Մեր երկիրը բանկային երկիր է դարձել. Գոհար Ենոքյան
«Շատ ցավալի կլինի, եթե վարկերի տոկոսադրույքները կրկին բարձրանան: Բիզնեսը չի գոյատևել ու առավել ևս չի գոյատևի վարկերի տոկոսադրույքների բարձրացման դեպքում: Վարկային տոկոսները երբեք նորմալ չեն եղել, որ արտադրությունը կարելի լինի զարգացնել, հատկապես թեթև արդյունաբերության մեջ, որ կոպեկների վրա է աշխատում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանը՝ մեկնաբանելով օրերս վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով բարձրացնելու ԿԲ որոշումը, որը կարող է նպաստել բանկերի կողմից վարկային տոկոսադրույքների բարձրացմանը:
Նա նշեց, որ զարգացած երկրներում վարկերի տոկոսադրույքները տարեկան 3-4% են, իսկ քանի որ մեր երկիրը դեռ այդ զարգացած երկրների շարքում չէ, հայ գործարարին ձեռնտու կլինեն մինչև 7%-անոց վարկերը, որ կարողանան արտադրություն զարգացնել: Ըստ նրա՝ սննդի առևտրով զբաղվողներին գուցե շահավետ լինի 10-15%-ն էլ. «Եթե մենաշնորհ է, մեծածախով բերում է, մնացած ժողովրդի հերն անիծելով՝ թելադրում է իր գինը, նման մարդկանց այդ տոկոսը գուցեև ձեռք տա, բայց արտադրության, հատկապես թեթև արդյունաբերության մեջ այդ բարձր տոկոսները չեն արդարացրել իրենց: Ով հրապուրվել ու ժամանակին վարկ վերցրել է, հետո արտադրության կեսը վաճառել է, որ տոկոսները փակի: Մեր երկիրը բանկային երկիր է դարձել: Միայն բանկային աշխատողներն են նորմալ աշխատում ու նաև մի փոքր խավ»: