Հայաստանում ուսման տարեկան վարձը կազմում է միջինը 852 ԱՄՆ դոլար. HSBC-ի հետազոտությունը
Հայաստանում ուսման տարեկան վարձը կազմում է միջինը 852 ԱՄՆ դոլար, իսկ ապրուստի տարեկան ինքնարժեքը՝ ԱՄՆ 3,400 դոլար, նշված է HSBC–ի «Studying Abroad Research» հետազոտության մեջ:
Ինչպես փոխանցում է ԱՌԿԱ-ն, ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կրթություն ստանալու համար աշխարհի ամենաթանկ երկիրը Ավստրալիան է, որտեղ համալսարանների տարեկան ուսման վարձը միջինում կազմում է ԱՄՆ 25,375 դոլար, իսկ ապրուստի տարեկան ինքնարժեքը՝ ԱՄՆ 13,140 դոլար, ընդհանուր ծախսը հասցնելով ԱՄՆ 38,516 դոլարի: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնում են ԱՄՆ-ը (ԱՄՆ 35,705 դոլար) և Մեծ Բրիտանիան (ԱՄՆ 30,325 դոլար):
Սակայն ոչ բոլոր զարգացած երկրներում են ուսման վարձերը բարձր: Գերմանիայում ուսման տարեկան վարձը ԱՄՆ 635 դոլար է, որը ապրուստի տարեկան ինքնարժեքի հետ միասին ընդհանուր տարեկան ծախսը դարձնում է ԱՄՆ 6,285 դոլարի՝ Ավստրալիայում սովորելու ծախսի մեկ վեցերորդը: Ճապոնիայում, որտեղ ուսման տարեկան վարձը ԱՄՆ 6,522 դոլար է, երկրի չափազանց բարձր ապրուստի ինքնարժեքի պատճառով ընդհանուր տարեկան ծախսը հասնում է ԱՄՆ 19,164 դոլարի:
Այսօր արտերկրում բարձրագույն կրթություն ստացող միջազգային ուսանողների թիվը աշխարհում հասնում է 4.5 միլիոնի: 13 երկրներում իրականացված այս ուսումնասիրությունը տեղեկատվություն է տրամադրում այն ընտանիքներին և ծնողներին, ովքեր նպատակ ունեն կամ պատրաստվում են իրենց երեխաների բարձրագույն կրթությունը կազմակերպել արտերկրում: Սա կօգնի նաև հստակ պատկերացում կազմել և պլանավորել ընտանեկան բյուջեն և ծախսերը:
Կրթության պլանավորումը բավական պարզ է և կանխատեսելի, քանի որ տեղի է ունենում որոշակի տարիքում և հստակ ժամկետներում: Միակ փոփոխական տարրը ապրուստի ինքնարժեքն է, որը տատանվում է՝ կախված նրանից թե, որ երկիրն եք ընտրում ձեր երեխայի կրթության համար: Երեխայի կրթության հետ կապված ընդհանուր ծախսերը պլանավորելիս, անհրաժեշտ է հաշվի առնել ոչ միայն ուսման և ապրելու ծախսերը, այլ նաև արտարժույթի փոխանակման, գնաճի և արձակուրդների ժամանակ տուն վերադառնալու ճանապարհային ծախսերը: Միջինում, ապրելու ծախսերը կազմում են ընդհանուր ծախսերի առնվազն մեկ երրորդը: Այսինքն, երեխաների կրթության հետ կապված ծախսերը պետք է կազմեն ընտանիքի ֆինանսական պլանավորման զգալի մասը: