտուղները շատ ավելի շուտ են հասնում, օրինակի համար Եգիպտոսում, որտեղ ես ծառայել եմ, և Կահիրեում խաղողի օրհնությունը կատարվում է ոչ թե այսօր, այլ գրեթե մեկ ամիս առաջ՝ Պայծառակերպության կամ Վարդավառի տոնին, որովհետև այնտեղ պտուղներն ավելի շուտ են հասնում, քանի որ իմաստը առաջին պտուղը օրհնելն է»:

Ըստ քահանայի՝ նախկինում տարբեր պտուղներ էին բերում օրհնելու՝ ցորեն, ծիրան, դեղձ և այլն, հետագայում է, որ ընտրվել է միայն խաղողը՝ իբրև բոլոր պտուղների թագուհի: «Պտուղ, որը տիրոջ կողմից բարձրացվեց, առավել բարձրացվեց, քան մյուսները: Ավետարանի մեջ Տերն իրեն անվանում է խաղողի վազ և քրիստոնյաներին՝ խաղողի ճյուղեր, և ասում է՝ եթե իմ վրա հաստատված չլինեք, ապա կորած եք: Տերը նաև խաղողը պատվեց՝ վերցնելով դրա հյութը որպես իրեն արյուն, և Վերնատան մեջ ասաց՝ վերցրեք սա խմեք, սա արյունն է մեր ուխտի»,- ասել է Տեր Նշան քահանա Պանֆյորովը: Խաղողը, չնայած, ըստ քահանայի «տկար» ծառ է, բայց Տերն ընտրել է նրան և ավելի գնահատել:

Միևնույն ժամանակ, ըստ քահանայի, մենք այսօր ականատես ենք լինում, որ խաղողօրհնեքի ժամանակ խժդժություններ են լինում: «Երբ որ ամեն մեկը փորձում է ինչ-որ բան փախցնել: Նույնիսկ որ մարդիկ տարիներով եկեղեցի չեն մտնում, այդ օրը եկել են խաղող փախցնեն, կներեք, որ այդպես եմ արտահայտվում: Բայց ինչն է խնդիրը, խաղող չպիտի փախցնեին, եթե իրենք ընծա բերեին: Ճիշտ է, որ մեր եկեղեցիների կնքահայրերը, քավորները իրենք առնում են խաղող, որ օրհնվի, բայց այս օրհնության գլխավոր նպատակը՝ որ յուրաքանչյուրը իր ունեցածից բաժին բերի»,- ասել է քահանան:

Տեր Նշանի գնահատմամբ՝ եթե այս գիտակցությունը ունենա հասարակությունը, ապա տոնի ընկալումը ևս այլ կլինի: Իսկ եթե քաղաքացիները չունեն այգի, ապա կարող են գնել թեկուզ մեկ կգ և բերել: «Եթե այս գիտակցությունը լինի, և մենք սպառողից դառնանք նվիրաբերող, հասկանանք նպատակը, ապա այն իրավիճակը չի լինի, որին մենք ականատես ենք լինում ամեն տարի»:

Վերջում Տեր Նշան քահանա Պանֆյորովը նշել է. «Աստված թող պահապան լինի մեր ժողովրդին, շնորհավորում եմ բոլորիս այս սքանչելի տոնի կապակցությամբ: Աստվածամայրը սուրբ անձնավորություն է, Աստված թող խաղաղություն պարգևի մեր երկրին»:

Galatv.am, Փայլակ Ֆահրադյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս