Էրգենեքոնի ու Հայոց ցեղասպանության միջև առկա է ուղիղ կապ. Թաներ Աքչամ
Թուրքական Taraf թերթում հրապարակվել է թուրք պրոֆեսոր Թաներ Աքչամի «Էրգենեքոնը և Հայոց ցեղասպանությունը» խորագրով հոդվածը, որում ասվում է. «Էրգենեքոնի դատավարության ու Հայոց ցեղասպանության միջև առկա է ուղիղ կապ:
Եթե այսօր Հայոց ցեղասպանության մասին կարողանում ենք խոսել բաց և ազատ, ապա դրա կարևոր պատճառներից մեկը Վելի Քյուչուքի ու նրա թիմի կալանավորումն է և Էրգենեքոնի գործով դատավարությունը: Անշուշտ, դրան պետք է հավելել Հրանտ Դինքի սպանությունը և դրա նկատմամբ հասարակության ցուցաբերած վերաբերմունքը:
Ցանկանում եմ հիշեցնել, որ Էրգենեքոնը միայն քաղաքական մի շարք սպանությունների իրականացմամբ հեղաշրջման իրագործման համար հող նախապատրաստող մի ահաբեկչական կազմակերպություն չէ: Այն միաժամանակ քաղաքական շարժում է:
Յուրաքանչյուր կուսակցություն իր ուշադրության կենտրոնում է բևեռում շատ կարևոր մի շարք թեմաներ և իրեն գլխավորապես ձևավորում է դրանց շուրջ, և այդ թեմաներով էլ մուտք է գործում քաղաքականության մեջ: Էրգենեքոնի դեպքում քաղաքական գործունեության կենտրոնում է գտնվել «Հայոց ցեղասպանության մասին անհիմն պնդումների» թեման:
Հենց դրա համար էլ Էրգենեքոնը նախևառաջ պատերազմ սկսեց քրիստոնյաների ու Հրանտ Դինքի դեմ, հենց դրա համար իր խորհրդանիշ ընտրեց Հայոց ցեղասպանության ճարտարապետ Թալեաթ փաշային և տեղահանության ժամանակ գործած սպանությունների համար 1919 թվականի ապրիլին Ստամբուլում կախաղան բարձրացված Բողազլայանի գավառապետ Քեմալին:
Հենց դրա համար Էրգենեքոնն իր համար որպես կարգախոս ընտրեց «Հայոց ցեղասպանությունը միջազգային մի սուտ է», որով թշնամություն էր սերմանում ոչ միայն Թուրքիայում, այլև՝ Եվրոպայում բնակվող հայերի նկատմամբ: Այդ նպատակով ստեղծվեց Թալեաթ փաշա կոմիտեն, որը Հայոց ցեղասպանության վերաբերյալ պնդումների դեմ հանրահավաքներ ու երթեր է կազմակերպել 2005 թվականին Լոզանում, 2006 թվականին՝ Բեռլինում, 2007 թվականին՝ կրկին Լոզանում և Փարիզում:
Թալեաթ փաշա կոմիտեի հիմնադիր անդամների մի զգալի մասը կալանավորվել է Էրգենեքոնի դատավարության շրջանակներում: Հետաքննման ժամանակ ամբաստանյալներին հղված հարցերի թվում կարևոր դեր է խաղացել Թալեաթ փաշա կոմիտեն ու նրա գործունեությունը:
Օրինակ, կալանքի տակ առնված կոմիտեի գլխավոր քարտուղար Ֆերիթ Իլսևերին հղված 49 հարցից 17-ն առնչվել է Թալեաթ փաշա կոմիտեին («Հայոց ցեղասպանության կեղծիքի դեմ պայքարին»): Թալեաթ փաշա կոմիտեի անդամներ Դողու Փերինչեքն ու Ֆերիթ Իլսևերը ստացել են ծանր պատիժներ (այս տարվա օգոստոսի 5-ին Դողու Փերինչեքը դատապարտվել է 117 տարվա ազատազրկման, իսկ Ֆերիթ Իլսևերը՝ 15 տարվա ազատազրկման – 168.am):
Էրգենեքոնի գործի քննման ու Հայոց ցեղասպանության միջև կապի հարցում առկա է ևս մեկ ավելի ուշագրավ անձ: Խոսքը Վելի Քյուչուքի մասին է (օգոստոսի 5-ին բրիգադի պաշտոնաթող գեներալը դատապարտվեց ցմահ ազատազրկման՝ թեպետ մեղադրող կողմը նրա համար պահանջում էր կրկնակի ցմահ և 239-524 տարվա ազատազրկում – 168.am):
Քյուչուքի խոսքերով՝ Էրգենեքոնի դատավարությունը նման է Հայոց ցեղասպանությունն իրագործելու պատճառով 1919 թվականին իրականացված իթթիհատականների դատավարությանը: Ըստ նրա՝ ներկայումս ինքը գտնվում է նույն դրության մեջ, ինչ որ 1915 թվականին գործած հանցանքների համար 1919 թվականի ապրիլին կախաղան բարձրացված Բողազլայանի գավառապետ Քեմալը:
Էրգենեքոնի քաղաքական մեկ այլ կարևոր գործողություններից է եղել Բողազլայանի գավառապետ Քեմալին նվիրված հիշատակի միջոցառումներ կազմակերպելը: Փերինչեքի, Քյուչուքի ու Քերինչսիզի (թուրք փաստաբան Քեմալ Քերինչսիզ, «թուրքական ինքնությունը վիրավորելու» համար ՔՕ 301-րդ հոդվածով դատական հայցեր է ներկայացրել Հրանտ Դինքի, Օրհան Փամուքի, Էլիֆ Շաֆաքի դեմ, այս տարվա օգոստոսի 5-ին դատապարտվեց ցմահ ազատազրկման – 168.am) խմբի կալանավորմամբ վերջ տրվեց այդ միջոցառումներին:
Էրգենեքոն կազմակերպության քաղաքական գործունեության և Հայոց ցեղասպանության միջև կապն իսկապես արժանի է ուշադրության: Ես շարունակվելու եմ զբաղվել այս հարցով»:
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքի սպանության գործով արդարացված Էրհան Թունջելը 2012 թվականի հունիսի սկզբին հայտարարեց, թե Դինքի սպանությունը ծրագրելու համար ոչ վաղ անցյալում ցմահ ազատազրկման դատապարտված Յասին Հայալը կապեր է ունեցել «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպության հետ:
Թունջելն ընդգծել էր, որ 2004 թվականի հոկտեմբերի 24-ին Տրապիզոնում գտնվող McDonald’s-ի ռեստորանի պայթեցումից հետո, երբ Հայալը դատապարտվեց 6 տարի և 8 ամիս ազատազրկման, բանտում նրան տեսակցելու են եկել մի շարք էրգենեքոնականներ, այդ թվում՝ նաև հայտնի պաշտոնաթող գեներալ Վելի Քյուչուքը:
Ըստ Թունջելի՝ հենց այդ էրգենեքոնականներն են Հայալին հուշել Հրանտ Դինքի սպանությունը կազմակերպելու միտքը, իսկ մինչ այդ Հայալը նման մտադրություն չի ունեցել:
Ի դեպ, ժամանակին Վելի Քյուչուքը պահանջ է առաջ քաշել՝ հայցվորի կարգավիճակով 301-րդ հոդվածով Հրանտ Դինքի դեմ ներկայացված հայցերից մեկին մասնակցելու համար: Դինքի եղբայր Օրհան Դինքը հայտարարել էր, որ դրանից հետո բավական աճել է իր ավագ եղբոր ու նրա շրջապատի անհանգստությունը, քանի որ Վելի Քյուչուքը փողոցով անցնող սովորական մարդ չէ, ինչը քաջ հայտնի է բոլորին: